Բաժիններ՝

Միասնական խաղը կտա իր արդյունքը. բասկետբոլիստ Անդրե Սփայթ- Մկրտչյանը` Ալբանիայի դեմ խաղի մասին

Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի ներկայացուցիչները լուրջ են նախապատրաստվում Ալբանիայի դեմ` աշխարհի առաջնության ընտրական փուլի երևանյան հանդիպմանը:

Լրագրողների հետ զրույցում Հայաստանի ընտրանու առաջատար Քրիս Ջոնսը նկատեց` առաջիկա խաղում պետք է նվիրվել ամբողջությամբ:

«Հաջորդ հանդիպումն անցկացնում ենք տանը` մեր երկրպագուների ներկայությամբ, լիահույս ենք, որ կհաղթենք»,-ասաց նա:

Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի ամենահին անդամներից մեկը` Անդրե Սփայթ-Մկրտչյանն, առանձնացրեց Ավստրիայի հետ հանդիպումը` շեշտելով, որ այն բավականին բարդ ստացվեց Հայաստանի համար:

«Ավստրիայի հետ հանդիպումն արդեն անցյալում է և պետք է կենտրոնանանք Ալբանիայի դեմ խաղին: Հիմա առավել պատրաստ ենք: Մեզ հարկավոր է առավել շատ աշխատել, միասնական խաղը կտա իր արդյունքը»,-ասաց նա:

Ազգային թիմի նորեկներից Տիգրան Մկրտումյանին դուր է գալիս հավաքականի փորձառուների և նորեկների համադրությունը: Նա լիահույս է, որ խաղալով Քրիս Ջոնսի պես պրոֆեսիոնալ բասկետբոլիստի հետ՝ անձնական աճ կգրանցի:

«Ամեն խաղի դաշտ ենք մտնում հաղթելու համար: Թեպետ պարտվել ենք նախորդ խաղին, սակայն չենք հանձնվել»,-ասաց նա:

Բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը զիջել էր Ավստրիային: Հաջորդ հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Խաղը կմեկնարկի 18:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս