Բաժիններ՝

Ավինյանին փողոցով սրբվելու վա՞խը, թե՞ բացակայող ֆինանսական հաշվարկները ստիպեցին առկախել տրանսպորտի թանկացումը

Երևանի քաղաքապետարանն անցյալ շաբաթ շրջանառությամբ մեջ էր դրել միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման ապահովմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը, որով հասարակական տրանսպորտի գինը հասնում էր ընդհուպ 260 դրամի։

Նախագծով առաջարիկվում են փաթեթներ՝ մեկ ամսվա, եթե գումարը վճարվում է Telcell wallet-ով, 10.800 դրամ արժեքով։ Նախատեսված է 60 ուղևորություն՝ 30 օրվա ընթացքում։ Մեկ ուղևորության արժեքը՝ 180 դրամ։

Եռամսյա՝ 24.000 դրամ արժեքով՝ (Telcell wallet-ով վճարման դեպքում), մեկ անգամի արժեքը՝ 133.3 դրամ։ Այսինքն՝ ներկայիս արժեքից 1.33 անգամ (33%) ավելի բարձր։ Այս դեպքում 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն կատարելու հնարավորություն կլինի։

Մեկ տարվա՝ 106.000 դրամ (Telcell wallet-ով): Փաթեթը ներառում է 1000 ուղևորություն՝ 365 օրվա ընթացքում: 1 ուղևորությունը կարժենա 106 դրամ։ Այսինքն՝ գինը կբարձրանա 1.06 անգամ (6%):

Կարդացեք նաև

Ընդամենը մի քանի օր շրջանառվող այս նախագիծն արժանացավ (բացի Երևանի ավագանու իշխանական կոալիցիայից) ավագանու իրական ընդդիմադիր երկու՝ «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունների և շարքային երևանցիների բուռն դժգոհությանը։

824.000 ընտրելու իրավունք ունեցող Երևան քաղաքում մի կերպ շուրջ 72.000 երևանցու քվեով Երևանի քաղաքապետ կարգված Տիգրան Ավինյանը, գիտակցելով փողոցի ճնշման ուժը, այս փուլում նախընտրեց ժամանակավորապես հետ կանգնել այդ որոշումից։

Նախագիծը շրջանառելուց 5 օր անց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց, թե իբրև խնդրել է Տիգրան Ավինյանին հարցը հանել առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով։

Թեև փողոց փակելով իշխանության եկած երիտասարդները նույն փողոցով սրբվելու և իշխանությունից հեռացվելու վախից դրդված՝ այս փուլում առկախել են նախագծի քննարկումը, սակայն ուշագրավ է, որ իշխանությունն առաջարկում էր տրանսպորտը թանկացնել՝ չներկայացնելով դրա ֆինանսական հիմնավորումը։

Նախագծի վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած առարկությունից տեղեկանում ենք, որ նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ բացակայում են համապատասխան փաստարկները, թե ինչո՞վ է պայմանավորված ավտոբուսային երթուղիների փոխադրավարձի գումարի չափի ավելացումը, ուստի գտնում են, որ նախագծով առաջարկվող վերոնշյալ կարգավորումները լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն։

Կներկայացնի՞ ՔՊ-ն ֆինանսական հիմնավորումներ՝ արդարացնելու համար տրանսպորտի թանկացումը՝ արդեն շրջանառած գնացուցակով, պարզ կդառնա ավելի ուշ։

Մինչ այդ հավելենք, որ տրանսպորտը թանկացնելու մտքից իշխանությունը չի հրաժարվել, և այս տակտիկական նահանջից հետո այն պատրաստվում է կրկին բերել օրակարգ։

Տեսանյութեր

Լրահոս