Եթե պարզվի, որ հրամանը խախտելու դեպք կա՝ կլինեն իրավական հետևանքներ. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստը Նիկոլ Փաշինյանը մեկնարկեց Ներքին Հանդում փետրվարի 13-ին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիային անդրադարձով:
Նա ցավակցություն հայտնեց չորս զոհերի ընտանիքներին՝ շեշտելով, որ տեղի ունեցածն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորումն է։
«Փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, թե Հայաստան-Ադրբեջան սահմանի վերը հիշատակված հատվածում ՀՀ դիրքապահների կողմից կրակ է արձակվել և վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող։
Այս հայտարարությունից հետո ՀՀ ռազմական ոստիկանությունը հայտարարություն տարածեց, թե դեպքի հետաքննություն է սկսել, քանի որ Պաշտպանության նախարարի կողմից հստակ հրաման կա՝ հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ չտալ, սադրանքների չտրվել, և հետևաբար՝ եթե պարզվի, որ հրամանը խախտելու դեպք կա՝ կլինեն իրավական հետևանքներ:
Չնայած սրան՝ հաջորդ առավոտյան Ադրբեջանը զանգվածային կրակ է բացել վերը հիշատակված դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով չորս զոհ ունեցանք,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս՝ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ,- Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում, և դրա հիմնավորումները բազմաթիվ են։
Օրինակ, դեռևս 2022 թվականին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների մանդատում պետք է ներառվեին նաև սահմանային անվտանգության հարցերը: ՀՀ-ն, պայմանավորվածության համաձայն, ստեղծեց ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով՝ ենթադրելով, որ հանձնաժողովները նաև սահմանային անվտանգության հարցերով կաշխատեն, իսկ Ադրբեջանը, ի հեճուկս պայմանավորվածության, իր կողմից ստեղծած հանձնաժողովը կոչեց ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով՝ բաց թողնելով անվտանգության կոմպոնենտը»:
Մանրամասները՝ տեսանյութում