Զանգվածային հացադուլներն ու «изгой» հիմնարկը. ինչո՞ւ չեն հանդարտվում կրքերը «Վանաձոր» ՔԿՀ-ում

Քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ) փետրվարի 16-ին պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ այն մասին, որ փետրվարի 9-ին իրականացված խուզարկությունների հետևանքով հացադուլ հայտարարած ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) բոլոր ազատազրկված անձինք դադարեցրել են հացադուլը, բայց փետրվարի 27-ին վերջիններս կրկին հայտարարեցին հացադուլ, և ըստ Hetq.am հրապարակման` 53 անձ, ավելին, քան փետրվարի 9-ին։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ծառայողները, ունենալով տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի խցերում պահվում են արգելված իրեր, ինչպես նաև որոշ ազատազրկված անձինք ձեռք են բերել առավելություններ այլ ազատազրկվածների նկատմամբ, Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների հետ համատեղ խուզարկել են հիմնարկի խցերը։

Իսկ թե ինչպես են իրականացվել խուզարկությունները, ինչ միջոցներով, գաղտնիք է։ Շարունակելով՝ ՔԿԾ-ից հայտնում են նաև, որ ծառայողները խցերից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ, ինքնաշեն ոգելից խմիչք և ներքին կանոնակարգով արգելված այլ իրեր։  «Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող, քրեական ենթամշակույթի կանոններով առաջնորդվող ազատազրկված անձինք նույն օրը՝ փետրվարի 9-ին, տեղափոխվել են այլ քրեակատարողական հիմնարկ, և հաջակցություն վերջիններիս՝ որոշ կալանավորված անձինք և դատապարտյալներ հայտարարել էին հացադուլ։ Այսքանով ավարտվում է պաշտոնական հաղորդագրությունը, իսկ ավելի վաղ տարածված հաղորդագրությունը «Վանաձոր» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների մասին հրապարակել էին արգելված իրերի լուսանկարներով։

Կարդացեք նաև

Այս իրերը ՔԿԾ-ում համարվել էին արգելված, բայց չէին բացատրել՝ դրանք ի՞նչ ճանապարհով էին հայտնվել խցերում՝ ներնետմա՞ն, թե՞ ինչ-որ հրաշքով, որովհետև չի կարող կահույքը հայտնվել քրեակատարողական հիմնարկում, ու այդ մասին ՔԿԾ-ում չիմանան: Իսկ ՔԿԾ գործող ղեկավարը, նկատենք, ՔԿԾ պետի առաջին տեղակալն էր մինչև իր նշանակումը: Ուրեմն ինչպե՞ս է ստացվում, որ պայմանական 2 ամիս առաջ դրանք արգելված չէին, հիմա հանկարծ դարձան արգելված:

Ի դեպ, «Սևան» ՔԿՀ-ից նույնպես «կացարաններից և բնակելի գոտու այլ հատվածներից դուրս են բերվել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող տարբեր տեսակի կահույք և էլեկտրատեխնիկա»: Բա ինչո՞ւ «Սևան» ՔԿՀ-ում զանգվածային հացադուլներ չեն գրանցվել:

   

Ինչևէ, ՔԿԾ պետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն  արգելված իրերի ներթափանցման ուղիները պարզելու համար։ Հետաքրքիր է, թե ինչ կպարզվի, և հուսով ենք՝ դրա մասին ևս պաշտոնական հաղորդագրություն կտարածվի:

Մի բան ակնհայտ է. գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, այն է թե՝ հիմնարկի պետերին հիմնարկից հիմնարկ տեղափոխելով՝ ոչինչ չի փոխվում, և եթե ՔԿԾ-ում, այնուամենայնիվ, ծառայողական քննությամբ չկարողանան պարզել արգելված իրերի ներթափանցման ուղիները, մենք կկարողանանք օգնել: ՔԿԾ ղեկավարությանն այս պահին սոսկ հիշեցնենք՝ մի հիմնարկի պետի, ում օրոք արգելված իրեր են մտնում ՔԿՀ, իմաստ ունի՞ տեղափոխել այլ հիմնարկ՝  ղեկավարելու։

