«Գեղցի շուստրիությունը», «մայմունությունը»՝ որպես կառավարման մոդել

Պետական կառավարման համակարգի արհեստավարժության բացակայությունը և վարչարարության անկարողությունն այս իշխանությունները փոխարինում են չինովնիկական շուստրիությամբ: Արդյունքում՝ անհեթեթ օրենսդրական նախաձեռնությունների և, ցավոք սրտի, ընդունված օրենքների պակաս չի զգացվում:

Անկանխիկի օրենքը

Օրինակ՝ ժողովրդի մեջ հայտնի «անկանխիկի օրենքի» ընդունումը Կենտրոնական բանկը հիմնավորեց նրանով, որ ուզում են ժողովրդի կուլտուրան բարձրացնեն, և հետո, գիտե՞ք, մարդիկ ուզում են քարտով վճարել, իսկ խանութներում անկանխիկ գործարք չեն անում: Իսկ «առաջադեմ» ՔՊ-ական պատգամավորներն էլ չհարցրեցին, իսկ հիվանդանոցներում, իրավաբանական և նոտարական գրասենյակներում առհասարակ կանխիկ գումարով վճարումներն ի՞նչ կապ ունեին ժողովրդի կուլտուրայի բարձրացման հետ:

Կարդացեք նաև

ՔՊ-ական այս «լուսավորիչները» տեղյա՞կ են արդյոք, թե ինչ դժվարությունների են հանդիպում հիվանդներն ու նրանց ուղեկցողները բուժհիմնարկներում վճարումներ անելիս: Բարձր թեմաներից խոսողները տեղյա՞կ են, որ հիվանդանոցներում անկանխիկ վճարման սարքերը ևս կարող են չաշխատել:

 Մի ձեռնհաս պատգամավոր չգտնվեց, որ ասի՝ եթե կուլտուրայի մասին եք մտածում, ապա պարտադիր համարեք անկանխիկի համար պահանջվող համապատասխան սարքերի առկայությունը և ոչ թե սահմանափակեք մարդկանց իրավունքը՝ իր ուզած եղանակով տնօրինելու իր ֆինանսները:

Ի վերջո, մարդկանց ստիպեցին սեփական գումարների տնօրինման համար գումար վճարել բանկերին, ինչը որևէ կապ չուներ մարդկանց կուլտուրայի բարձրացման գեղեցիկ շարժառիթի հետ:

 Եթե փորձենք հասկանալ Կենտրոնական բանկի իրական շարժառիթները, ապա դժվար չէ հասկանալ, որ խոսք է գնում ընդամենը բանկային համակարգից հարկադրաբար ծառայություններ ստանալու և բանկերին վճարի ձևով «հարկ» վճարելու մասին:

Գրիգոր Մինասյանի հրամանատարությամբ գործող Արդարադատության նախարարությունը հանկարծ այնպիսի վտանգներ հայտնաբերեց անշարժ գույքի նվիրատվության գործարքների հետ կապված, որ առաջարկեցին դրանք կնքել բացառապես նոտարական գրասենյակներում, որպեսզի փողերի լվացում չլինի, անկանխիկի օրենքի խախտում չլինի, նոտարական գրասենյակները մի քիչ փող աշխատեն:

Եվ կրկին ՔՊ-ական որևէ պատգամավորի մտքով չանցավ՝ հարցնի, «անկանխիկի» օրենքի ընդունումից հետո  ինչպե՞ս հանկարծակի փողերի լվացման վտանգ առաջացավ անշարժ գույքի կադաստրի գրասենյակում գործարք կնքելիս, և ինչպե՞ս է դրա ռիսկը նվազում նոտարական գրասենյակում:

Ակնհայտ է, որ փորձեր են կատարվում «անկանխիկի» օրենքը աշխատեցնելու և մի քիչ էլ նոտարների ֆինանսական վիճակը լավացնելու համար:

 Արդարադատության նախարարության այս և սրա նման օրենսդրական նախաձեռնություններին ծանոթանալուց հետո մոտավորապես հասկանալի է դառնում, թե ինչու նախկին իշխանությունները լուրջ պաշտոն չէին տալիս ներկայիս արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին և ինչպես վերջինս նոր ընտանիք ձեռք բերեց՝ հանձին իշխող ՔՊ կուսակցության:

Բիզնեսի իրավակարգավորումների հարմարեցումը՝ Քրեական օրենսգրքին

Երբևէ որևէ իրավաբանի մտքով չէր կարող անցնել, որ տնտեսական  բիզնես  իրավունքին առնչվող իրավական կարգավորումները կարող են պայմանավորված լինել Քննչական կոմիտեից սպասվող առաջարկություններով: Գործուն զղջման հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու օրենքի ընդունման ոդիսականի մասին 168.am ավելի վաղ գրել է: Նիկոլ Փաշինյանի մտերիմներ Արգիշտի Քյարամյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էին դրա ընդունման ջատագովները, որոնք մտածում էին առանց դատարան գնալու՝ քրեական գործեր փակելու մասին:

Բայց բիզնես կարգավորման հարմարեցումը Քրեական օրենսգրքին նոնսենս է և դժվար մարսելի ցանկացած իրավաբանի համար:

Որպես կանոն՝ նորմալ երկրներում ընդունվում են օրենսդրական ակտեր, տրվում են իրավական կարգավորումներ, որոնց համապատասխան էլ իրականացվում է տնտեսական գործունեությունը: Իսկ որոշ դեպքերում, հաշվի առնելով կարգավորված իրավահարաբերությունների կարևորությունը, դրանք պաշտպանում են քրեական օրենքով: Այս դեպքում էլ  նախաքննական մարմինները ոչ թե առաջարկներ են տալիս իրավական կարգավորումների վերաբերյալ, այլ զբաղվում են քրեական օրենքով արգելված արարքների առիթով հարուցված գործերի քննությամբ:

Բայց դե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից «որդեգրված» Գրիգոր Մինասյանն արեց դա. ավտոներկրողների գործունեության հետ կապված վիճահարույց հարցերի վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորի հարցին խրոխտ ու ինքնավստահ պատասխանեց, որ սպասում է Քննչական կոմիտեում առկա գործերով տրվելիք լուծումներին, որից հետո արդեն կլինեն օրենսդրական կարգավորումներ: Եվ դա սայթաքում չէր, վրիպում չէր, դա այսօրվա կառավարման մոդելի արտացոլանքն է, որը մանկական միամտությամբ խոստովանեց ԲԴԽ-ի նախագահ Կարեն Անդրեասյանին առընթեր արդարադատության նախարարը:

Ի դեպ, պատահական չէ, որ նոր Սահմանադրության մշակման աշխատանքների համակարգումը հանձնարարել են հենց Գրիգոր Մինասյանին, ում համար իրավական ինստիտուտներն ու կարգավորումները պայմանավորված ու սահմանափակված են կամ կառավարության ղեկավարի, կամ ԲԴԽ նախագահի ցանկություններով ու հայտարարություններով: Բայց վատ է, որ նրա  մտքով չի անցնում, որ Քրեական օրենսգիրքն իր նկատմամբ էլ է կիրառելի, և «նոր ընտանիքը» չի էլ մտահոգվի «ընտանիքի» նոր անդամի կորստով:

Եկամուտների համընդհանուր հայտարարագրում

Ցինիզմի ասպարեզում լուրջ հայտ ներկայացրած ֆինանսների երիտասարդ փոխնախարարը, որն Ազգային ժողովում (ԱԺ) բանական մարդու կողմից չընկալվող նախագծերը հիմնականում ներկայացնողն է, Ազգային ժողովում եկամուտների հայտարարագրման օրենքի նախագիծը ներկայացնելիս, որպես հիմնավորում՝ ասում էր, որ պետությունը հնարավորություն կունենա բացահայտել անապահով անձանց և հասցեական օգնություն տրամադրել նրանց: Բացի այդ, պետությունը ցանկություն ունի փոխհատուցել իր հպարտ քաղաքացիների որոշ ծախսեր, և այս օրենքը կլուծի նաև այդ խնդիրը:

Եվ նորից ՔՊ-ական որևէ պատգամավոր չհարցրեց այդ իմաստուն փոխնախարարին` իսկ ներկայացված ո՞ր խնդիրը պետությունը չի կարողանում անել առանց այդ օրենքի: Այս օրենքի նախագիծը նախկինում էլ է քննարկվել, բայց ոչ այս հիմնավորումներով, և դրա հեղինակներն ավելի ազնիվ են գտնվել ընտրողների առաջ՝ հայտարարելով օրենքի ընդունման նպատակը, որը շատ պարզ էր. կառավարությունը ցանկություն ուներ հարկել այլ երկրներից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերները: Սակայն նախորդ, ոչ հեղափոխական կառավարության մոտ ցինիզմի պակասը թույլ չտվեց նախագիծը օրենք դարձնել: Հաշվի էին առել նաև այն հանգամանքը, որ գումարների հիմնական ուղարկողներն արտագնա աշխատանքի գնացողներն էին, և կար նաև կրկնակի հարկման խնդիր:

Հարկային օրենսգիրք

Ավելի վտանգավոր է Հարկային օրենսգրքին իրավիճակային կարգավորումներ տալը, երբ առկա է խնդրի համակարգային լուծման պահանջ: Դրա օրինակն է ավտոներկրողների հարկման համակարգի, ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու համար մաքսազերծման համար դեպոզիտ գումարի ներդրման պահանջը:

Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) առկա իրավիճակը շատ պարզ ցույց տվեց, որ այս բնագավառում Նիկոլ Փաշինյանին նվիրված, սակայն ոչ արհեստավարժ  մասնագետների «աշխատանքը» տնտեսությանը բավականին վնաս է պատճառում, իսկ դրա հետևանքների վերացումը կարող է բավականին թանկ լինել, քանի որ սպառնում է տնտեսության կոնկրետ ոլորտի անկմամբ:

Ցանկացած ձևով և եղանակով փող «քերելը» երբեք չի նպաստել տնտեսության զարգացմանը, և դրա հետևանքը կարող է լինել հայկական ակտիվների դուրսբերումն այլ, ավելի խելամիտ ու հասկանալի հարկային քաղաքականություն ունեցող երկրներ: ՊԵԿ նախագահի կողմից վարչարարություն անելը որպես սպառնալիք հնչեցնելն ուղղակի ծիծաղելի է, քանի որ հարկային վարչարարությունը չի կարող որպես պատիժ դիտարկվել. դա է բնականոն աշխատանքի մեթոդը, որը մեր իրականությունում փոխարինվել է քրեական վարույթներով տնտեսավարողների ահաբեկման:

Երևանի քաղաքապետարան

Շուստրիների պակաս չկա նաև Երևանի քաղաքապետարանում: Օրինակները բազմաթիվ են: Քաղաքապետի իրավաբան տեղակալն էր կարմիր գծերի հետ կապված քաղաքային տրանսպորտի կառավարման մաստեր կլաս ցույց տալիս՝ բացատրելով, որ կայանատեղիների տուրքի տասնապատիկ թանկացումը նպաստելու է քաղաքի կենտրոնի բեռնաթափմանը և խցանումների վերացմանը:

Հարց՝ թանկացրին. խցանումնե՞րն են վերացել, թե՞ կենտրոնն է բեռնաթափվել:

Հիմնավորումներից տպավորություն էր, որ մարդիկ արվարձաններից գալիս էին Երևանի կենտրոնում կայանելու, հիմա էլ փողոցի երթևեկելի այդ շարքը լրիվ ազատ է ավտոմեքենաների երթևեկության համար: Ի վերջո, փոխքաղաքապետի պաշտոնը չի նշանակում փաստաբանություն՝ քաղաքապետի համար, որ Սուրեն Գրիգորյանն էլ քաղաքի բյուջեի համար լրացուցիչ մուտքեր ապահովելը հիմնավորի կենտրոնի բեռնաթափմամբ:

Բացի դրանից, Երևան համայնքի բյուջե գումար նվիրաբերած կազմակերպությանն Օղակաձև այգու 4-րդ հատվածն անհասկանալի կարգավիճակով տրամադրելու մոլուցքն անհեթեթ հիմնավորումներով բացատրելը երևի թե քամի անելու և հանրության աչքին թոզ փչելու այն տհաճ դեպքերից է, և քեզանից անկախ ուզում ես ասել` հիմարը դուք եք: Քաղաքապետարանը փորձում էր իրավական և քաղաքաշինական հիմնավորումների վրա աշխատել՝ չհասկանալով, որ վիրավորում է համապատասխան մասնագետների մասնագիտական արժանապատվությունը, իսկ այդ վարքագիծը ժողովուրդը մի բառով շատ վաղուց անվանել է «կապիկություն» կամ գործող իշխանության համար առավել մատչելի ու սիրելի տարբերակով՝ «մայմունություն»:

