«Ատում եմ «կյանքը շարունակվում է» նախադասությունը, կյանքս կանգ է առել այն ժամանակ, երբ զոհվեց Էդուարդը…». Հասմիկ Ավանեսյան

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի ու նրա խաղաղ բնակչության դեմ, որևէ արցախցու մտքով չէր անցնում, որ կարող է կորցնել իր հողը, տունը, որտեղ ազատ ու անկախ ապրելու համար տարիներ շարունակ պայքարել է։ Պայքարում էր նաև 2022 թվականի ադրբեջանական շրջափակման մեջ՝ հույս ունենալով, որ աշխարհը կկանգնի արդարության՝ սեփական իրավունքների համար պայքարող արցախցու կողքին. չկանգնեց։

21-ամյա Էդուարդ Դանիելյանը և 20-ամյա Հասմիկ Ավանեսյանն Արցախում ապրելու իրավունքի համար պայքարողներից էին, նրանք նշանադրվեցին բլոկադայի պայմաններում՝ 2022 թվականի հուլիսին։ Նրանց բոլոր երազանքներն ու նպատակները կապված էին Արցախի հետ։

Հասմիկն ու Էդուարդը Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից են, սովորել են նույն դպրոցում, 13 տարեկանից գրեթե ամեն օր ջերմ ընկերների նման շփվել են, հետո եկել է մեծ սերը, որի շնորհիվ էլ հաղթահարել են բոլոր խոչընդոտներն ու նշանադրվել, սակայն չհասցրեցին ամուսնանալ։

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 19-ի չարաբաստիկ պատերազմը Հասմիկից խլեց և՛ սիրելի Էդոյին, և՛ սիրելի Արցախը։

«Էդուարդի հետ նույն դպրոցում ենք սովորել, ինձանից 9 ամսով էր մեծ։ Միշտ նշանադրության օր էինք պլանավորում, ու չէր ստացվում, որովհետև Էդոն միշտ աշխատանքի էր լինում՝ պայմանագրային զինծառայող էր։

Ժամկետային ծառայության կեսերից Էդուարդը որոշեց, որ պետք է պայմանագրային դառնա՝ 3 տարով, ժամկետային ծառայությունն անցկացրեց Մարտակերտում, իսկ որպես պայմանագրային՝ արդեն գնաց «Եղնիկներ»։

Հուլիսին վերջնականապես որոշել էինք, որ պիտի նշանադրվենք, բայց Էդոն կրկին դիրքերում էր, բայց հասցրեց եկավ։ Նշանադրությունից հետո որոշել էինք ամուսնանալ, հետո փոշմանեցինք, Էդոն ասեց, որ իրավիճակը լավ չէ, հետո էլ պայմանագրային զինծառայությանը 1,5 տարի էր մնացել, ավարտեր` ամուսնանայինք։ Այսինքն՝ 2024 թվականի վերջին պիտի արդեն ամուսնանայինք…»,- 168.am հետ զրույցում պատմում է Հասմիկ Ավանեսյանը ու վերհիշում սեպտեմբերի 19-ի օրը, երբ վերջին անգամ խոսել է Էդուարդի հետ։

Սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին, երբ դեռ Ադրբեջանը չէր հարձակվել, Էդուարդը Հասմիկի հետ զրուցելու ժամանակ ասել է, որ գնացել են փայտ բերելու, դիրքերում ցուրտ է, երևի ձյուն պիտի գա։ Դրանից հետո Հասմիկին այլևս չի հաջողվել կապ հաստատել Էդուարդի հետ։

«Դասընկերս «Եղնիկներում» է ծառայել՝ Էդուարդի դիրքերից երկու դիրք ներքև, ինձ ասել է, որ սեպտեմբերի 19-ին ուշ ժամի խոսել է Էդոյի հետ, իր ասելով` 19-ի լույս 20-ին է զոհվել Էդոն, գնացել է ընկերոջը օգնության, այդ ժամանակ էլ զոհվել են և՛ ինքը, և՛ ընկերը։ Էդոյի քրոջ ամուսինը նույնպես զոհվել է, նրանք փոքրիկ բալիկ ունեն, աղջիկ է»,- ասում է Հասմիկը։

Երիտասարդներն իրենց կյանքն Արցախից դուրս չեն պատկերացրել, նույնիսկ բարեկամներն Էդուարդին մշտապես ասել են՝ ամուսնանա ու տեղափոխվի Ռուսաստան՝ իրենց մոտ, սակայն նա հրաժարվել է։

«Էդոն Արցախը շատ էր սիրում, հատկապես «Եղնիկները», երբ գյուղ էր իջնում, ասում էր՝ գյուղում ի՞նչ կա, մեր «Եղնիկներում» լավ է, սիրուն է։ Ես էլ կատակով ասում էի՝ եթե դու չես ուզում իջնես «Եղնիկներից», ուրեմն՝ ես կգամ այնտեղ։

Մենք մեզ Արցախից դուրս չէինք պատկերացնում, Էդոն Արցախի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի բաժնում էր սովորում, միշտ ասում էր՝ ծառայությունից հետո պիտի մարզադպրոց ունենա։ Վոլեյբոլ էր սիրում խաղալ, մտածում էր սեփական խումբ ստեղծելու մասին։

Էդուարդն իր էությամբ ուշադիր մարդ էր, իմ, ընտանիքի ու շրջապատի նկատմամբ,  ընկերասեր էր, իր վերջին արարքը դրա վառ ապացույցն է»,- նշում է Հասմիկը։

Երբ սեպտեմբերի 20-ին հայտարարվեց զինադադարի մասին, Մարտակերտն արդեն շրջափակման մեջ էր, բնակչությանը ժամանակ էին տվել ժամ առաջ դուրս գալու։ Մաղավուզ տանող ճանապարհն արդեն փակ էր, Էդուարդը՝ զոհված… լուրն արդեն բոլորը գիտեին։

Հասմիկի ու Էդուարդի ընտանիքները միասին են դուրս եկել Մարտակերտից՝ չկարողանալով վերջին հրաժեշտը տալ Էդուարդին։ Միայն Էդուարդի զինծառայող հայրն է կարողացել վերջին անգամ տեսնել որդուն ու հուղարկավորել հայրենի գյուղում՝ Մաղավուզում։

«Էդուարդի դիրքերում, իմ հիշելով՝ 1-2 զինվոր է ողջ մնացել, բոլորը զոհվել են։

Երբ Ստեփանակերտում էինք, տեղի Կարմիր խաչը գնաց Մարտակերտ, որպեսզի այնտեղից բերեր զոհվածներին, խնդրեցի, որ Էդոյին էլ բերեն, բայց ասացին, որ չեն կարող, քանի որ արդեն հուղարկավորված է։

Հայաստանում ևս դիմել եմ Կարմիր խաչին, ասել են՝ ձյուն է գյուղում, կարճ ասել են, որ գարնանը կգնան, չգիտեմ՝ որքանով է ճիշտ։

Չէինք մտածում, որ Արցախը կկորցնենք, ասում էինք՝ այսքան դիմադրել ենք, աշխարհը լուռ չի մնա։ Էդոն երևի գիտեր, որ կռիվ է լինելու, դրա համար սեպտեմբերին դասի չեմ գնացել, ասում էր՝ տանը մնա, երբ ասեմ, այդ ժամանակ էլ կգնաս, այդպես էլ չգնացի…

Էդոն իր 21-ամյակը դիրքերում նշեց՝ սեպտեմբերի 8-ին, և առաջին անգամ էր՝ 2023 թվականին, որ հասցրեց իմ ծնունդին գալ, կրկին աշխատանքի էր՝ դիրքերում»,- ասում է մեր զրուցակիցը։

Իր սիրելի Էդոյին ու Արցախը կորցնելուց հետո ապագան ու կյանքը Հասմիկի համար անորոշ են դարձել, ասում է՝ կյանքը կանգնեց այն ժամանակ, երբ Էդուարդի սիրտը դադարեց բաբախել։

«Ատում եմ «կյանքը շարունակվում է» նախադասությունը, ինչպե՞ս կարող է կյանքս շարունակվել, երբ իմ կյանքը չկա՝ կյանքս կանգ է առել այն ժամանակ, երբ զոհվեց Էդուարդը…

Հիմա ուսումս եմ շարունակում, աշխատում եմ, չգիտեմ՝ Հայաստանում կմնա՞մ, թե՞  ոչ»։

Հասմիկն այսօր որևէ երազանք չունի, բոլոր երազանքներն իր սիրելի Էդոյի հետ թողել է սիրելի Արցախում։

Տեսանյութեր

Լրահոս