«Իրականում պահանջներն անօրինական են՝ բաց պահել սննդի փոխանցման դռնակը, ապահովել խցից խուց միմյանց իրեր փոխանցելը, քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով արգելված քաղաքացիական հագուստ կրելը»,- ի պատասխան Hetq.am-ի հարցման՝ ինչո՞ւ են հացադուլ հայտարարել 53 ազատազրկված անձինք, պատասխանել էին ՔԿԾ լրատվական ծառայությունից։ Ասել՝ ծիծաղելի հիմնավորում է, նշանակում է՝ ոչինչ չասել։

Հետաքրքիր է, պարզաբանման հեղինակները քրեակատարողական հիմնարկներում կհիշե՞ն դեպք, երբ, ասենք, կերակրադռնակի փակ լինելու պատճառով կամ, ասենք, խցից խուց ապրանք փոխանցելը արգելելու համար 50-ից ավելի անձ հայտարարի հացադուլ։

Որևէ մեկի համար գաղտնիք չէ՝ միմյանց փոխանցումները ՔԿՀ-ներում անում են գաղտնի, կամ աշխատողների միջոցով։ Այնպես որ, հաստատ սա պատճառ չի կարող հանդիսանալ հացադուլի համար։

Կամ ի՞նչ է նշանակում՝ «ազատազրկված անձինք ցանկանում են քաղաքացիական հագուստ կրել»։ Եթե առաջնորդվեն դրանով, ապա բոլոր քրեակատարողական հիմնարկներում միասին վերցրած՝ առնվազն 53 չէ, այլ 530 անձ պետք է հացադուլ հայտարարեր։ Կարելի էր ավելի հետաքրքիր բան մտածել, իսկ պարզաբանման հեղինակներին խորհուրդ ենք տալիս ուշադիր նայել ՔԿԾ պաշտոնական էջում տեղադրված լուսանկարներին, և կնկատեն, որ տարբեր հիմնարկներում, առավել ևս՝ «Արմավիր» ՔԿՀ-ում, ինչ հագուստ ուզում, այն էլ կրում են ազատազրկված անձինք, ու հատկապես՝ պաշտոնատար անձանց ներկայությամբ։ Իհարկե, նկատի չունենք  բեմական հագուստները կամ մարզական միջոցառումները։

«Արմավիր» ՔԿՀ-ում, օրինակ, ըստ 168.am-ի տեղեկությունների, կերակրադռնակներն այսօր փակ են. հետաքրքիր է, ինչո՞ւ այնտեղ հացադուլ չեն հայտարարում, թե՞ «Արմավիր» ՔԿՀ-ի պետը կարողանում է ինչ-ինչ ճանապարհներով կանխել հացադուլները, չնայած այնտեղ նույնպես իրավիճակն այդքան էլ հանգիստ և խաղաղ չէ։

Այսինքն՝ մյուս հիմնարկներում կարելի է տանից բերած անկողնային պարագաներ ունենալ, «Վանաձորում»` ո՞չ։ Ուզում եք ասել, որ մյուս ՔԿՀ-ներ ոչ մի արգելված իր չի՞ մտնում, նույնիսկ կահո՞ւյք: Համոզվա՞ծ եք, որ մյուս ՔԿՀ-ներում ամեն ինչ օրենքի տառին համապատասխան է, թե՞ «Վանաձորն» «изгой» է, և ինչ կարելի է մյուս հիմնարկներին, չի կարելի նրան:

Ինչ վերաբերում է «Վանաձոր» ՔԿՀ պետի ժ/պ Արկադի Թադևոսյանին, նա «Վանաձոր» ՔԿՀ է տեղափոխվել «Վարդաշեն» ՔԿՀ պետի տեղակալի պաշտոնից: Ըստ ՔԿԾ հավաստի աղբյուրի՝ վերջինս ինքնահաստատման ճանապարհին է, փորձում է ամեն կերպ մնալ և նույնիսկ դառնալ ՔԿՀ պետ, որովհետև ըստ տեղեկությունների՝ գործող պետ Մանուկ Պողոսյանն արձակուրդից հետո հրաժեշտ կտա պաշտոնին։ Չի բացառվում նաև, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում զանգվածային հացադուլների պատճառ կարող էր հանդիսանալ ՔԿԾ ղեկավարության բուռն մղումը՝ Ծառայություն Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 14-ի այցից առաջ ցույց տալ աշխատանք, առավել ևս` քրեական ենթամշակույթի դեմ ուղղված։

