Տհաճ անակնկալ է սպասվում. Շատերը կփակվեն

Կառավարությունը երկար ժամանակ տարբերակներ է փնտրում, որպեսզի ավելացնի փոքր բիզնեսի հարկային բեռը։ Դրա համար տարատեսակ, ընդհուպ՝ զավեշտի հասնող  պատճառաբանություններ են բերում։ Բայց իրական նպատակը մեկն է՝ ավելի շատ հարկ գանձել փոքր բիզնեսից։

Խնդիրն իշխանության համար առավել ակտուալ է դարձել հատկապես վերջին շրջանում, երբ տնտեսության մեջ զարգացումներ չլինելու պատճառով՝ բյուջեի եկամուտները բախվել են կատարման լուրջ դժվարությունների հետ։

Դատելով տնտեսության վիճակից, առաջիկայում այս խնդիրն ավելի է սրվելու։

Արտաքին գործոնները, որոնք վերջին տարիներին բավական մեծ եկամուտներ են ապահովում պետական բյուջեի համար, այլևս փրկություն չեն։ Առավել ևս՝ դրանք հավերժական չեն, ցանկացած պահի կարող են կտրվել՝ բացահայտելով  կառավարության տնտեսական ու հարկաբյուջետային քաղաքականության ողջ սնանկությունը։ Մինչ այդ  փորձում են ապահովագրել իրենց. համատարած հարկային բեռն են ծանրացնում, տույժերն ու տուգանքներն են ավելացնում։ Ընկել են փոքր բիզնեսի հետևից։

Կարդացեք նաև

Ժամանակին ոսկե սարեր էին խոստանում, արտոնյալ պայմաններ, հիմա դրած խեղդում են։

Որոշել են կրկնապատկել շրջանառության հարկի բեռը, գործունեության բազմաթիվ ոլորտներ հանել միկրոձեռնարկատիրության դաշտից ու մտցնել շրջհարկի կամ ԱԱՀ-ի դաշտ։

Տնտեսական ու սոցիալական հետևանքների մասին չեն էլ մտածում։ Ծիծաղելի մեկնաբանություններ ու հիմնավորումներ են բերում։ Իբր շրջանա­ռու­թյան հարկը հարկման ընդհանուր համակարգին այլընտրան­քային համա­կարգ լինելու փոխարեն՝ վերածվել է հարկման արտոնյալ համա­կարգի։

«Համեմատվել են երկու համակարգերում հարկային բեռը և պարզվել է, որ գրեթե բոլոր ոլորտներում հարկման ընդհանուր համակարգում հարկային բեռն անհամեմատ ավելի բարձր է, քան շրջանառության հարկի բեռն է»,- ասում է ֆինանսների նախարարը։

Կարծես բացահայտում է արել. Շրջանառության հարկը ժամանակին հենց դրա համար էլ ներդրվել է։

Ներդրվել է փոքր բիզնեսին պաշտպանելու, գործելու ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու, ավելի մեղմ հարկային դաշտ ապահովելու համար։

Հակառակ պարագայում՝ ո՞ւմ էր պետք շրջանառության հարկը, եթե պիտի հարկային բեռը լիներ այնպիսին, ինչպիսին ընդհանուր հարկման համակարգում է։

Ի՞նչ մի տարօրինակ բան կա նրանում, որ հարկման ընդհանուր համակարգում հարկային բեռն անհամեմատ ավելի բարձր է, քան շրջանառության հարկի դեպքում է։

Էլ ինչո՞վ պիտի շրջանառության հարկը խթաներ փոքր բիզնեսը, եթե այդպես չլիներ։

«Մենք ստեղծել ենք համակարգ, որն աճելու մոտիվացիա չի տալիս, հակառակը՝ չաճելու և ստվերային տնտեսությունը զարգացնելու մոտիվացիա է տալիս»,- շրջանառության հարկից հրաժարվելու անհրաժեշտությունն այսպես է հիմնավորում ժամանակին փոքր բիզնեսի «անխոնջ պաշտպան» Նիկոլ Փաշինյանը։ Ասում է՝ ընդհանրապես պետք է հրաժարվենք այդ հարկից։

Սա նման է նրան, որ հիվանդի գլխացավը բուժելու փոխարեն՝ գլուխը կտրես։

Հիմա պատկերացրեք, թե փոքր խանութը նույն հարկային դաշտում ինչպես պետք է մրցակցի սուպերմարկետի հետ։ Շրջհարկի արտոնյալ ու ցածր բեռի պայմաններում չի կարողանում դիմանալ, ուր մնաց թե՝ նույն հարկային դաշտում կարողանա մրցակցել խոշոր խանութների հետ։ Պարզ չէ՞, որ կփակվի։

