Տարին սկսվել է անբարենպաստ զարգացումներով, հայտարարություններով, պետք է հուսալ, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս չի գա․ եվրոպացի վերլուծաբան

«Գլոբալ անվտանգային իրավիճակն օրեցօր նոր մարտահրավերների առջև է կանգնում՝ իրավիճակը լարվում է ողջ աշխարհում»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական իրավիճակին, հնարավոր զարգացումներին Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, բանակցային գործընթացում։

Նա նշեց, որ հասկանալու համար հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի հեռանկարները, Հարավային Կովկասում սպասվող զարգացումները, պետք է դիտարկել աշխարհաքաղաքական ավելի լայն պատկեր, որքան էլ Հարավային Կովկասը, ըստ փորձագետների, իր առանձնահատկություններն ունեցող ռեգիոն է, ինչպես գրեթե բոլոր ռեգիոնները։

«Սակայն պարզ օրինակով կարելի է հասկանալ, որ աշխարհում հակամարտությունները շատանում են ու խորանում։ 2022, 2023 թվականներին մենք գործ ունեինք գլոբալ նշանակության մեկ պատերազմի ու ՌԴ-Արևմուտք թերևս ամենալրջագույն առճակատումներից մեկի հետ, իսկ 2023 թվականի գրեթե կեսից ունենք ևս մեկ լրջագույն իրավիճակ Մերձավոր Արևելքում, այս տարեսկզբին արդեն կան Մերձավոր Արևելքի այլ ուղղություններով լարվածություններ, Թայվանի նկատմամբ մեծ ուշադրություն կա։

Տեսնում ենք ոչ թե հակամարտությունների լուծում, վերացում, այլ աննախադեպ աճ, լարվածության աճ, հակամարտությունները շղթայաբար շարունակվում են, և չգիտենք՝ մեկ ամիս հետո կամ տարեվերջին ինչ զարգացումների ականատես կդառնանք, քանի որ այդ զարգացումները ոչ միայն լարված են, այլև արագ ու անկանխատեսելի։ Սա այն միջավայրն է, որում բանակցվում է խաղաղության պայմանագիր երկրների միջև, որոնք տասնամյակներ շարունակ ունեցել են բազմաթիվ չլուծված հարցեր, որոնց մի մասը, ըստ ադրբեջանական կողմի, լուծվել են, դեռ հայտնի չէ, թե դրանց ՀՀ-ն ժամանակի ընթացքում ինչպես կարձագանքի, իսկ հարցերի մյուս մասը չի լուծվել, տարաձայնությունները խորն են, միջնորդներն էլ՝ զգուշավոր։ Շատ բարդ են կարգավորման հեռանկարները, թեև հույսեր կարծես ունեն բոլորը»,- ասաց վերլուծաբանը։

Կարդացեք նաև

Նա արձանագրեց, որ ներկայիս աշխարհում չկա վերահսկողություն, աշխարհաքաղաքական կենտրոնները, հիմնական խաղացողները ոչ միայն տարաձայնություններ ունեն, աշխարհի մասին տարբեր տեսլականներ, այլև գտնվում են պատերազմի մեջ, սա թուլացնում, եթե ոչ՝ ընդհանրապես վերացնում է զիջումներ-փոխզիջումներ ցանկությունը հակամարտող կողմերի մոտ։

«Այս գլոբալ միտումը լավագույնս արտացոլվում է Հարավային Կովկասում։ Քանի դեռ չի ձևավորվել գլոբալ հավասարակշռություն, ինչպես էլ որ դա անվանեն՝ նոր աշխարհակարգ, նոր համաձայնություններ, մեխանիզմներ, բալանս, բովանդակությունը նույնն է, որ ներկայումս վերահսկողության մեխանիզմներ չկան, մեզ հայտնի բանակցային հարթակները չկան, հիմնական խաղացողներն իրենց հստակ շահերով՝ չկան։ Այս իրավիճակում չափազանց բարդ է պատկերացնել, որ հակամարտող կողմերը կկարողանան մոտենալ խաղաղությանը, կնքել խաղաղության համաձայնագիր։ Տեսնում ենք, որ տարին սկսվել է անբարենպաստ զարգացումներով, հայտարարություններով, հուսանք, որ իրավիճակը դուրս չի գա վերահսկողությունից»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս