Ինչո՞ւ է այդքան վստահ Վահան Քերոբյանը, որ հրաժարական չի տա
Էկոնոմիկայի նախարարությունում գնումների և գյուղատնտեսական ծրագրերից մեկի, մասնավորապես՝ ինտեսիվ այգիների հիմնման ծրագրի հետ կապված չարաշահումների բացահայտումներից ու հայտնի ձերբակալություններից հետո Վահան Քերոբյանը հայտարարեց, որ չի պատրաստվում դրանով պայմանավորված հրաժարական տալ նախարարի պաշտոնից։
Ավելին՝ մեղադրեց իրավապահներին՝ մտացածին սկանդալ սարքելու համար։
Թե ո՞րն էր էկոնոմիկայի նախարարի այդքան վստահ լինելու պատճառը, առաջիկայում դեռ կտեսնենք։
Բայց պարզ է, որ նրան հրաժարական տալ-չտալու հետ կապված որոշակի երաշխիքներ տրվել են։ Դժվար չէ նաև հասկանալ, թե ում կողմից։
Բոլոր դեպքերում, էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած վերջին բացահայտումներն ահազանգ են նախարարի համար, որքան էլ նա բազմաթիվ ձախողումներից հետո համառորեն կարծես չի ուզում հրաժարվել նախարարական իր աթոռից։ Դրանում մեկ անգամ արդեն համոզվել ենք։
Ժամանակին էլ ասում էր՝ եթե երկնիշ աճ չլինի, հրաժարական կտա։
Խոսքը 2021թ. սպասվող տնտեսական աճին էր վերաբերում։ Այդ տարի Հայաստանում երկնիշ աճ, իհարկե, չեղավ, աճը նույնիսկ գրեթե կրկնակի ցածր էր երկնիշ լինելուց, բայց Վահան Քերոբյանը հրաժարական չտվեց։ Երբեմն էլ նույնիսկ անհեթեթ պատճառաբանություններով ու մեկնաբանություններով փորձեց դուրս գալ հրաժարականի վերաբերյալ ժամանակին արված իր հայտարարության տակից։
Այս անգամ, իհարկե, Քերոբյանի հնարավոր հրաժարականի վերաբերյալ խոսակցություններն այլ դաշտում են շոշափվում, որտեղ առաջիկայում դեռ զարգացումներ են սպասվում։ Ու դժվար է ասել, թե դրանք մինչև ո՞ւր կարող են հասնել։
Որ էկոնոմիկայի նախարարությունում իսկապես խնդիրներ եղել են, չեն թաքցնում նաև նախարարության պաշտոնյաները։
Դա վերաբերում է մասնավորապես ինտենսիվ այգիների հիմնման ծրագրին։
«Գյուղատնտեսության ոլորտում դեռ 2022 թվականին վարչության պետի կողմից բարձրաձայնվել են որոշ հարցեր և դրանք փոխանցվել են համապատասխան կառույցներին: Այնուհետ այդ հարցերի քանակի աճի որոշակի միտում ենք տեսել, դրանք շարունակաբար ներկայացվել են իրավապահ մարմիններին, որոնց հաջորդել են տարբեր տեսակի գործողություններ: Այդ գործողությունների արդյունքում հարցաքննվել են և՛ ֆերմերներ, որոնք, ըստ մեր դիտարկման, միգուցե կեղծ փաստաթղթեր են ներկայացրել, և՛ աշխատակիցներ: Կարծում եմ՝ հարցն այդ համատեքստում է դիտարկվել»,- հայտնի ձերբակալություններից հետո հայտարարեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ով նախարարությունում համակարգում է գյուղատնտեսության ոլորտը և ի պաշտոնե պարտավոր էր տեղյակ լինել, թե ինչ է կատարվում հիշյալ ծրագրի շրջանակներում։
Այնինչ, նախարարությունում տեղյակ լինելով չարաշահումների հնարավոր մեխանիզմներից՝ շարունակել են ֆինանսավորել ինտենսիվ այգիների հիմնման ծրագիրը։ Դրա արդյունքում էլ, ըստ իրավապահների, տեղի է ունեցել պետական բավական մեծ գումարների յուրացում։
«Կատարված քննչական և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառու հանդիսացող Վ.Դ.-ի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, 2022-2023 թվականների ընթացքում նրանց կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացված այգեհիմնման նպատակով գյուղատնտեսական ծառայությունների մատուցման կամ ապրանքների ձեռք բերման վերաբերյալ կատարված՝ Ծրագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացված լինելու պայմաններում, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, այլ ընդհակառակը՝ զեկուցագրեր է ներկայացրել այն մասին, որ շահառուների կողմից կատարված աշխատանքները համապատասխանում են Ծրագրով սահմանված չափորոշիչներին։ Դրանից հետո խնդրել է հանձնարարական՝ Նախարարության համապատասխան վարչությանը՝ Ծրագրի համաձայն իրականացնել վճարումներ շահառուների հաշվեհամարներին։
Արդյունքում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 238.418.100 ՀՀ դրամ գումար, որը Վ.Դ.-ի և այլ շահառուների կողմից խարդախությամբ հափշտակվել է»,- ասվում է Քննչական կոմիտեի հայտարարության մեջ։
Ինչպես տեսնում ենք, խոսքը հարյուրավոր միլիոն դրամների մասին է։
Տեղյա՞կ են եղել այդ գումարների «հափշտակությունից» նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները, թե՞ ոչ, հավանաբար կպարզի քննությունը։ Բայց եթե նույնիսկ տեղյակ չեն եղել, դրանից շատ բան չի փոխվում։ Կնշանակի՝ այս մարդիկ չեն կարողացել պատշաճ կատարել իրենց պաշտոնական պարտականությունները։ Իրենց քթի տակից միլիոններ են տարել պետական բյուջեից, իսկ իրենք ուղտի ականջում քնած են եղել։
Նման պարագաներում առաջնային պատասխանատվությունը սովորաբար կրում է կառույցի ղեկավարը։ Դա կլինի ինտենսիվ այգիների հիմնման, գնումների գործընթացների կազմակերպման, թե այլ դեպքերում։
Ու հիմա դեռ վաղ է ասել՝ այս բացահայտումների հիմնավորումից հետո հրաժարակա՞ն կտա նախարարը, թե՞ պարզապես կազատեն աշխատանքից։
Առավել ևս, որ էկոնոմիկայի նախարարն իր կատարած «փայլուն» աշխատանքով ու ցուցաբերած արդյունքներով անփոխարինելի չէ։ Դա երևում է նաև արդյունաբերության ու գյուղատնտեսության ցուցանիշներում։
Անցած տարվա տվյալներով, գյուղատնտեսությունը հերթական անգամ անկումային է, իսկ արդյունաբերության մեջ արձանագրվել է ամենացածր տնտեսական աճը՝ մյուս ոլորտների համեմատ։ Այդ աճն էլ գուցե չլիներ, եթե տարեվերջին մի հրաշքով ոսկեգործության մեջ աներևակայելի աճեր չգրանցվեին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