Դատավորի ու Գուլոյանի գործով նաև պարսիկ է անցնում. «Հրապարակ»

Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է ու մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան, դատախազությունն էլ երեկ, ձեւավորված ավանդույթի համաձայն, Տիգրան Փոլադյանի անմեղության կանխավարկածը ոտնատակ անելով, հայտարարություն էր տարածել՝ առաջադրված մեղադրանքը ներկայացնելով որպես արդեն իսկ ապացուցված փաստ։ 

Թեեւ դատախազությունն անուններ չի հրապարակել, սակայն հրապարակված դեպքերն ու ամսաթվերն ամբողջովին բացահայտում են, որ խոսքը Տիգրան Փոլադյանին առաջադրված մեղադրանքի մասին է։

Ըստ դրա՝ Փոլադյանը, ենթադրաբար, 150 հազար դոլար կաշառք է պահանջել ՍՊ ընկերության օգտին դատական ակտ կայացնելու համար, ենթադրյալ կաշառքին օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանին։ Գործով որպես մեղադրյալներ են անցնում նաեւ Կոտայքի նախկին մարզպետ՝ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը, ով մեղադրվում է կաշառք տալու մեջ, նույն մեղադրանքով գործով անցնում են նաեւ Գարեգին Մկրտչյան անուն-ազգանունով քաղաքացի, ինչպես նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության մեկ քաղաքացի՝ Արաշ Փարվիզի Նոսրաթիալամանդրին։

Գործի քննությունը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանին։ Նա դատավոր է նշանակվել 2022 թվականին, մինչ այդ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ է եղել։ Սարգիս Դադոյանը նաեւ Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատավորն է, նա արդեն 2 տարի է՝ Ասլանյանին պահում է կալանավայրում։ Տիգրան Փոլադյանի պաշտպանությունը ստանձնել են փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը։

Տեսանյութեր

Լրահոս