25 տարի Արցախում ապրող բազմազավակ կնոջը երեխաների հետ միասին կարգավիճակ չեն տալիս, նա զրկվել է բոլոր տեսակի աջակցություններից

2023 թվականին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված արցախահայերը շարունակում են բախվել տարբեր խնդիրների։ Վերջին շրջանում շատերն են բողոքում անձնագրայիններում՝ նախ՝ ամենօրյա հերթերից (քանի որ ընդամենը մեկ պատուհան է սպասարկում արցախահայերին), ապա՝ փաստաթղթերի հետ կապված տարբեր խնդիրներից։

Արցախի Մարտունի քաղաքից բռնի տեղահանված Ռիմա Ավագյանը, ով ունի չորս անչափահաս երեխաներ, մինչև այսօր չունի որևէ կարգավիճակ։

«Ես օր էի վերցրել Արաբկիրի անձնագրայինում, գնացի, ինձ ասացին, որ ես փախստականի կարգավիճակ չեմ կարող ստանալ, հարցնում եմ՝ ինչո՞ւ, ասում են՝ դու ՀՀ քաղաքացի ես, մինչդեռ իմ անձնագիրը Արցախի Հանրապետության անձնագիր է, միայն ծննդյանս վկայականն է Հայաստանի։ Ես ծնվել եմ Հայաստանում, 7 տարեկանից տեղափոխել եմ Արցախ, անձնագիրս այնտեղ եմ ստացել։ Անձնագիրս տվեցի անձնագրայինի աշխատողին, նայեց, ասում է՝ չէ, դուք ՀՀ քաղաքացի եք, քանի որ ձեր ծննդյան վկայականն այստեղ եք ստացել։

Ասացի՝ լավ, եթե այդ կարգավիճակը չեք տալիս, գոնե հաշվառեք, որպեսզի կարողանամ երեխաներիս նպաստը ստանամ։ Դա էլ չարեցին, ասացին, որ հաշվառել չեն կարող, մինչև իմ անձնագիրը չփոխեմ, ես էլ պատասխանեցի, որ անձնագիրս չեմ փոխելու»,- 168.am հետ զրույցում ասաց Ռիմա Ավագյանը։

Կարդացեք նաև

Նա տեղեկացրեց, որ օրեր անց այդ հարցով գնացել է նաև նույն անձնագրայինի պետի մոտ, կրկին ստացել է նույն պատասխանը՝ քանի որ ՀՀ քաղաքացի է, փախստականի կարգավիճակ չի կարող ստանալ, իսկ եթե ուզում է հաշվառվել, պետք է փոխի անձնագիրը։

«Անձնագրայինի պետն ինձ ուղարկեց Անձնագրային և վիզների վարչության Դավիթաշենի անձնագրային բաժանմունք։ Այնտեղ պետի հետ խոսեցի, խնդիրը ներկայացրեցի, ասում է՝ ես ձեզ հասկանում եմ, բայց օրենքի սահմաններից դուրս ոչինչ անել չենք կարող։ Ասում եմ՝ իմ չորս երեխաներն էլ Արցախում են ծնվել, ընդ որում՝ փոքրը՝ բլոկադայի պայմաններում, ասում է՝ կապ չունի, դու ՀՀ քաղաքացի ես, երեխաներդ էլ ավտոմատ այստեղի քաղաքացի են դառնում։ Ես բացատրում եմ, որ երեխաների հայրն արցախցի է, մենք զագսավորված ենք, երեխաներս նրա ազգանունն են կրում, բայց մեկ է՝ որևէ բան չփոխվեց»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Բազմազավակ մայրը համաձայն է նաև կարգավիճակ չստանալուն, միայն հաշվառեն, որպեսզի երեխաները նպաստ ստանան, որով կկարողանա գոնե սոցիալական ինչ-որ փոքր խնդիր լուծել, գոնե փոքր երեխաների համար կաթ կգնի։

«Իմ ընկերուհին նույնպես իմ կարգավիճակում է՝ անձնագիրը Արցախից է ստացել, ծննդյան վկայականը՝ Երևանից, բայց հաշվառել են, նպաստ է ստանում, սակայն կարգավիճակ չեն տվել։ Երբ այս օրինակը բերեցի Դավիթաշենի անձնագրայինում, ասացին՝ այդ աշխատողների համար դա «չէպէ» է։ Հիմա ես չգիտեմ՝ ի՞նչ անեմ՝ գնա՞մ Արցախի պետնախարարի մոտ, դիմո՞ւմ գրեմ, չգիտեմ՝ ինչ անեմ։ Մեզ ո՛չ օգնություն են տալիս, ո՛չ սննդի քարտեր, ընդամենը 40+10 հազարներն են տալիս, դա էլ նորմալ չեն տալիս, դա էլ մինչև մարտ ամիս են տալու։

Ես երբեք իմ անձնագիրը չեմ փոխելու, 25 տարի Արցախում եմ ապրել, այնտեղ դպրոց եմ գնացել, ամուսնացել։ Եթե այսօր ես Հայաստանում մի լուցկու չոփ չունեմ, այդ ինչպե՞ս եղա ՀՀ քաղաքացի։ Թե ինչ անեմ, ինքս էլ չգիտեմ»,- շեշտեց Ռիմա Ավագյանը։

Նա նաև հավելեց, որ անձնագրայինի աշխատողն իրեն ասել է՝ ուզում է  փախստականի կարգավիճակ տան, որ Հայաստանից փախչի՞, չհասկանալով, որ այդ կարգավիճակն ուզում է, որպեսզի նպաստ ստանա ու կարողանա իր երեխաների օրվա հացն ապահովել։

168.amի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել երեխայի ծննդով պայմանավորված հետևյալ նպաստների նշանակման համար (պարտադիր պայման է ՀՀ-ում ունենալ բնակության վայրի հաշվառում)՝ մայրության նպաստ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ։

Մայրության նպաստի իրավունք ունեն ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող անձինք։ Տեղահանված այն անձինք, ովքեր ՀՀ-ում վարձու աշխատող չեն և ԼՂ-ում չեն ստացել մայրության նպաստ, կարող են դիմել մայրության նպաստի նշանակման համար (որպես չաշխատող անձ)։ Չաշխատող անձանց դեպքում՝ նպաստի չափը ներկայում 172,500 դրամ է։ Հայրենակիցներին ՀՀ-ում մայրության նպաստ նշանակելն ապահովող պարզեցված ընթացակարգեր են սահմանվել։

Ըստ այդմ, նպաստը նշանակվում և վճարվում է այն անձանց, ովքեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում և մայրության նպաստ նշանակելու համար դիմել են 2023 թվականի դեկտեմբերի 11-ից հետո՝ 140 օրվա ընթացքում։ Եթե տեղահանված անձը նախածննդյան հսկողության է կանգնել (հաշվառվել) կամ ծննդաբերել է ԼՂ բժշկական կազմակերպությունում, ապա նրան մայրության նպաստ կնշանակվի, եթե ԼՂ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ նրան ԼՂ-ում նպաստ չի նշանակվել։ Մայրության նպաստի նշանակման համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձնագիր, ՀԾՀ և ժամանակավոր անաշխատունակության թերթիկ (դրա բացակայության դեպքում՝ երեխայի ծննդյան վկայական)։

«ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է օրենքով սահմանված կարգով, ընդ որում՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ: ՀՀ-ում մինչև 2023 թ․հունվարի 1-ը ծնված երեխաներին նպաստ նշանակվում է այն դեպքում, եթե ծնողը ՀՀ-ում գտնվում է Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում կամ ՀՀ գյուղական բնակավայրի հասցեով ծնողը հաշվառված է 1 տարի անընդմեջ, իսկ երեխան՝ դիմելու օրվա դրությամբ: Այս դեպքում, նպաստի չափը կազմում է 31,600 դրամ: Լեռնային Ղարաբաղում գրանցված գործատուի մոտ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ խնամքի նպաստ նշանակելու համար: Հետևաբար, օրինակ, եթե երեխան ծնվել է 2022 թ. ԼՂ գյուղական կամ քաղաքային բնակավայրում, ծնողներից առնվազն մեկը ԼՂ-ում գտնվել է խնամքի արձակուրդում, ապա վերջիններս ՀՀ-ում չեն կարող ունենալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք։ Եթե երեխան ծնվել է 2023 թ. հունվարի 1-ից հետո, անկախ ծնողի՝ քաղաքաբնակ կամ գյուղաբնակ, աշխատող կամ չաշխատող լինելու հանգամանքից, վերջինս ՀՀ-ում կարող է դիմել խնամքի նպաստի նշանակման համար։

Եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ՝ ծնողը չի գտնվի խնամքի արձակուրդում, ապա նպաստի չափը կազմում է 31,600 դրամ, եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ ծնողը գտնվի խնամքի արձակուրդում, ապա նպաստի չափը կազմում է 37,500 դրամի չափով։

Ընդ որում, ծնողը և երեխան պետք է հաշվառված լինեն ՀՀ-ում բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ երեխան պետք է գտնվի երկրում»,- նշեց նա՝ հավելելով, որ նպաստի նշանակման համար անհրաժեշտ է դիմել ՄՍԾ տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձնագիր, ՀԾՀ, երեխայի (երեխաների) ծննդյան վկայական, կամ դիմել առցանց՝ www.socservice.am կայքէջում։

168.am-ի հետ զրույցում ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանն ասաց, որ յուրաքանչյուր անհատ դիմումատուի պարագայում ստուգվում են նրա տվյալների համապատասխանությունը՝ ՀՀ քաղաքացիության մասին օրենքի չափորոշիչներին։

«Ձեր բանավոր տված խոսքում եղած տեղեկատվությունը քիչ է, որպեսզի ես հիմա գնահատեմ՝ ՀՀ քաղաքացու մասի՞ն է խոսքը, թե՞ փախստական ճանաչված անձի։ Դա արվում է տեղում՝ անձնագրային բաժանմունքում՝ բնակչության պետական ռեգիստրի համադրությամբ, որտեղ կան մի շարք չափորոշիչներ։

Օրինակ, քաղաքացու ծնված պահին ծնողների քաղաքացիության հարցն է ստուգվում, առաջին անձնագրավորում, առաջին հաշվառում, վերջին հաշվառում, անձնագրերի ու հաշվառումների պատմություն և այլն։ Այսինքն՝ դա սուբյեկտիվ գնահատական չէ, օբյեկտիվ չափորոշիչներ են, որոնց անձը կա՛մ համապատասխանում է, կա՛մ չի համապատասխանում։

Ինչ վերաբերում է սոցիալական աջակցություններին, ապա 100 հազար դրամները տրամադրվել են ֆիզիկապես տեղահանվածներին, հետագայում 40+10 հազարներն իրականացվել են նույն բազայով։ Աջակցության մնացած տեսակները կապ չունեն մարդու իրավական կարգավիճակի հետ։ Այսինքն՝ եթե թոշակառու է, ապա թոշակավորվում է՝ կա՛մ որպես ՀՀ քաղաքացի, կա՛մ ՀՀ փախստական»,- շեշտեց Նելլի Դավթյանը։

Տեսանյութեր

Լրահոս