Իրականում տարբեր հիմնարկներից քրեական ենթամշակույթին առնչվող անձանց «Երևան Կենտրոն» ՔԿՀ տեղափոխելով՝ հարցը չի լուծվում։ ՔԿՀ պետ նշանակվելուց առաջ որոշակի ինստանցիաներով պետք է անցնի անձը, առավել ևս՝ այլ ուժային կառույցի կողմից պետք է հաստատում ստանա։ Մեր աղբյուրը հայտնեց, որ «Վանաձոր» ՔԿՀ ներկայիս պետի ժամանակավոր պաշտոնակատարին ժամանակին երկու անգամ մերժել են, որ կարողանա ՔԿՀ պետ նշանակվել, բայց այսօր փաստորեն հնարավոր դարձավ։

Անկասկած, հացադուլը կդադարեցնեն ՔԿ ծառայության աշխատակիցների կողմից տարվող «բացատրական» աշխատանքների շնորհիվ, իսկ թե քանի օր կտևեն «կսովածանան՝ կուտեն» բացատրական աշխատանքները, կախված կլինի նրանից, թե ինչքան կդիմանան ազատազրված անձինք։ Բայց սա իրավիճակային լուծում է, և պատշաճ վերահսկողության բացակայության դեպքում նման օրինակները բազմաթիվ են լինելու:

Ի դեպ, երեկ 168.am-ը նամակ էր ստացել դատապարտյալների հարազատներից:

«Բոլորից ուշադրություն եմ խնդրում։ Վանաձորի քրեակատարողական հիմնարկում մեր բոլոր հարազատների հագուստները, սպիտակեղեն… ամեն ինչ հավաքում են ու փոխարենը ոչ մի բան չեն տալիս նորմալ։ Շատ տարբեր ու ծանր հիվանդություններով մարդիկ կան, որոնց չեն թույլատրում, որ իրենց դիետան գոնե պահեն, չմեռնեն»,- գրված էր նամակում:

Դատապարտյալի հարազատը գրել էր նաև, որ ամեն ինչ արգելում են, բայց փոխարենը ոչ մի բան իրենց կողմից պատշաճ չեն ապահովում։

«Փետրվարի 27-ից ամբողջ բանտը հացադուլ է հայտարարել։ Օգնե՛ք ձեր արձագանքներով, որ մեր ամուսինները, երեխաները, եղբայրները, հայրերը դուրս գան մահացու հացադուլից։ Ցավոք, դատապարտյալների ձայնը անվանում ու հանրությանը հնչեցնում են իբրև անհնազանդություն կամ քրեական ենթամշակույթ։ Սակայն կալանավորները ամբողջովին հետևում են բոլոր օրենքներին ու կանոնակարգին։ Բայց ամեն ինչ վերածվում է «պռավակացիաների» ու խիստ հոգեկան ճնշման։ Վախի ու բռնության ազդեցություններով ազդում են կալանավորների ներաշխարհի ու առողջության վրա։ Խնդրում ենք այցելել դատապարտյալներին, լսել ու օգնել դուրս գալ վախի և մշտական ճնշման անտանելի անմարդկային պայմանների մթնոլորտից»,- ասված էր նամակում:

Ուղղակի կարելի էր արդարացի ներկայացնել նրանց պահանջները, առավել ևս, որ դրանցում նաև միգուցե իրոք հակաօրինական պահանջներ կան, ոչ թե հացադուլից առաջին անգամ դուրս գալուց հետո նույն «Վանաձորից» ցուցադրական լուսանկար հրապարակեք, թե տեսեք-տեսեք՝ արդեն համազգեստով են:

Տեսանյութեր

Լրահոս