Եվ սա միայն առևտրին չի վերաբերում, նաև արտադրությանը, մյուս ոլորտներին։

Եթե կա խնդիր, ապա պետք է մտածել այն լուծելու և ոչ թե՝ համակարգն ընդհանրապես վերացնելու մասին։

Բայց քանի որ այս իշխանությունները նման կարողություններ չունեն, միշտ էլ փորձում են գտնել ամենահեշտ տարբերակը՝ «կտրել հիվանդի գլուխը»։

«Դրա համար ոչ թե շրջանառության հարկը պետք է վերացնել, այլ խոշոր բիզնեսը ևս, մինչև այդ հարկի համար նախատեսված շեմը, հարկել՝ ինչպես փոքր բիզնեսը»,- պարզ լուծում է առաջարկում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Այն, որ այս փուլում կառավարությունը որոշել է կրկնապատկել շրջանառության հարկի դաշտում գործող ընկերությունների հարկային բեռը, վկայում է, որ նպատակը բոլորովին էլ հարկային համակարգի «դեֆորմացումը» կանխելը կամ բիզնեսի աճի համար պայմաններ ստեղծելը չէ։

Նպատակը փոքր բիզնեսից ավելի շատ հարկ հավաքելն է։

Շրջանառության հարկի բեռը կրկնապատկելով՝ կառավարությունն ակնկալում է գրեթե 18 մլրդ դրամի լրացուցիչ մուտք։ Այդ գումարը պիտի վճարի փոքր բիզնեսը, որի համար հարկային բեռը կրկնակի կբարձրանա։

Առևտրի դեպքում 5 տոկոսը կդառնա 10 տոկոս, արտադրական գործունեության դեպքում՝ 3,5 տոկոսը՝ 7 տոկոս։ Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտները կհարկվեն 12 տոկոսով։

Կկրճատվի հարկման այլընտրանքային համակարգերի շրջանակը։ Մասնավորապես՝ նույն հարկային դաշտում կհայտնվեն վիճակախաղերի կազմակերպումն ու փաստաբանական, ինչպես նաև՝ նոտարական գործունեության տեսակները։ Դրանք չեն կարողանա աշխատել շրջանառության հարկի համակարգում՝ անգամ հարկային բեռը կրկնակի դարձնելուց հետո։

Միկրոձեռնարկատիրության համակարգում չեն կարողանալու գործել՝  մարզերում առևտրական գործունեությունը, վարսավիրական, մարմնի խնամքի ծառայությունների մատուցումը, սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպման գործունեությունը, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայությունների մատուցումը, միջնորդական գործունեությունը, որոնց թվում են՝ անշարժ գույքի առք ու վաճառքի, վարձակալության կամ անհատույց օգտագործման տրամադրումը, ծրագրային ապահովման մշակման գործունեությունը, փորձաքննական ծառայությունների մատուցումը և շինարարական աշխատանքների կատարումը, ճարտարապետական նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքների, անշարժ գույքի գնահատման և չափագրման գործունեության իրականացումը։

Միկրոձեռնարկատիրության փոխարեն՝ տնտեսական գործունեության այս տեսակները հարկադրված կլինեն տեղափոխվել շրջանառության հարկի կամ ԱԱՀ համակարգ և կրել շատ ավելի ծանր հարկային բեռ։

Որ դրա հետևանքով բազմաթիվ տնտեսվարողներ կկանգնեն գործունեությունը շարունակելու անհնարինության առաջ՝ կառավարությանը կարծես չի էլ հուզում։

Շրջանառության հարկի կրկնակի բարձրացումը լուրջ խնդիր է դառնալու այս դաշտում գործող փոքր բիզնեսի համար։ Առանց այդ էլ, շատերը հազիվ են կարողանում գոյատևել։ Դա է պատճառը, որ փոքր բիզնեսը գնալով սեղմվում է, իսկ խոշորները, դրանց հաշվին, ընդլայնվում են։

Շրջանառության հարկը կրկնապատկելով, կառավարությունը մեծացնում է ճնշումը՝ արագացնելով փոքր բիզնեսի «մահը»։ Այն բիզնեսի, որը շատ դեպքերում զուտ սոցիալական խնդիր է լուծում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս