ՆԳ նախարարությունը պլանշետների ձեռքբերման գործընթացում վատնել է շուրջ 30 մլն դրամ. Հաշվեքննիչ պալատի զեկույցը

Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում Հաշվեքննիչ պալատը ներկայացրեց «Ներքին գործերի նախարարությունում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» զեկույցը։

Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանը նիստի ընթացքում ասաց, որ նախորդ տարի հունիսին ՆԳ նախարարությունը ջրային պարեկների կարիքների համար 40 համակարգչային պլանշետի ձեռքբերման նպատակով հայտարարել  էր էլեկտրոնային աճուրդ՝ նախահաշվայինը գինը սահմանելով 15 մլն 760 հազար դրամ, կամ մեկ պլանշետի արժեքը՝ 394 հազար դրամ։

«Էլեկտրոնային աճուրդին մասնակցության հայտ են ներկայացրել 2 ընկերություն՝ «GGE հոլդինգ» ՍՊԸ և «ԷԼ մարկետ» ՍՊԸ։ Նվազագույն գին առաջարկած «ԷԼ մարկետ» ընկերությունը մեկ պլանշետի համար առաջարկել է 393 99 դրամ, այսինքն՝ 0.001 դրամով պակաս նախահաշվային գնից, և վերջինիս հետ կնքվել է ընդամենը 15 մլն 759 դրամի պայմանագիր, ինչից հետո կատարվել է  մատակարարումը։ Այս մասով մենք արձանագրել ենք հետևյալ փաստը, որ «ԷԼ մարկետ» ընկերությանը փոխկապակցված «Էլդորադո» էլեկտրոնային հարթակը նույն այդ պլանշետը վաճառում է հատավաճառով՝ 286.900 դրամով, այսինքն՝ 107 հազար դրամով պակաս։ Այս 40 հատի մեջ շուրջ 4 մլն 280 հազար դրամի տարբերություն է։

Ավելին՝ ընթացակարգի տեխնիկական բնութագրով սահմանվել են նաև այնպիսի պարամետրեր, որոնք բնորոշ են որոշակի արտադրողների գրանցված տեխնոլոգիաների, օրինակ նշված են եղել, որ պլանշետները պիտի օժտված լինեն SPN համակարգով, որոնք հանդիսանում են բացառապես «Սամսունգ» գրուպ հարավկորեական ընկերության կազմում գործող «Սամսունգ» գրանցված ապրանքատեսակին։ Այսինքն՝ ուղղորդում է եղել, որի մասով արդեն արձանագրել ենք անհապատասխանություն։ Սահմանվել են նաև ջրակայունության չափորոշիչներ, որտեղ մի բառ սխալ է նշել պատվիրատուն, ոչ պակաս, ոչ ավելի սահմանման մասին է  խոսքը։ Այսինքն՝ 30 րոպեից ոչ պակաս է սահմանել պատվիրատուն, այստեղ առաջանում են որոշակի տեխնիկական անհամապատասխանություններ»,- նշեց Կարեն Կարապետյանը։

Կարդացեք նաև

Ըստ Հաշվեքննիչ պալատի անդամի, նույն պլանշետները նույն մատակարարից գնվել են նաև նախորդող մրցույթում, նույն արժեքով՝ 2023 թվականի հունվարին արդեն 200 հատ։ Տարբերությունը Հաշվեքննիչ պալատը հաշվարկել է. շուրջ 28 մլն դրամ է եղել։

«Այս երկու գնումներն իրար հետ ընդհանուր 30 միլիոնը գերազանցում է  տարբերությունը մեր նշված արժեքների և հայտարարված ընթացակարգի և շահած կազմակերպությունների կողմից առաջարկած գներից»,- նշեց Կարեն Կարապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս