Զարմացրին իրենց աճերով. Տեսեք՝ ինչ է կատարվել

Մեկ տարի առաջ արձանագրված բուռն ու երկնիշ աճերից հետո, անցած տարի Հայաստանի տնտեսության աճի տեմպը բավական ընկել է։ Պաշտոնական վիճակագրության օրերս հրապարակած տվյալներով՝ այն կազմել է շուրջ 8,7 տոկոս, որը 3,9 տոկոսային կետով ավելի ցածր է, քան նախորդ տարի էր։

Դրանով հանդերձ, տնտեսական աճը շարունակել է մնալ բավականաչափ բարձր։ Նույնիսկ ավելի բարձր, քան կանխատեսում էր կառավարությունը։

Բայց որքան էլ տնտեսությունը բարձր աճեր է գրանցում, ինչպես իշխանություններն են սիրում ասել, համաշխարհային մակարդակի աճեր, նման աճերից հետո տնտեսության կառուցվածքը գնալով ավելի է վատանում։

Ներքին տնտեսության մեջ տեղի ունեցող բուն պրոցեսները, որոնք պիտի նպաստեին տնտեսության իրական հատվածի հիմքերի ամրապնդմանն ու կայուն աճի համար պայմանների ստեղծմանը, ավելի են թուլացել։ Բազմաթիվ ճյուղերում արտադրության ծավալների նվազում է տեղի ունեցել։

Կարդացեք նաև

Արձանագրվող բարձր աճերի պայմաններում անգամ, որպես այդպիսին՝  նոր արտադրություններ չեն բացվում, բացվելուց հետո էլ՝ արագ փակվում են կամ դադարեցնում գործունեությունը։

Տնտեսության արտադրական կարողությունները չեն ավելանում, եղածն էլ սեղմվում է ու կրճատվում։

Տնտեսության կառուցվածքն է վատանում, աճի որակն է ընկնում։

Արտաքուստ տնտեսական աճ ունենք, այն էլ՝ բարձր տեմպերով, բայց ներսում առաջընթաց չկա, զարգացում չկա։ Հիմնարար ու առանցքային բազմաթիվ ճյուղերում անկում է։ Որտեղ էլ բարձր աճեր են գրանցվում, ավելացված արժեք գրեթե չի ստեղծվում։ Տնտեսական աճերը դեգրադացված աճեր են, անորակ աճեր են, արդյունք չտվող աճեր են։ Զարմանալի չէ, որ մինչ Հայաստանում «համաշխարհային մակարդակի» բարձր աճեր են գրանցվում՝ գնալով նվազում է տնտեսության արտադրական հատվածի դերը Համախառն ներքին արդյունքի ձևավորման մեջ։

Դա տեսնում ենք առաջին հերթին  գյուղատնտեսության պարագայում։

Վերջին մի քանի տարիների կտրվածքով, գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ մեջ էապես կրճատվել է։ Եթե 2019թ. կազմել էր ՀՆԱ 11,6 տոկոսը, անցած տարի կազմել է ընդամենը 8,4 տոկոսը։

Իրավիճակն անցած տարի կտրուկ վատացել է՝ 2022թ. գյուղատնտեսության կշիռը ՀՆԱ-ում 10,4 տոկոս էր։

Չորս տարվա ընթացքում գյուղատնտեսության մասնաբաժինը 3,2 տոկոսային կետով նվազել է, ինչը սարսափելի վատ ցուցանիշ է՝ իր բոլոր այն տխուր հետևանքներով, որոնք տեսնում ենք պարենային ապրանքների շուկաներում ու պարենային անվտանգության հետ կապված։

Տարիներ շարունակ գյուղատնտեսությունը չի աճում, արտադրության ծավալները նույնիսկ կրճատվում են։ Սրա հետևանք է, որ ՀՆԱ-ում գյուղատնտեսությունը կորցնում է իր դերը, չնայած դրա կարևորությանը՝ ինչպես զուտ տնտեսական, այնպես էլ՝ սոցիալական առումով։

Տնտեսության կառուցվածքի վատացումը, սակայն, միայն գյուղատնտեսությամբ չի սահմանափակվել։

ՀՆԱ-ում նվազել է նաև մշակող արդյունաբերության կշիռը, ինչը վկայում է տնտեսության արտադրական և առանցքային հատվածի կարողությունների թուլացման մասին։

Ժամանակին Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե կատարել է իր խոստումը՝ մշակող արդյունաբերությունը դարձրել է մեր տնտեսության առաջատար ճյուղերից մեկը։

«Մշակող արդյունաբերությունը 2008թ. հետո առաջին անգամ ՀՆԱ կառուցվածքում 12,1 տոկոսով դարձել է տնտեսության առաջատար ճյուղը, հետևաբար՝ այն քաղաքական արձանագրումը, որը ես արել եմ հեղափոխությունից հետո, ամբողջությամբ կատարված է»,- այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է 2019թ. տնտեսական արդյունքների հիման վրա։

