Ադրբեջանն այդ ամենը հաշվի առնելով՝ փորձելու է առավելագույնս խաղարկել պատանդառության հանգամանքը, ինչպես նաև քաղաքական շանտաժ, քաղաքական պայմաններ թելադրել. Հակոբ Բադալյան
Նախորդ շաբաթվա վերջին ադրբեջանական կայքերը միմյանց հերթ չտալով՝ հրապարակում էին ադրբեջանական գերության մեջ գտնվող՝ Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության լուսանկարները՝ ցույց տալու համար, թե իբրև Բաքվում նրանք «լավ պայմաններում են գտնվում»։ Տարածվում էր Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի հին լուսանկարներից միակը՝ Բաքվի բանտում, իսկ Արցախի ԱԺ ներկայիս նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊՆ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարներն առհասարակ չկային։
Ադրբեջանի գործողություններն ու հայտարարությունները, ՀՀ իշխանությունների կողմից այս ուղղությամբ գոնե հրապարակային գործողությունների բացակայությունը դեռևս հույս չեն ներշնչում, որ Ադրբեջանում պահվող Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը կվերադարձնեն Հայաստան։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանից հետաքրքրվեցինք՝ նրանց հայրենիք վերադարձն իրավակա՞ն, թե՞ քաղաքական լուծում է պահանջում։
«Հարցը, իհարկե, բարդ է։ Եթե այդ մարդիկ Բաքվում հայտնվել են ոչ իրավական ճանապարհով, փաստացի պատանդառվել ու գերվել են, բարդ է պատկերացնել, որ իրավական ճանապարհով նրանք կարող են վերադարձվել հայրենիք։ Կամ՝ այստեղ իրավական ճանապարհը կարող է գործիք լինել, հարցը քաղաքական ճանապարհով լուծելու համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբանը։
Նրա խոսքով՝ ամեն դեպքում խնդրի լուծումը քաղաքական է, սակայն այստեղ էլ այսօրվա իրավիճակով բարդ է պատկերացնել, որ Ադրբեջանը կգնա ինչ-որ քաղաքական լուծումների։
«Ադրբեջանը կփորձի առավելագույնս օգտագործել այդ հանգամանքը՝ մի կողմից Հայաստանում հասարակության վրա ազդելու և Հայաստանում, այսպես ասած, ներհասարակակական խմորումներ անելու համար։ Տեսանք, թե այդ լուսանկաների հրապարակումն ինչ հակասական արձագանքների արժանացավ Հայաստանում։ Իհարկե, այստեղ որևէ բան բանական մեկնաբանության ենթակա չէ, այն հրճվալից արձագանքները, որ, դժբախտաբար, գոյություն ունեն որոշ հատվածներում։ Ադրբեջանը հենց այդ ամենը հաշվի առնելով՝ փորձելու է առավելագույնս խաղարկել պատանդառության հանգամանքը, ինչպես նաև քաղաքական շանտաժ, քաղաքական պայմաններ թելադրել ու դա որպես միջոց օգտագործել։ Կարծում եմ՝ տեսանելի ապագայում շատ բարդ ու մշուշոտ է անգամ այդ քաղաքական լուծումը»,- հավելեց Հակոբ Բադալյանը։
Հարցին՝ ՀՀ իշխանությունը խոսում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին, արդյոք Բաքվում պահվող պատանդներին հայրենիք վերադարձնելը չպե՞տք է լինի նախապայմաններից մեկը՝ այդ փաստաթուղթը ստորագրելուց առաջ, Հակոբ Բադալյանը պատասխանեց, որ որևէ տրամաբանության ենթակա չի կարող լինել այն, որ եթե կա խաղաղության պայմանագիր ու խաղաղություն, լինեն պահվող գերիներ։
«Եթե որևէ փաստաթղթի ստորագրում ուղեկցվի փաստացի պատանդների ու գերիների առկայությամբ՝ դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից մնացող, սա նշանակում է, որ այդ փաստաթուղթը ոչինչ է, որովհետև խաղաղությունն առաջին հերթին՝ ուժերի հավասարակշռված վիճակն է, ինչը նշանակում է, որ չեն կարող լինել պատանդներ և գերիներ։ Եթե նրանք դեռևս գերության մեջ են, բնականաբար, որևէ խաղաղության մասին խոսք լինել չի կարող»,- եզրափակեց Հակոբ Բադալյանը։
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է մնալ ադրբեջանական գերության մեջ. Արցախի նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ ներկայիս նախագահ Դավիթ Իշխանյանը սեպտեմբերի 27-ից գտնվում են Ադրբեջանի բանտերում։
Հայաստանի իշխանության ներկայացուցիչները տարբեր միջազգային հարթակներում իրենց ելույթների ժամանակ որևէ խոսք չեն ասում այս մարդկանց, ինչպես նաև այն հարյուրավոր քաղաքացիների մասին, որոնք 44-օրյա պատերազմից հետո գտնվում են ադրբեջանական բանտերում։\