Հայաստանն արդեն վճարել է ու շարունակելու է վճարել դեպի Արևմուտք կողմնորոշման համար․ ռուս վերլուծաբանի սուր անդրադարձը ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությանը

Երևանում անցկացվող «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղանի ժամանակ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության և միջազգային քաղաքականության ֆակուլտետի եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը հայտարարեց՝ Հայաստանի՝ դեպի Արևմուտք վերակողմնորոշելու գինը բարձր է լինելու։

Նրա դիտարկմամբ՝ Արևմուտքն ավելացնում է հակառուսական ջանքերը և ճնշումը ՀԱՊԿ գործընկերների վրա, ինչը բարդ դրության մեջ է դնում կազմակերպության անդամ երկրներին, քանի որ նրանք արևմտյան ճնշումների պատճառով չեն կարող ամբողջությամբ վերակողմնորոշվել դեպի Ռուսաստան, բայց նաև չեն կարող խզել կապերը ՀԱՊԿ գործընկերոջ հետ։

Սուսլովի խոսքով՝ Ռուսաստանն Ուկրաինային հաղթելուց հետո կշարունակի գերիշխել հետխորհրդային տարածքում, և նրա համոզմամբ՝ ՀԱՊԿ երկրներին մնում է պահպանել ստատուս քվոն, ուկրաինական հարցում չանցնել Ռուսաստանի կողմ, բայց և թույլ չտալ Արևմուտքին իրեն օգտագործել հակառուսական քաղաքականության մեջ:

«Ուկրաինային հաղթելուց հետո Ռուսաստանն ավելի ուժեղ կդառնա, կունենա ամենահզոր, մարտերում կոփված բանակը Եվրասիայում, ուստի ՀԱՊԿ երկրների համար նպատակահարմար կլինի լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ»,- հայտարարեց նա:

Նրա կարծիքով, սակայն, Հայաստանը շարժվում է ճիշտ հակառակ ուղղությամբ և ռուսական տեսանկյունից անցնում է հակառակորդի կողմը ՌԴ-Արևմուտք բաց դիմակայության պայմաններում, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին քաղաքականությունը՝ հակառակ իր պնդումների։

Ինչ վերաբերում է մշտապես հնչող այն գնահատականներին, թե Ռուսաստանը ձախողել է դաշնակցի դերը, նա նշեց, որ ՄՔԴ-ին ցուցադրաբար միանալը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցը Երևան Հայաստանը կդարձնի հետխորհրդային տարածքի հակառուսական երկրներից մեկը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի գործողությունները հիմնականում պայմանավորված էին այն հանգամանքով, որ հավատում էին, թե Ռուսաստանը կպարտվի Ուկրաինայի հետ դիմակայությունում, սակայն Հայաստանի իշխանությունները սխալվել են իրենց հաշվարկներում։

«Դեպի արևմուտք վերակողմնորոշվելու և հակառակորդի կողմը անցնելու գինը բարձր է լինելու։ Մասնակիորեն այդ գինը նա արդեն վճարել է. դա, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի կորուստն է»,- ասաց Սուսլովը։

Նա համոզված է, որ ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցումն այսօրվա իրավիճակում ընկալվում է որպես ագրեսիայի գիտակցված հրավեր Ադրբեջանին, որից հետո Հայաստանի ղեկավարությունը լրացուցիչ առիթ է ակնկալում ՀԱՊԿ-ից վերջնականապես դուրս գալու համար:

Տեսանյութեր

Լրահոս