Բեռլինի երկօրյա բանակցությունները ոչնչի չհանգեցրին․ հայ-ադրբեջանական տարաձայնությունները համաձայնագրի տեքստի շուրջ պահպանվում են

Նախօրեին Բեռլինում ավարտվեցին հայ-ադրբեջանական երկօրյա բանակցությունները, ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, 2024թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։

«Նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ։

Այցի ընթացքում նախարարները հանդիպում են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ եռակողմ ձևաչափով։ Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել Գերմանիային Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Այս բանակցություններից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները մեկնել են Անթալիա, որտեղ նախատեսվում է նրանց մասնակցությունն Անթալիայի Դիվանագիտական թվով երրորդ ֆորումին, որի ընթացքում Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն ասաց, որ առաջիկայում ՀՀ-ից ակնկալում են պարզաբանումներ մի շարք բաց հարցերի՝ ՀՀ սահմանադրության և իրավական մի շարք հարցերի վերաբերյալ։ Նա նաև նշեց, որ տարածաշրջանում խաղաղությունը Բաքվի և Երևանի միջև է, այլ ոչ թե Փարիզում, Բրյուսելում կամ այլ տեղ։

Կարդացեք նաև

«Երկու երկրները պետք է միավորվեն և առաջ տանեն խաղաղության օրակարգը»,- նշեց Հաջիևը՝ ըստ էության նշելով, որ Բաքվի համար անընդունելի է Փարիզում և Բրյուսելում համաձայնագրի ստորագրումը։ Ալիևի օգնականը նաև նշեց, որ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի, պատերազմն ավարտված է, Բաքվի օրակարգում խաղաղությունն ու տարածաշրջանային համագործակցությունն է, սակայն Բաքուն ակնկալում է պարզաբանումներ մի շարք հարցերի շուրջ։ Իր հերթին էլ, նույն քննարկմանը մասնակցող Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ մինչ այս պահը չի հաջողվել բանակցությունների օրակարգ մտցնել հիմնարար սկզբունքները։ Նա նաև ասաց, որ ՀՀ իշխանությունները համապատասխան կամք, բավարար ջանքեր չեն տեսնում Ադրբեջանի կողմից։

Բեռլինյան բանակցություններից հետո Ռուբինյան-Հաջիև այս փոխադարձ կսմիթները բանակցային անհամաձայնությունների շուրջ, բնականաբար, պատահական չէին։ Եվ ըստ էության, թե հայկական, թե ադրբեջանական կողմերը շարունակում են պնդել, որ կան բաց, չպարզաբանված հարցեր թե Ադրբեջանի, թե Հայաստանի համար։

168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ բանակցությունների վայրն ամենևին էլ առանցքային հանգամանք չէ։

Նրա կարծիքով, առանցքայինը կողմերի միջև ընթացող բարդ դիմակայությունն է, որն ունի աշխարհաքաղաքական բավականին լուրջ բաղադրիչ, քանի որ ՀՀ-ն աշխարհաքաղաքական շրջադարձի փորձ է ցուցադրում։

Մաքֆարլեյնի խոսքով, այս հարցի ուղղությամբ աշխարհաքաղաքական խաղադրույքները բավականին լուրջ են, ուստի ՀՀ-ն անընդհատ փորձում է արևմտյան տարբեր մայրաքաղաքներ տեղափոխել բանակցությունները, իսկ Բաքուն անընդհատ փորձում է դրանք հերթով բացառել, թեև չի կարողանում նաև բացահայտ ու տևական մերժել Արևմուտքին։

«Սակայն Բաքվի հայտարարությունները ցույց են տալիս, որ Արևմուտքն այստեղ դերակատարություն չի կարող ունենալ, ուստի երկու կողմերն էլ, կարծում եմ, փորձում են ժամանակ շահել, քանի որ խաղաղության համաձայնագիր բանակցելու ներկայիս ձևաչափը ձեռնտու չէ ո՛չ Երևանին, ո՛չ Բաքվին»,- նկատեց նա։

Վերլուծաբանն ասաց, որ Բաքուն ակնկալում է բանակցել Երևանի հետ առանձին, որպեսզի մնացած ամենաբարդ հարցերը քննարկվեն, ամենայն հավանականությամբ, առանց երրորդ կողմերի։

«Բանակցություններից քիչ մանրամասներ են դրվում շրջանառության մեջ, սակայն այն, ինչ հայտնի է, թույլ է տալիս ենթադրել, որ կա տեքստ, որի վերաբերյալ երկու կողմն էլ ունեն լուրջ առարկություններ ու վերջին կես տարուց ավելի ժամանակահատվածում ոչ մի կերպ չեն կարողանում այդ հարցերի շուրջ փոխհամաձայնություն ձեռք բերել։ Կարծում եմ, սա է իրավիճակը։ Հարցերից մեկի՝ դեպի Նախիջևան Ադրբեջանի պահանջած ճանապարհի կարգավիճակի վերաբերյալ և Երևանը, և Բաքուն ունեն կարծր դիրքորոշումներ։

Կան նաև այլ մի քանի հարցեր այս փուլում, որոնց շուրջ չի հաջողվում հասնել համաձայնության։ Կարծում եմ՝ դեռ չկան նախապայմաններ դրական բեկում ակնկալելու համար»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս