Բա ասում եք՝ սա մեր Հայրենիքը չի, մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի… պոստում կանգնած զինվորը պետք է մտածի՝ իր պահած պոստը Փաշինյանի ասած՝ Ալմա Աթայի հռչակագրի մե՞ջ է, թե՞ ոչ. Վիտալի Մանգասարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
Բանակո՞ւմ պետք է մտածողություն փոխվի, թե՞ Հայաստանի ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է իր մտածողությունը փոխի:
- Բանակում մտածողություն փոխելը կարևոր բան է, որ պետք է արվի, բայց պետք է հստակ սահմանվի՝ դրա տակ ինչ ենք հասկանում։ Եթե մենք «մտածողություն փոխել» ասելով՝ պիտի հասկանանք, որ պոստում կանգնած զինվորը պիտի մտածի, որ սա իր Հայրենիքը չէ (ինչպես որ Փաշինյանն է հայտարարում,- հեղ.), ապա սա բավականին վտանգավոր գաղափար է։ Չէ՞ որ, երբ ամենաբարձր մակարդակով այս իշխանությունները հայտնում են անկլավները հանձնելու մասին, այդտեղ հիմա զինվոր է կանգնած։ Ու զինվորը վաղը չի իմանալու, որ եթե վաղը ռազմական գործողություն սկսվի, ինքն ի՞նչ պետք է անի։ Հիմա խոսում են Ալմա Աթայի հռչակագրով սահմանների մասին։ Պոստում կանգնած զինվորը հիմա ի՞նչ է մտածում՝ իր պահած պոստը Փաշինյանի ասած՝ Ալմա Աթայի հռչակագրի մե՞ջ է, թե՞ ոչ։
- Եթե դու խրախուսում ես քաղաքական ցույցին մասնակցած զինվորականներին ու նրանց ավելի բարձր պաշտոնի ես նշանակում, դրա հետևանքը լինում է այն, ինչ մենք հիմա ունենք իրականության մեջ։
- Ցանկացած ծնող միշտ էլ իր երեխայի անվտանգությունն ու առողջությունը ամեն ինչից բարձր է գնահատել։ Բայց ինչո՞ւ հիմա չեն ուզում ծառայել բանակում, որովհետև երբ ամենաբարձր մակարդակում այս իշխանությունները (Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը) ասում են, թե «մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի», յուրաքանչյուր մայր էլ մտավախություն է ունենում՝ ինչո՞ւ պիտի իր որդին ծառայի այս պայմաններում։
- Նիկոլ Փաշինյանից հետո սարսափելի ժառանգություն է մնալու հաջորդ իշխանություններին, որովհետև ինստիտուցիոնալ առումով խնդիրներն ահռելի են։
- Հասկանալով, որ բուքմեյքերական խաղադրույքներ դնելը բանակի համար աղետալի հետևանքների է բերում, այս իշխանությունը մասնավոր ընկերությանն ընդամենը խնդրում է զինվորականներից խաղադրույքներ չվերցնել։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ աղետ է, երբ պետությունը պայքարի այլ մեթոդ չունի։
- Երբ դու գումարտակի կամ վաշտի հրամանատարին ասում ես՝ ստուգիր քո զինծառայողին, տես՝ հեռախոս ունի՞, թե՞ չէ, նա ստուգում է, ու եթե կա, վերցնում է։ Բայց երբ դու ասում ես՝ գնա՛, տե՛ս՝ սմարթֆո՞ն է, թե՞ ոչ, դու լրացուցիչ բեռ ես դնում սպայակազմի վրա։ Հետաքրքիր է՝ այդ որոշման ընդունումն ի՞նչ կերպ է ազդել միջանձնային հարաբերությունների, զինվորների բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, արդյունքներն ինչպիսի՞ն են։
- Հեռախոսները բանակում թույլատրելուց հետո շրջանառվեց ելակի, զինվորի հացի թեման։ Իշխանությունը մտածեց՝ ի՞նչ խողովակով դրա մասին հայտարարի, ու հասկացան՝ ամենալավ տարբերակը զինվորն է, որովհետև երբ մայրը զանգում է զինծառայող որդուն, առաջինը հարցնում է՝ հո քաղցած չե՞ս, ի՞նչ ես կերել։ Ես հիմա հասկանում եմ՝ հեռախոսներ թույլատրելու մասին այս իշխանությունների որոշումը հենց այդ նպատակով էլ ընդունվել է։
- Կհիշե՞ք՝ Մեղրիի զորամասը բունտ էր արել ու դուրս եկել փողոց, և նույն այդ զինվորներն իրենց սմարթֆոններում լուսաբանում էին այդ գործողությունը, ինչը հետևանք չունեցավ: Սա չի կարող չանդրադառնալ բանակի վրա։
- Այս իշխանությունների հայտարարություններն ու գործողությունները տրամագծորեն հակառակ են իրար։
- 25-օրյա վարժական հավաքներն իրականում ի՞նչ խնդիր են լուծում… Ընդամենը պոստ պահելու խնդիր։ Իսկ հայտարարում էին բարձր նպատակների մասին։
- Զենքի կարիք աշխարհում բոլոր պետություններն ունեն։ Զենքի գինը հիմա շատ թանկ է։ Բայց ամեն դեպքում ցանկացած բերված զենք պետք է ինտեգրել մեր ունեցած համակարգին միայն զորավարժությունների միջոցով։ Իսկ մենք զորավարժությունների չենք մասնակցում։ Զորավարժությունները, բացի նրանից, որ հմտություններն են բարձրացնում Զինված ուժերի, նաև լուրջ հոգեբանական ազդեցություն են գործում անձնակազմի վրա։
- Ադրբեջանն ավելի քան հարյուր զորավարժությունների է մասնակցել այս ընթացքում, Հայաստանը՝ ԶՐՈ:
- Ի տարբերություն Ռիբենտրոպ-Մոլոտով պակտի՝ մեզ հետ որևէ մեկը չհարձակվելու մասին պայմանագիր չի ստորագրելու։ Ես դրանում համոզված եմ։
Մանրամասները՝ տեսանյութում։