Դրանից չորս տարի հետո, տեսնում ենք, թե ինչ վիճակում է հայտնվել մշակող արդյունաբերությունը։

ՀՆԱ-ում տնտեսության այդ կարևոր ճյուղի կշիռը հիմա 1 տոկոսային կետով ավելի ցածր է, քան 2019թ. էր։ Այն ժամանակ կազմում էր 12,1 տոկոսը, անցած տարի կազմել է ընդամենը 11,1 տոկոսը։ Մեկ տարի առաջ 11,7 տոկոս էր։ Միայն անցած տարի 0,6 տոկոսային կետի նվազում կա։

Այսինքն՝ ինչպես կարճաժամկետում, այնպես էլ՝ միջին ժամկետում կամ չորս տարվա կտրվածքով, բարելավվելու փոխարեն, վատացել է։ Մշակող արդյունաբերությունը մի բան էլ կորցրել է կշիռը ՀՆԱ ձևավորման մեջ։

Սա է այն հաջողությունը, որի մասին, ինչպես շատ ու շատ այլ դեպքերի համար, ժամանակին հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։ Դրանից տարիներ անց երևում են իրական արդյունքներն ու այն, թե ինչքան կեղծիք ու սուտ կար թաքնված նման բարձրագոչ ու դատարկ հայտարարությունների տակ։

Իրականությունն այն է, որ իշխանությունների վարած քաղաքականությունը բերել է նրան, որ տնտեսության առանցքային ոլորտներն ու ճյուղերը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրությունները կորցրել են իրենց դերը տնտեսության կառուցվածքում, իսկ ավելացված արժեք գրեթե չստեղծողները՝ դարձել են առաջատար։

Դրա վառ օրինակն առևտուրն է։

Այն, ինչ ժամանակին Նիկոլ Փաշինյանն ասում էր մշակող արդյունաբերության մասին՝ որպես տնտեսության առաջատար ճյուղ, հիմա առևտուրն է։

Առևտուրը դարձել է մեր տնտեսության առաջատար ճյուղը։ Անցած տարի այն կազմել է ՀՆԱ 12,7 տոկոսը։ Մեկ տարի առաջ 11,8 տոկոս էր։ Որպեսզի տպավորություն չստացվի, որ փոփոխությունը միայն կարճաժամկետ է, նշենք, որ չորս տարվա կտրվածքով առևտրի բաժինը ՀՆԱ-ում ավելացել է 1,3 տոկոսային կետով։ 2019թ. այն կազմել էր 11,4 տոկոս, հիմա 12,7 տոկոս է։

Առևտուրը դարձրել են մեր տնտեսության առաջատար ճյուղը։ Դա երևում է նաև տնտեսության աճի կառուցվածքում։ Արձանագրվող աճերը, որոնցով այդքան հպարտանում են իշխանությունները, ապահովել են հիմնականում ցածր արդյունք ստեղծող ճյուղերը։ Դրանց հաշվին բարձր աճեր են գրանցվում, իսկ հավելյալ արժեք գրեթե չի ստեղծվում։

Պատկերացրեք, որ անցած տարի արձանագրված 8,7 տոկոս տնտեսական աճի մեջ առևտրի և ծառայությունների նպաստումը եղել է 6,7 տոկոսային կետով։

Այլ կերպ՝ աճի 77 տոկոսն ապահովել է առևտուրն ու ծառայությունները։

Մնացած 2 տոկոսային կետը բաժին է ընկել տնտեսության մյուս բոլոր ճյուղերին։ Եվ դրա մեջ գյուղատնտեսության ու արդյունաբերության դերը գրեթե զրոյական է. արդյունաբերության նպաստումը 8,7 տոկոս տնտեսական աճին կազմել է ընդամենը 0,32, իսկ գյուղատնտեսությանը՝ 0,02 տոկոսային կետ։

Արդյունաբերության այդ չնչին նպաստումն էլ, որ կա, եղել է բացառապես անցած տարվա վերջին երկու ամիսներին ոսկեգործության մեջ իրականացված աճպարարությունների արդյունք, երբ դրսից մեծ քանակությամբ ոսկերչական ապրանքներ ներմուծեցին ու տեղականի անվան տակ արտահանեցին՝ արտադրության ծավալների տասնյակ անգամներով արհեստական աճեր ստանալով։

Սա է մեր տնտեսության ու աճի կառուցվածքը, ինչը շատ ավելի մտահոգությունների տեղիք է տալիս՝ անկախ նրանից, թե ինչ կասեն իշխանությունները։ Տնտեսության կառուցվածքը շարունակում է վատանալ, իսկ աճը՝ մեծապես կախված լինել առևտրից ու ծառայություններից, որոնք կապված են գերազանցապես արտաքին հայտնի գործոնների հետ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս