Սա ընդգծում է պատերազմի կամ պատերազմի մշտական սպառնալիքի, հայ ժողովրդի հանդեպ թշնամանքի և Ալիևի բռնապետական ռեժիմի միջև ամուր փոխկապակցվածությունը

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

Կարևոր է արձանագրել, որ ընտրություններից առաջ Ադրբեջանի բռնատիրական ռեժիմը հարձակումների նոր ալիք սկսեց լրագրողների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ։ Հուլիսին Ադրբեջանի իշխանություններն անհիմն քրեական մեղադրանքներով ձերբակալեցին ընդդիմադիր առաջնորդ և գիտնական Գուբադ Իբադօղլուին: 2020-ի պատերազմի ժամանակ Իբադօղլուն սկզբում աջակցում էր Իլհամ Ալիևին, սակայն հետագայում քննադատում էր նրա վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հարցում:

Իբադօղլուի ձերբակալությունից հետո, պետական հովանավորությամբ, արշավ սկսվեց՝ ընդդեմ Ադրբեջանում պատերազմի դեմ հանդես եկող ակտիվիստների: Խորհրդարանի անդամները, այդ թվում, օրինակ՝ իշխող կուսակցության պատգամավոր Էլման Մամեդովը, միացել էին այդ քարոզարշավին։ Նա հանդես էր եկել կոշտ հայտարարությամբ՝ նշելով, որ «հակապատերազմական արշավը գործողություն է Ադրբեջանի պետականության և անվտանգության դեմ։ Սա պետք է հետաքննել պետական մակարդակով։ Դրանով զբաղվող մարդկանց ինքնությունը պետք է պարզվի, և լուրջ միջոցներ ձեռնարկվեն ադրբեջանական օրենսդրության շրջանակներում»։ Մեկ այլ օրենսդիր՝ Այդին Միրզազադեն, որը նույնպես Ալիևի իշխող կուսակցությունից է, նշել էր, որ ցանկացած հասարակությունում կան ազգային շահերին հակադրվող խմբեր, որոնք ֆինանսավորվում են դրսից։ Նա մատնանշեց «ոչ պատերազմի» համախոհներին՝ որպես նման մի խումբ՝ մեղադրելով նրանց բռնազավթման ժամանակ հայկական շահերին բացահայտ և գաղտնի աջակցելու մեջ:

Այս արշավը ևս մեկ ցուցիչ է, որ Ալիևը հայերի հետ խաղաղություն հաստատելու մտադրություն չունի։ Ավելին, հաշտեցման oգտին հանդես եկող հատուկենտ մարդիկ արագորեն լռեցվում են ադրբեջանական պետության կողմից: Ալիևը վերջերս հաստատեց, որ ինքը Ադրբեջանում խաղաղության կամ հաշտեցման շուրջ խուսույթի վերաբերյալ արգելք է կիրառել: «Տարբեր պատրվակների ներքո՝ Հայաստանի հետ համագործակցության, հասարակական տարբեր կազմակերպությունների միջոցով կապերի ստեղծման՝ մարդկանց ու հասարակություններին խաղաղության նախապատրաստելուն ուղղված քայլերը նպատակ ունեին այլ ոգի զարգացնել Ադրբեջանում մեծացող երիտասարդ սերնդի մեջ: Սակայն մեր նպատակն էր, որ այս սերունդը լինի հայրենասեր, երբեք չհամակերպվի այս անարդարության հետ, և եթե մեր բախտը չբերի վերականգնելու պատմական արդարությունը, ապա դա պետք է անեն ապագա սերունդները»,- ասել էր նա։

Սա ընդգծում է պատերազմի կամ պատերազմի մշտական սպառնալիքի, հայ ժողովրդի հանդեպ թշնամանքի և Ալիևի բռնապետական ռեժիմի միջև ամուր փոխկապակցվածությունը։

Անգամ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ալիևը չի կարողանում հանգստանալ և շարունակում է թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամիների փնտրտուքը։

Տեսանյութեր

Լրահոս