Դեռևս կառավարության որոշում կայացված չլինելու պայմաններում Տիգրան Ավինյանը խոսում է հանրային գերակա շահի և գոյություն չունեցող քաղաքաշինական փաստաթղթերի ու նախագծերի մասին, իսկ շահառու կազմակերպության ներկայացուցիչն էլ մեծահոգաբար համաձայնվում է անհրաժեշտության դեպքում որոշ փոփոխություններ կատարել նախագծերում: Եվ եթե խոսքը գնում է այգու բարեկարգման մասին, ապա մեկնումեկը պարոն քաղաքապետին պետք է ասի, որ համայնքի սեփականությունը հանդիսացող այգու տարածքը կարիք չկա հայտարարելու հանրային գերակա շահի գոտի` այդ պատրվակով հանրային այգու տարածքը օտարելով մասնավոր կազմակերպության:

Հետաքրքիր է, որ ի տարբերություն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության, ո՛չ դատախազությանը, և ո՛չ էլ  Հակակոռուպցիոն կոմիտեին չի հետաքրքրում, թե ինչո՞ւ է հանկարծ նման նվիրաբերություն կատարվել Երևան համայնքին, ինչո՞ւ են հենց նվիրատուին Երևանի քաղաքապետարանից առանց մրցույթի առաջարկել բարեկարգել քաղաքը, ինչո՞ւ է Հաղթանակի այգում  թենիսի կորտի շինարարության ծրագիր իրականացվում, երբ այդ տարածքում քաղաքաշինական գործունեության հետ կապված՝ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Երևանի նախկին քաղաքապետի քրեական գործը: Երևի դեռ չգիտեն, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է մտածում այս մասին, և համապատասխան ազդակ չկա կոռուպցիայի դեմ պայքարելու համար:

Ճանապարհաշինություն

Բայց վերը թվարկվածը խամրում է Նիկոլ Փաշինյանի լեզվային մտավարժանքների ժամանակ: «Շուստրիության» գլուխգործոցը կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի մտորումներն էին ճանապարհաշինության  և առհասարակ շինարարության մասին: Պարզվեց, որ միլիարդավոր դրամների շինարարական աշխատանքների անորակությունը պայմանավորված է բացառապես «բառադի» շինարարներով: Այդ «բառադիները» բարեխիղճ աշխատել են, ուղղակի մասնագիտական գիտելիքներ չունեն, դրա համար էլ անորակ է ստացվում:

Իհարկե, եթե գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախագահը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը մի քիչ ուշադիր լինեին, ապա կծնվեին մի շարք քրեական գործեր, որովհետև այդ ոլորտներում շինարարական աշխատանքները ենթակա են լիցենզավորման, և «բառադի» շինարարները (ինչպես, օրինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր հետ փոխկապակցված կառուցապատող ընկերությունները, այլ ՔՊ-ականների հետ կապակցված շինարարական ընկերությունները) ապրիորի չեն կարող մասնակցել և առանց կոռուպցիոն ռիսկերի  տենդերներ շահել:

Հատկանշական է, որ նրա ասածների մեջ խնդիր չտեսան նաև Ֆինանսների նախարարությունն ու Պետական վերահսկողական ծառայությունը… Դե, լռելն էլ շուստրիության ձևերից է:

Իսկ նկատե՞լ եք, որ կոռուպցիոն բացահայտումներն ու ձերբակալումները կատարվեցին կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետությունում գրանցված հետընթացի մասին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության և եվրոպական կառույցների զեկույցից հետո: Այս համատեքստում չի բացառվում, որ երկուսը մեկում անեն, և Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, բացի ներկլանային գզվռտոցից, իր կալանքով Հայաստանի իմիջը փրկողներից մեկը կլինի:

Եվ վերջում՝

Լեգիտիմ Սահմանադրությունից խոսելուց առաջ պետք է մտածել հասարակություն-պետություն հարաբերությունները կառուցելու արժեքային հարթակի մասին: Ի վերջո, ինչպե՞ս է պետությունը շահելու իր քաղաքացիների վստահությունը, երբ սահմանվում են որոշակի կանոններ, բայց պարզվում է, որ դրանք հիմնական կանոնները չէին, այլ բլեֆ՝ նույն հարցով հետագայում այլ կանոններ սահմանելու համար: Որտեղի՞ց են գտել «կարտյոժնիկի» հոգեբանությամբ այդքան կառավարիչ և տեղավորել պետական ապարատում: Կառավարման այս եղանակն այլասերում է մարդկանց հոգեբանությունը, որովհետև պետության հետ հարաբերություններում նրանք հարկադրված են պատասխան շուստրիության մարտավարության: Ուղղակի ցավալին այն է, որ այս ձևով պետություն չի ստեղծվում:

Տեսանյութեր

Լրահոս