«Բրյուսելում Միշելի մասնակցությամբ գործընթացը գուցե վերականգնվի, սակայն բեկում չի լինի»․ ի՞նչ է սպասվում կիրակի Բրյուսելում

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը բանակցություններ կանցկացնեն մայիսի 14-ին Բրյուսելում։ Այս մասին գրել է Financial Times-ը` վկայակոչելով նախապատրաստական աշխատանքների մասին տեղյակ երեք պաշտոնյաների տեղեկատվությունը։

«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Բրյուսելում այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության բանակցությունները, ըստ պաշտոնյաների, քանի որ արևմտյան դաշնակիցներն ակտիվացնում են միջնորդական ջանքերը։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի օրը կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Փետրվարին Մյունխենում կայացած բանակցություններից ի վեր, սա կլինի առաջին անգամը, երբ երկու առաջնորդներն անձամբ կհանդիպեն։ Սրան նախորդել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների լայնածավալ քննարկումները Վաշինգտոնում: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ այդ բանակցությունները «շոշափելի առաջընթաց են գրանցել երկարատև խաղաղության համաձայնագրի շուրջ», և, որ ինքը կարծում է, որ «համաձայնությունը տեսանելի է, հասանելի»,- գրում է աղբյուրը։

Նախորդ շաբաթ Առլինգթոնում կայացավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնած բանակցային քառօրյա սերիան Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, որից ամերիկյան կողմի ակնկալիքներն ավելին էին, քան եղավ արդյունքը։

Կարդացեք նաև

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել էր, որ երկկողմ և եռակողմ քննարկումների ինտենսիվ և կառուցողական շարքից հետո կողմերը զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում։

«Երկուսն էլ անկեղծ հանձնառություն դրսևորեցին հարաբերությունների կարգավորման և երկու երկրների միջև երկարատև հակամարտությունը դադարեցնելու հարցում»,- ասել է Բլինքենը՝ հավելելով, որ առաջարկել է նախարարներին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ՝ իրենց կառավարությունների հետ կիսելու այն հեռանկարը, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում համաձայնությունը հասանելի է:

Իսկ կողմերն այս բանակցությունների արդյունքներով տարածված հայտարարությունում ամրագրել էին, որ համաձայնագրի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց, մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ դիրքորոշումները մնում են տարամետ։ Սակայն, ըստ մի շարք տեղեկությունների, որոնք մամուլում տարածվեցին տարբեր աղբյուրներում, ամերիկյան կողմը ճնշումներ էր փորձում բանեցնել հենց Վաշինգտոնում քննարկվող համաձայնագիրը վերջնական համաձայնեցնելու նպատակով։

Ըստ Պետքարտուղարության ծրագրի, տարամետ դիրքորոշումներ պետք է որ չմնային, որից հետո անմիջապես պետք է Բրյուսելում կազմակերպվեր բարձրաստիճան հանդիպում՝ գուցե համաձայնագրի նախաստորագրման կամ ստորագրման նպատակով։

Դատելով վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներից՝ Արևմուտքի նախաձեռնած գործընթացն այնուամենայնիվ ձգձգվում է։

168am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ՝ դատելով հանդիպումների ինտենսիվությունից, ձևաչափից, Արևմուտքը լուրջ ռեսուրսներ է սկսել հատկացնել այս փուլում ԼՂ հակամարտության և հայ-ադրբեջանական հակամարտությունների կարգավորմանը՝ նպատակ ունենալով հնարավորինս սեղմ ժամկետներում հասնել արդյունքի։

Ըստ նրա, ակնհայտորեն Պետքարտուղարության մյուս նպատակն էր նաև բրյուսելյան հարթակի նկատմամբ վստահության վերականգնումը։

«Այս դեպքում Պետքարտուղարությունը գործընթացն առաջ մղողի դերում է, սակայն դիտարկումն այն է, որ այս գործընթացը սկսվել է 2021 թվականի վերջին Բրյուսելում կրկին ԱՄՆ աջակցությամբ և կարող է ավարտվել կրկին Բրյուսելում»,- ասաց նա։

Վերլուծաբանի կարծիքով, սպասվող հանդիպումը Բրյուսելում ամփոփելու է վաշինգտոնյան հանդիպման արդյունքները, տալու է հնարավորություն քննարկել նախկին բոլոր պայմանավորվածությունների իրականացումը։

«Բրյուսելում Շառլ Միշելի մասնակցությամբ գործընթացը գուցե վերականգնվի, եթե այլ ակնակնկալներ չլինեն, սակայն բեկում մոտ ապագայում չեմ ակնկալում։ Վերջին համատեղ հայտարարությունում ասվում է, որ կան տարաձայնություններ, դա մեկ հանդիպմամբ և մի քանի օրվա ընթացքում չի կարող կարգավորվել, որքան էլ Արևմուտքը ցանկանա»,- ասաց փորձագետը։

Անդրադառնալով ՌԴ գործոնին այս գործընթացում, նա նշեց, որ Ռուսաստանը, բնականաբար, մշտապես փորձելու է տապալել Արևմուտքի այս ջանքերը, վիժեցնել գործընթացը և հանդես գալ իր առաջարկով, որի վերջնանպատակը ռեգիոնում իր ներկայության երկարաձգումն ու պահպանումն է։

«Իհարկե, վերջին շրջանում ստեղծված իրավիճակի պատճառով ՌԴ այդ ջանքերն իրենց արդյունքը քիչ են տալիս, սակայն այդ գործոնն անտեսել չի կարելի, և ամեն պահի այն կարող է իրավիճակ փոխել, և կարծում եմ՝ այցը Մոսկվա պատահական չէ, և միանշանակ է, որ Մոսկվայում այս թեմայով քննարկումներ ծավալվելու են։ Այնուամենայնիվ ամփոփելով՝ կասեմ, որ գործընթացը բարդ է ընթանում և կողմերի, և միջնորդների հարաբերություններում առկա խնդիրների պատճառով։ Ուստի առաջիկա բարձրաստիճան հանդիպումը Բրյուսելում բավականին երկար դադարից հետո, քանի որ Բրյուսելում նման ձևաչափով հանդիպում տեղի էր ունեցել անցյալ տարի, թարմացնելու է Բրյուսելի դերը, սակայն ինչպիսի՞ արդյունքներով, որևէ մեկը չի կարող ասել։

Մյունխենում Բլինքենի միջնորդությամբ բարձրաստիճան հանդիպումից հետո ևս սպասվում էր Բրյուսելում հանդիպում, սակայն չկայացավ, քանի որ կողմերը, ըստ էության, խնդիրներ են տեսնում բրյուսելյան հարթակի մեջ և ԱՄՆ ջանքերի շնորհիվ են մեկնում Բրյուսել»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս