Բաժիններ՝

Լոնդոնի իր տանը ձերբակալվել է Սևաստոպոլի նախկին նահանգապետ Օվսյաննիկովը

Լոնդոնի իր տանը ձերբակալվել է բռնակցված Սևաստոպոլի նախկին նահանգապետ Դմիտրի Օվսյաննիկովը, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով The Times թերթը։

Օվսյաննիկովն այժմ գտնվում է Լոնդոնի բանտում։ BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ սա տարօրինակ է, քանի որ ոչ բռնի հանցագործությունների համար ձերբակալվածներն հիմնականում գրավի դիմաց ազատ են արձակվում։

Օվսյաննիկովը դատարանի առաջ կկանգնի փետրվարի 20-ին։ 46-ամյա ռուս պաշտոնյան մեղադրվում է պատժամիջոցները շրջանցելու և լոնդոնյան բանկում հաշիվ բացելու, ինչպես նաև 65 հազար ֆունտ ստերլինգ ընդհանուր գումարով չորս վճարումներ կատարելու և 77,5 հազար ֆունտ ստերլինգ կանխիկ գումար պահելու համար։

Մեծ Բրիտանիան Օվսյաննիկովի դեմ պատժամիջոցներ է սահմանել ու ակտիվները սառեցրել 2020 թվականի վերջին։ 2023 թվականին ԵՄ դատարանի որոշմամբ, նրա անունը հանվել է ԵՄ պատժամիջոցների ցանկից։ Դատարանը պարզաբանել է՝ պաշտոնյան այլևս չի զբաղեցնում այն պաշտոնները, որոնց համար սանկցիա է կիրառվել։ Սակայն Օվսյաննիկովի անունը չի հանվել Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակից։

Օվսյաննիկովը Սևաստոպոլի նահանգապետն է եղել 2017-ից 2019 թվականներին։ Դրանից առաջ և հետո եղել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի փոխնախարարը։ 2020 թվականին նա հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, ապա նաև կառավարությունից՝ Իժևսկի օդանավակայանում ոչ պարկեշտ պահվածքի համար։

«Ազատություն»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս