Արմեն Աշոտյանի գործն այնպիսի գործ է, որ նույնիսկ նրա քաղաքական հակառակորդներն են հստակ հայտարարում, որ Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է. Վարազդատ Հարությունյան
«Անձին քաղաքական հետապնդման ենթարկելը չի նշանակում որևէ միջադեպի բացակայություն: Եթե մարդը որևէ բան չի արել, ուրեմն այդ մարդը ոչ միայն քաղաքական հալածյալ է, այլև խղճի բանտարկյալ: Բայց եթե որևէ միջադեպ կա, որին դեռ քրեաիրավական նորմալ քննության արդյունքում պիտի վերջնական գնահատական տրվի, բայց այդ մարդու նկատմամբ կալանքն ու քրեադատավարական այլ ընթացակարգերը խտրական և հատուկ խիստ են կիրառվում, ուրեմն, այո՛, դա քաղաքական հետապնդում է»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ անդրադառնալով երկրում քաղբանտարկյալների առկայությանն ու, մասնավորապես, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանն ու գործին առհասարակ:
Վերջինս նշեց՝ ինքը շատ ակտիվորեն հետևում է Արմեն Աշոտյանի դատավարությանը, և դա այն գործերից է, որոնք ամենաշատն են նյարդայնացնում:
«Նույնիսկ, եթե Աշոտյանը խղճի բանտարկյալ չէ, ապա քաղբանտարկյալ է միանշանակ: Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է: Նրա գործն այնպիսի գործ է, որ նույնիսկ նրա քաղաքական հակառակորդներն են հստակ հայտարարում, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է: Նույնիսկ իրավապաշտպանները, ովքեր գործի սկզբում ձեռնպահ էին մնում գնահատականներ տալուց, նախավերջին դատական նիստից հետո, երբ կալանքը երկարացվեց, Վարդան Հարությունյանը, օրինակ, ասաց, որ գործի հանգամանքներն ու մանրամասներն այլևս էական չեն, Արմեն Աշոտյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում»,- ասաց Վարազդատ Հարությունյանը:
Փաստաբանի խոսքով՝ Արմեն Աշոտյանի գործում նույնիսկ ջանք չի գործադրվում իրավականության, իրավաբանության իմիտացիա ստեղծելու, պրոցեսին որոշակի իրավական շղարշ հաղորդելու: Դատարանների համար որևէ հանգամանք էական չէ: Եթե կան քաղաքական որոշակի շարժառիթներ անձին որոշակի խստության հետապնդման ենթարկելու, ապա ո՛չ 15, ո՛չ 115 երաշխավորներն էական չեն:
«Մանավանդ վերջին դատական նիստից հետո, երբ պարզ դարձավ, որ տուժողն ինքը՝ այդ արհեստակցական միությունը, լուծարվել է: Քաղաքացիական շրջանառության մեջ ֆիզիկական անձի գործունակությունը, իրավունակությունը դադարում է մահվամբ, իրավաբանական անձինը՝ լուծարմամբ: Այդ կազմակերպությունը վաղուց լուծարվել է, նշանակում է՝ օժտված չէ իրավունակությամբ ու գործունակությամբ, հետևաբար՝ չի կարող իրացնել տուժողի իրավունքներն ու պարտականությունները որևէ դատական գործընթացի ժամանակ»,- ասաց Վարազդատ Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: