Իրանը բոլոր մակարդակներում հայտարարել է՝ թույլ չի տա թուրանական միջանցքի ստեղծումը. Վարդան Ոսկանյան

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ Իրանի հետ հարաբերություններում Հայաստանի խնդիրներից մեկն այն է, որ ունի հոգեբանական ապատեղորոշում։

«Մեր տեղորոշումը ֆիզիկապես ու մարմնապես Մերձավոր Արևելքում է, իսկ հոգեբանորեն և մտովի մեզ պատկերացնում ենք Եվրոպայում։ Մերձավոր Արևելքում գործում են բոլորովին այլ օրենքներ, որոնք չեն գործում Եվրոպայում։

Այս տարածաշրջանում Իրանին շատ լավ հասկանում են՝ թե՛ իրենց դերակատարությունը, թե՛ տարածաշրջանի բնույթը, և առհասարակ խնդիր չունեն իրենց ֆիզիկական ու հոգեբանական տեղորոշման հետ կապված»,- «Ի՞նչ ուղերձներ ենք հղում հասարակությանը» պանելային քննարկման ժամանակ ասաց Վարդան Ոսկանյանը։

Իրանից Հայաստանին հղվող ուղերձները, ըստ Վարդան Ոսկանյանի,  մի քանիսն են, դրանք ուղղված են նաև աշխարհին ու Հայաստանի թշնամուն՝ արհեստածին Ադրբեջանին։

Կարդացեք նաև

«Եթե փորձենք թվարկել Հայաստանին եկող ուղերձները, ապա դա հետևյալն է՝ հայ-իրանական հարաբերությունների այն մակարդակը, որը եղել է  մինչև 44-օրյա պատերազմը, այժմ չի բավարարում Իրանին։ Խոսքը վերաբերում է  ոչ միայն տնտեսական, մշակութային հարաբերություններին, այլև, որ Իրանը ցանկանում է մշտական ներկայություն ունենալ Հարավային Կովկասում, հաշվի առնելով այն, որ Թուրքիան իր դիրքերն այստեղ ամրակայել է։ Հայաստանը պետք է դառնա յուրօրինակ միջավայր, որտեղ կկարողանան համագործակցել այն բոլոր պետությունները, որոնց շահերը մեծ մասամբ համընկնում են մեր շահերին։ Իրանի նպատակը Հայաստանի հետ ռազմավարական հարաբերություններին ձգտելն է»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը։

Իսկ Իրանի կողմից աշխարհին ու Ադրբեջանին ուղղված ուղերձները, ըստ Վարդան Ոսկանյանի, վերաբերում են «թուրանական միջանցքին»։

«Մենք շատ հեշտությամբ ընդունում ենք թշնամական եզրույթները, Բաքվի բռնապետն ասում է՝ «Զանգեզուրի միջանցք», մեր հասարակության խոսույթում օգտագործվում է  այդպես, այնինչ դա «թուրանական միջանցք» է, սրա վերաբերյալ Իրանի «կարմիր գծերը» շատ հստակ են։ Իրանցիները բոլոր մակարդակներում առաջնորդվելու են Իրանի հոգևոր առաջնորդի  զգուշացմամբ Էրդողանին։ Իրանի հոգևոր առաջնորդը հստակ արձանագրել է՝ հայ-իրանական սահմանի հազարամյակների բնույթը չի կարող խաթարվել։ Իրանցիների կողմից դիրքորոշումը շատ հստակ է, բայց հստակ չեն մեր կողմից գնացող ազդակները»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս