Կարեն Անդրեասյան-Նիկոլ Փաշինյան-Գրիգոր Մինասյան եռյակի սրտի դատավորները թքած ունեին թե՛ ԱՆ-ի, թե՛ ԲԴԽ-ի վրա, կամ նրանց տրվել են հստակ երաշխիքներ
Նախորդ տարվա դեկտեմբերի 13-ին 168.am–ը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետության դեմ «վճիռներ» բերած դատավորների ցանկ էր հրապարակել, որոնց, սակայն, ոչինչ չէր եղել. ինչպես պաշտոնավարում էին, այնպես էլ շարունակում են պաշտոնավարել:
Այդ բավականին ընդարձակ ցանկում տեղ էին գտել նաև Նիկոլ Փաշինյանին պատկանող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի գործով (Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» օրաթերթի,- Գ.Ս.) որոշում կայացրած 4 դատավորները, ովքեր ՄԻԵԴ-ի կողմից այդ գործով հռչակվել էին պատասխանատու: Նրանք են՝ Հովսեփ Բեդևյան, Քրիստինե Մկոյան, Ռուզաննա Հակոբյան և Արգիշտի Ղազարյան:
Հովսեփ Բեդևյանը, հիշեցնենք, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր է, ՔՊ-ականների օգնությամբ, 80 կողմ ձայնով ընտրվել է 2021թ. սեպտեմբերի 14-ին:
Արգիշտի Ղազարյանը Վարչական դատարանի նախագահն է, նշանակվել է 2023թ. հունվարի 23-ին:
Ռուզաննա Հակոբյանը ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ 6 տարի ժամկետով:
Իսկ Քրիստինե Մկոյանը 2022թ. հունիսի 27-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընտրվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, իսկ 2023թ. հունվարի 16-ին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի մտերիմ նույն դատավոր Մկոյանը դարձավ ԲԴԽ անդամ:
Այսօր ԲԴԽ-ում քննվում էր այս 4 դատավորի վերաբերյալ վարույթը, որին, սակայն, նշված դատավորները չէին մասնակցում: Արհամարհել էին կամ անիմաստ էին համարել իրենց վերաբերյալ վարույթի քննությանը ներկայանալ, քանի որ ի սկզբանե պարզ է՝ որևէ լուրջ պատասխանատվության իրենք չեն ենթարկվելու:
Նիստը տևեց ընդամենը մոտ 40 րոպե, որից 15 րոպեն Խորհուրդը խորհրդակցական սենյակում է եղել:
Ի դեպ, վարույթի հենց սկզբում Կարեն Անդրեասյանն ու Քրիստինե Մկոյանը միմյանց փոխադարձ ինքնաբացարկի միջնորդություններ էին ներկայացրել, որոնք Խորհուրդը բավարարել էր: Միջնորդությունների հիմքում դրված էր ԲԴԽ այս երկու անդամների ընկերական ու ընտանեկան, անձնական հարաբերությունների հանգամանքը:
Հիշեցնենք, որ 2023թ. հուլիսի 3-ին ԲԴԽ-ն դադարեցրեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի լիազորությունները։ ԲԴԽ-ն բավարարել է նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ ԱՆ միջնորդությունը։
ՀՀ արդարադատության նախարարությունը ԲԴԽ ներկայացված միջնորդությամբ Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին պահանջում էր կարգապահական պատասխանատվության ենթարկել՝ 14 տարի առաջ կայացված դատական ակտի համար՝ ««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» 2019թ հունվարի 24-ին հրապարակված ՄԻԵԴ վճռի հիման վրա։ Մինչ ԲԴԽ-ում կքննվեր հարցը՝ Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը հունիսի 13-ին պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, նրա լիազորությունները ԲԴԽ որոշմամբ դադարեցվել էին։
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին հեռացնելու գործին ԱՆ-ն ու ԲԴԽ-ն «լծվեցին» դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցնելուց հետո։
Նշենք, որ դատավոր Արտակ Բարսեղյանը տեղափոխվել էր բժշկական կենտրոն, իսկ դատավոր Պետրոսյանը դիմում էր ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի տնտեսական շահերի, նրանց հարաբերությունների և այդ պայմաններում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման դեպքում շահերի բախման առնչությամբ, որտեղ, ըստ դիմումատուի, առկա են կոռուպցիոն ռիսկեր։ ԿԿՀ-ն դատավորի դիմումը մերժել է։ Իսկ ԲԴԽ-ն էլ պահանջել էր հիվանդանոցում գտնվող Արտակ Բարսեղյանին անհապաղ ներկայանալ նիստին:
ԲԴԽ-ն այս պայմաններում, բարոյական ու իրավական բոլոր հնարավոր օրենքների ու ընթացակարգերի խախտմամբ դադարեցրեց նշված դատավորների լիազորությունները, իսկ այսօր 4 դատավոր թքած ունեցավ Արդարադատության նախարարության հարուցած ու ԲԴԽ քննած վարույթի վրա ու չներկայացավ վարույթի քննությանը:
Ընդ որում, թե՛ լիազորությունները դադարեցված դատավորների, թե՛ Կարեն Անդրեասյան-Նիկոլ Փաշինյան-Գրիգոր Մինասյանի եռյակի սրտի դատավորների դեպքում Արդարադատության նախարարության միջնորդության մեջ գրված էր, որ դատավորները թույլ են տվել «կոպիտ անփութություն»:
«Կոպիտ անփութություն» թույլ տված 4 դատավորի լիազորությունները դադարեցվեցին: Հետաքրքիր է՝ ի՞նչ որոշում կհրապարակի Խորհուրդը փետրվարի 5-ին՝ 10:00-ին, ընդամենը կես ժամ տևած ու մի երկու ձևական հարցերով կարգապահական վարույթի «քննությունից» հետո: