Պայմանավորված վարույթ՝ կանխատեսելի սցենարով. Դուք լռում եք ու ստանում հետևանք չունեցող տույժ. ի՞նչ է սպասվում փետրվարի 5-ին

Որպես կանոն՝ լուրջ գործերն անաղմուկ են արվում: Բայց Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը կամ ուշադրության պակաս ունի, կամ բան ու գործ չունի:

Դատավորների ընդհանուր ժողովը տանում է կառավարության նիստերի դահլիճ, որ գումար խնայի` նստավայրեր վերանորոգելու համար, բայց 8 միլիոն դրամանոց անիմաստ մի կինո է նկարում Նիկոլ Փաշինյանին ցույց տալու համար, երբ կարող էր մի հարմար պահի զեկուցել այդ կինոյի սցենարը: Ի վերջո, կինոյի հերոսներից մեկը Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի ընկերուհին էր և շատ հանգիստ կարող էր իր ընկերուհու ամուսնուն տեղեկացնել ԲԴԽ-ում եղած հուզումների մասին, իսկ խնայված փողով մի նստավայր էլ կվերանորոգվեր:

Հիմա էլ իր մտերիմների նկատմամբ կարգապահական վարույթ է մոգոնել, իբր թե տեսեք-տեսեք, ինչքան անաչառ եմ` համարյա Սահմանադրական դատարանի (ՍԴ) Վահե Գրիգորյան` «եթե երդվել եմ, էլ ի՜նչ ընկեր, ի՜նչ բարեկամ»:

Բայց սա՝ մի կողմ:

Կարդացեք նաև

Վարչական դատարանի նախագահ Արգիշտի Ղազարյանի և Վճռաբեկ դատարանի վարչական պալատի երեք դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթով ԲԴԽ նիստը, ինչպես արդեն առիթ ունեցել ենք  գրել, 50 րոպե էլ չտևեց, որից 15 րոպեն  ԲԴԽ անդամներն անցկացրեցին խորհրդակցական սենյակում` Կարեն Անդրեասյանի, Քրիստինե Մկոյանի  ինքնաբացարկի հարցերը քննարկելու համար:

Հետո Արդարադատության նախարարի ներկայացուցիչը ներկայացրեց միջնորդությունը, հնչեցին մի երկու ձևական հարցեր, իբր թե ինչ հիմքով է ներկայացվել միջնորդությունը, կա՞ն, թե՞ չկան ծանր հետևանքներ, և փետրվարի հինգին հայտարարեցին որոշման հրապարակման օր:

Նիստին դատավորները չէին ներկայացել և միջնորդել էին նիստն անցկացնել իրենց բացակայությամբ: ԲԴԽ նիստից պարզ չէր նաև, թե դատավորները գրավոր բացատրություններ ներկայացրե՞լ էին, թե՞ ոչ, առարկո՞ւմ են այս վարույթին, թե՞ լիովին համաձայն են Գրիգոր Մինասյանի հետ, ու ի՜նչ լավ է նա արել, որ վարույթ է հարուցել իրենց նկատմամբ:

ԲԴԽ կազմը չանդրադարձավ նաև Սահմանադրական դատարանում այս հարցի վերաբերյալ դիմումով որոշում կայացված չլինելուն, որն ուղղակի խոչընդոտ էր այս վարույթի քննության համար, և վարչական դատավարության կարգով գործող ԲԴԽ կազմն ուղղակի պարտավոր էր նաև առանց դատավորների միջնորդության քննարկել այս հարցը:

Կամ էլ ԲԴԽ-ում արդեն գիտեին Սահմանադրական դատարանում դիմումի քննության ելքը և հարկ չհամարեցին անիմաստ ժամանակ ձգել: Անկողմնակալ դիտորդի մոտ չէր կարող կասկած չառաջանալ վարույթի պայմանավորված ելքի վերաբերյալ:

Այսինքն՝ դատավորներին առաջարկվել է յուրատեսակ գործարք՝ դուք լռում եք և դրա դիմաց ստանում եք հետևանք չունեցող կարգապահական տույժ:

Բոլոր դեպքերում նիստն անցավ կանխատեսելի սցենարով, որը, սակայն, կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ Հայաստանի բյուջեի համար՝ միաժամանակ ցույց տալով, որ սահմանադրական այս մարմնում հովանավորչական դրսևորումներ կան, որոնք կարող են որակվել նաև՝ որպես կոռուպցիոն:

Այն հանգամանքը, որ Կարեն Անդրեասյանը նիստին չմասնակցեց, չի բացառում  մյուս մասնակիցների ներգրավվածությունը պայմանավորված վարույթին:

Ըստ էության միայն ԲԴԽ անդամ Արշակ Վարդանյանը կարող է առհասարակ դեմ քվեարկել նախարարի միջնորդությանը, իսկ մնացած անդամները կաշկանդված են համանման գործերով իրենց նախորդ քվեարկություններով, կամ պետք է առանց Դատական դեպարտամենտի, ինքնուրույն պարզաբանեն իրենց վարքագիծը: Գործարքի բարոյական կողմը թող գնահատեն գործարքի մասնակիցները:

Բայց մի բան պարզ է, որ ԲԴԽ-ում հայտնված մարդիկ շտապում են, ինչքան հնարավոր է, առավելագույնը քաղել իրավիճակից և պաշտոնից:

Տեսանյութեր

Լրահոս