Ի՞նչ խնդիր լուծեց ԵՄ դիտորդների ներկայությունը Հայաստանում
Մինչ ՀՀ իշխանություններն ինտենսիվորեն շարունակում են իրենց «արշավը» դեպի Արևմուտք, և մինչ Նիկոլ Փաշինյանը եվրոպական մեկ մայրաքաղաքից մեկնում է մյուս մայրաքաղաք, մասնավորապես՝ Մյունխենից Փարիզ, լրացավ Հայաստանում ԵՄ դիտորդական քաղաքացիական առաքելության տեղակայման մեկ տարին։
Սա բավարար ժամկետ է՝ գնահատելու առաքելության արդյունավետությունը, բերած օգուտները, գնահատելու, թե որքանով արդարացվեցին այս առաքելությունից սպասելիքները։
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը սկսեց իր աշխատանքը 2023-ի փետրվարի 20-ին՝ 100 դիտորդներով, նպատակը՝ «նպաստել սահմանամերձ շրջանների կայունությանը, ինչպես նաև աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար միջավայրի ստեղծմանը»։
Դեկտեմբերի վերջին ԵՄ խորհուրդն ընդլայնեց Հայաստանում իր դիտորդական առաքելությունը՝ դիտորդների թիվը հասցնելով 209-ի: Առաքելության մանդատը երկու տարի ժամկետով է։ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունն X-ի էջում տեղեկացրել էր, որ մինչ օրս առաքելությունն ավելի քան 1720 պարեկություն է իրականացրել, Ջերմուկում պարեկության ժամանակ ԵՄ առաքելությունը երեկ ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին:
Դատելով ՀՀ իշխանությունների հայտարարություններից, նրանք ընդհանուր առմամբ գոհ են դիտորդական առաքելությունից, այն համարում են արդյունավետ՝ նշելով, որ նրանց ներկայությունը նպաստում է ռեգիոնալ անվտանգության ամրապնդմանը։
Այս առաքելության գործունեությունը ՀՀ տարածքում, ըստ պաշտոնական Ադրբեջանի հայտարարությունների, անհանգստացնում է Բաքվին, թեև անցյալ տարի հայտնի դարձավ, որ առաքելությունը պարեկության գրաֆիկը նախապես տրամադրում է ադրբեջանական կողմին։ Այս մասին հայտարարել էր Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ինչը բավականին բուռն քննարկումների առիթ դարձավ։
Հարկ է նաև նշել, որ թեև ՀՀ իշխանությունները գոհունակությամբ են խոսում այս առաքելության տեղակայման մասին՝ մերժելով զուգահեռ ՀԱՊԿ-ից առաքելություն տեղակայել Հայաստանում, այնուամենայնիվ այս մեկ տարվա ընթացքում սահմանի մի քանի հատվածներում մի շարք աղմկոտ ողբերգական միջադեպեր տեղի են ունեցել, որոնց վերաբերյալ դիտորդական առաքելությունը հստակ հայտարարություններով հանդես չի եկել։ Նման դեպքերից մեկը մի քանի օր առաջ էր Ներքին Հանդի հատվածում։
Սրան զուգահեռ, թերևս, հարկ է նաև նշել, որ վերջերս ԵՄ ներկայացուցիչները մասնավորապես՝ Ջոզեպ Բորելը, խոսնակ Պիտեր Ստանոն հանդես եկան հասցեական հայտարարություններով։ Թե որքանով են դրանք ազդում գետնի վրա իրավիճակի վրա, բարդ է ասել, սակայն կարևոր է նշել, որ ԵՄ հայտարարություններում նման շեշտադրումներ վերջին մի քանի ամիսների ընթացքում եղել են։
Այս մեկ տարվա ընթացքում ԵՄ պարեկությանը դեմ է արտահայտվել ոչ միայն Բաքուն, այլև Մոսկվան, ինչպես նաև որոշ ակնարկներով է հանդես եկել Թեհրանը։ Մոսկվան մինչև անգամ մեղադրել է ԵՄ դիտորդներին ՀՀ-ում Ռուսաստանի և Իրանի քաղաքականության վերաբերյալ հետախուզական տվյալներ հավաքագրելու մեջ։
Եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանին այս ընթացքում ինչ-որ միջադեպեր եղել են, բայց դրանց ինտենսիվությունը նախկինի համեմատ էապես փոխվել է։
Ըստ նրա, ԵՄ առաքելության ներդրումը Հայաստանում ցույց տվեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր մակարդակը, այսինքն՝ որոշակիորեն լուծեց քաղաքական հարց, ինչպես նաև դարձավ զսպման մեխանիզմ։
«Ընդհանուր առմամբ, ըստ իս, առաքելությունը համապատասխանել է հայտարարված նպատակին։ Նախորդ տարին, ի դեպ, բանակցությունների տեսանկյունից հեշտ տարի չէր, կողմերի միջև տարաձայնությունների նոր թեմաներ ի հայտ եկան, բանակցային հարթակների հարցում տարաձայնություններ սկսվեցին, բանակցային դադար տեղի ունեցավ, սակայն այնուամենայնիվ այս ներկայությունն իր դերակատարությունն ունենում է, քանի որ այս հակամարտության դեպքում բանակցային դադարները սովորաբար չափազանց վտանգավոր փուլերի են վերածվում։ Պատերազմի վտանգի մասին կանխատեսումներից և մտավախություններից խոսում էին դիտորդական առաքելության ներկայացուցիչները, որոնք տեղում նաև բնակչության հետ են շփվում և ծանոթանում տրամադրություններին սահմանամերձ շրջաններում»,- ասաց Ստյուարտը։
Նա գտնում է, որ անկախ արդյունքներից՝ Ռուսաստանը, ինչպես նաև մի շարք այլ ուժեր պետք է դեմ լինեին այս առաքելության տեղակայմանը, քանի որ այս ռեգիոնում ավանդաբար միայն իրենց ներկայությունն են պատկերացնում։
Փորձագետը չի խուսափում նշել, որ ԵՄ այս որոշումն ուներ ոչ միայն ռեգիոնալ, այլ նաև աշխարհաքաղաքական նշանակություն, ինչը որոշ առումով միտված է նաև ՌԴ ազդեցության նվազեցմանը։
Իր հերթին՝ ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը գտնում է, որ այս առաքելությունն անմիջապես տեղակայվեց, որպեսզի ՀԱՊԿ առաքելությունը չգա Հայաստան, քանի որ այդ փուլում ՀԱՊԿ-ից նման առաջարկ էր հնչել և մերժվել էր ՀՀ իշխանությունների կողմից։
Նրա դիտարկումների համաձայն, ԵՄ խնդիրը տարածաշրջան ներթափանցելն էր, ներկայություն ունենալը, ՌԴ-ի ներկայությունը զրոյացնելու համար հիմքեր ստեղծելը։
«Այս մեկ տարվա ընթացքում սահմանային բռնկումներ եղել են, նման բռնկումներ եղել են նաև նախկինում։ Սա զսպման մեխանիզմ չէ, զսպում կարող է լինել նաև քաղաքականությամբ, դիվանագիտությամբ, առաքելության տեղակայումը լուծում է աշխարհաքաղաքական ներկայության հարց, Անդրկովկասում ԵՄ ներկայությունը ապահովելու հարցը, որը կարևոր է՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ հարևան Իրանի հավակնությունների զսպման նպատակից ելնելով։ Պետք է իրերն իրենց անուններով կոչել՝ սա ԵՄ-ի համար քաղաքական հարց է լուծում ռեգիոնում։ Իսկ թե ՀՀ-ի համար ի՞նչ հարց է լուծում՝ չեմ կարող ասել։ Այնուամենայնիվ սահմանային բացասական զարգացումների մասին հաճախ ենք լսում, դիտորդների ներկայության պայմաններում կարծես դրանց բնույթն է փոխվում, ավելի փոքր ու կարճատև սրացումների ենք ականատես դառնում»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Նրա կարծիքով, Անդրկովկասի համար վատ նորությունն այն է, որ ռեգիոնը և այս հակամարտությունը դարձել են աշխարհաքաղաքական հարցերի լուծման հարթակ։ «Աշխարհաքաղաքական խնդիրն առաջին պլան է եկել՝ ստվերելով այս բարդ ու վտանգավոր հակամարտությունը։ Բնականաբար, այդ հանգամանքը չի նպաստում կայունությանը, այլ՝ ընդհակառակը»,- ասաց նա։