Համատարած անտարբերության մեջ չի երևա Ներքին Հանդում տեղի ունեցածը, եթե ազգն այսպես նստի, մենք ունենալու ենք ավելի խոշոր կորուստներ. Եղիշե Առուշանյան
Արցախյան շարժման ակտիվ մասնակից, «Արցախի ազատամարտիկների միություն» հ/կ անդամ Եղիշե Առուշանյանի կարծիքով՝ 1988 թվականին հայությանը հաջողվեց համախմբվել ու Արցախն ազատագրել, քանի որ համախմբված էր և ուներ ազգային նպատակ ու գաղափար։
«1988 թվականին կար դաստիարակություն և կար ազգային նպատակ՝ Արցախը միացնել Մայր Հայաստանին։ Այդ ալիքի վրա մարդիկ դուրս եկան հստակ պահանջով ու մինչև վերջ գնացին։ 1988 թվականին կարծես թե ի մի բերվեց մեր ամբողջ պայքարի արդյունքը, երազանքները և ստացվեց, որ Խորհրդային Միության օրենքների շրջանակներում համախմբեցինք մարդկանց, որոնք կարող էին իրենց կամքն արտահայտել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Եղիշե Առուշանյանը՝ խոսելով 36 տարի առաջ փետրվարին սկսված արցախյան շարժման մասին։
Նրա գնահատմամբ, Արցախյան ազատագրական պայքարը հայ ժողովրդի, մասնավորապես՝ ազգի մի հատվածի պատմական հիշողությունն ու հայրենիքը պահպանելու համար էր։ Պայքարի արդյունքում ստեղծվեց բանակ՝ որպես ինքնապաշտպանության միջոց, պետությունն անկախացավ, ստեղծվեցին պետական ինստիտուտներ։
«Սակայն խնդիրն այն է, որ այս ամենը մեծամասնությունը չպահպանեց, չեղավ պետության ու պետականամետության մոտեցում։ Փոխանակ այնպես անեին, որ այդ հաղթանակը տար արդյունք՝ մարդկանց հոգեբանությունն ու նպատակները փոխվեին դեպի ազգապահպանություն, տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ մսխվեց հաղթանակը, իսկ Արցախը հանձնվեց, որն արդյունքն էր 2018 թվականի: Այնուհետև եղավ 2020 թվականը, որին էլ հաջորդեց 2023 թվականի Արցախի հայաթափումը։
Մեզ ստիպում էին հրաժարվել մեր ինքնությունից, բայց մենք դրան դեմ գնացինք։ Իսկ դրան հաջորդեց այն, որ պետականամետ անձանց պակասությունից ունեցանք Արցախի կորուստ»,- հավելեց մեր զրուցակիցը։
Եղիշե Առուշանյանի կարծիքով՝ 1988 թվականի զարթոնքն այսօր կրկնել դժվար է, քանի որ Արցախի կորստից հետո, երբ տեսնում է մարդկանց անտարբերությունը հայրենիքի, իրենց սեփական ճակատագրի հանդեպ, հասկանում է, որ ամեն ինչ շատ ավելի դժվար է լինելու։ Այդ ամենին հասնելու համար շատ երկար ժամանակ է պետք։
«Երևի դանակը դեռ ոսկորին չի հասել։ Մարդիկ այսօր գերադասում են նյութականն ու անձնականը, ոչ թե ազգայինը։ Օրեր առաջ Ներքին Հանդում կրկին զոհեր ունեցանք, դա այս ազգին կրկին դաս չի լինելու, որովհետև Ներքին Հանդը միայն այդ ընտանիքների ողբերգությունն էր, երկու նախադասությամբ կհիշտակվի միջազգային ֆորումներում, եթե, իհարկե, հիշատակող լինի, ու վերջ։ Այս համատարած անտարբերության մեջ չի երևա Ներքին Հանդում տեղի ունեցածը, ոչ էլ մոտ ապագայում սպասվող կորուստները։ Վստահ եմ, եթե ազգն այսպես նստի, մենք ունենալու ենք ավելի խոշոր կորուստներ»,- շեշտեց ազատամարտիկը։
Նա նաև ասաց՝ եթե 1988 թվականին ազգը ոտքի չկանգներ, ապա հենց այդ ժամանակ էր Արցախը հայաթափվելու, քանի որ իրենց աչքի առաջ ունեին Նախիջևանը, որը հայաթափվել էր։
«Դա կարծես բախտի ծաղր լիներ, որտեղ հայ կար, հայաթափվում էր, բայց մենք Արցախի դեպքում թույլ չտվեցինք, փոխարենը՝ դա ՀՀ իշխանությունը թույլ տվեց 2023 թվականին։
1988 թվականի շարժմանն ընդհատակից դուրս գալուց հետո, բոլորս գտնվում էինք մեծ վտանգի տակ, քանի որ մենք ապրում էինք Խորհրդային Միությունում։ Մեզ սպառնում էր ամենածանր հոդվածներով դատվածություն, բայց դա մեզ չէր կանգնեցնում, չէր վախեցնում, որովհետև մենք ունեինք վեհ նպատակներ՝ միանալ Հայաստանին ու ապրել հայրենիքում ազատ։
Չգիտեմ, երբ փոխվեց հայի հոգեբանությունը, որ այսպես եղանք։
Տեսեք, Նավալնիի համար դուրս եկան փողոց՝ կիսաքաղաքական գործիչ կամ կիսագործակալ մեկի համար։ Ներքին Հանդի համար քանի՞ մարդ դուրս եկավ փողոց ու պահանջեց մեղավորներին պատժել կամ հեռացնել իշխանություններին, որոնք երկրի սահմանները չեն կարողանում պաշտպանել։
Եթե Նժեդեհով ու հայրենիքով ապրեին, այսպես չէր լինի։ Թուրքը հիմա Ջերմուկի մոտ ելման դիրքերում է, բայց այստեղ իշխանությունը խոսում է խաղաղության մասին, բայց իրականությունն այն է, որ այդ խաղաղությունը չի լինելու»,- եզրափակեց Եղիշե Առուշանյանը։