Արցախ, եկեղեցի, ընտանիք ու պետական խորհրդանիշներ. Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանի Սահմանադրության թիրախների մասին
Խորհրդարանի Եվրոպական ինտեգրման և Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովների նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից նոր Սահմանադրության մասին առաջարկը թուրք-ադրբեջանական տանդեմի հերթական պահանջներին տուրք տալու համար է արվում:
«Մենք հիշում ենք, որ Նիկոլի իշխանության տարբեր փուլերում թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը պարբերաբար բարձրացրել են ՀՀ Սահմանադրութունը փոփոխելու խնդիրը,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց Նաիրա Զոհրաբյանը, ապա անդրադարձավ այն հավանական նպատակներին, որը Սահմանադրության փոփոխությունից ակնկալում է իշխանությունը,- Ակնհայտ է մի բան, որ առաջին խնդիրը, որը փորձելու է լուծել Նիկոլ Փաշինյանը, Անկախության հռչակագրի վերախմբագրումը կամ չեղարկումն է լինելու, որպեսզի Արցախի հանձնումը լեգիտիմացնի. Սահմանադրության մեջ հղում է արվում Անկախության հռչակագրին: Իսկ Անկախության հռչակագրում ամրագրված է Արցախի անքակտելիությունը Հայաստանի հետ:
Երկրորդ կարևորագույն խնդիրը, որն ինքը լուծելու է Սահմանադրության փոփոխությամբ, Հայ Առաքելական եկեղեցու՝ հայ ժողովրդի կյանքում վերապահված բացառիկ դերի մասին հիշատակումը հանելն է լինելու: Ի դեպ, նման պահանջ եվրոպական կառույցների կողմից մշտապես եղել է. տարիներ շարունակ ինձ ևս առաջադրվել է այդ պահանջը՝ որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ: Բնականաբար, նախկին իշխանությունները երբևէ նման քայլի չէին գնալու, այս իշխանությունը գնալու է:
Երրորդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման իրավունքից հրաժարվելն է լինելու: Սա, ինչպես գիտենք, նաև Թուրքիայի մշտական պահանջներից մեկն է:
Համոզված եմ, որ հանվելու է նաև այն դրույթը, որով սահմանվում է՝ ընտանիքը տղամարդու և կնոջ միջև ամուսնական կապն է, ինչը ևս եվրոպական կառույցների պահանջն է»:
Այս համատեքստում քաղաքական գործիչը խոսեց նաև Սահմանադրության փոփոխությամբ պետական խորհրդանիշների թիրախավորման մասին՝ հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է՝ ինքը մի երկրի վարչապետ է, որը նայում է Արագածին:
Ամփոփելով՝ նա արձանագրեց՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Սահմանադրությունը հարմարեցնելու է Ալիևի, էրդողանի և սեռական փոքրամասնությունների ճաշակին:
«Ես լիբերալ անձնավորություն եմ, բայց եթե Երկրի Մայր օրենքով ինչ-որ արտոնություններ են սահմանվելու որևէ սոցիալական խմբի հանդեպ, ինձ համար անընդունելի է,- նկատեց նա, ապա հավելեց,- Մենք կունենանք Ալիևի անվան ՀՀ Սահմանադրություն»:
Նաիրա Զոհրաբյանը չգիտի՝ ինչպես կանխել միլիմեջլիսյան Սահմանադրություն ունենալու գործընթացը, քանի որ, ըստ նրա, ընդդիմությունն այս պահին անհասկանալի օրակարգերով է զբաղված:
«Ընդդիմությունը չպետք է խորհրդարանում Նիկոլի հետ ստորակետի հարց քննարկի՝ ինչպես նախօրեին «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկն էր քննարկում»,- ասաց նա:
«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- իր ամբիցիոզ ծրագրերի մասին հետևյալ դիտարկումն է արել նա՝ Արդարադատության նախարարության 2023-ի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ, սակայն ընդգծել է, որ կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ Հայաստանի կառավարման խորհրդարանական մոդելն «ամենահարմարն է» Հայաստանի Հանրապետության համար: Հետո իր այս տեսակետը հիմնավորել է թեզով՝ «եթե 2020 թվականի հետպատերազմյան շրջանում մենք կառավարման հենց խորհրդարանական մոդել չունենայինք, մեր պետականության հետ կարող էր տեղի ունենալ այն, ինչ գուցե շատերն ուզում էին, որ տեղի ունենա»:
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև սահմանազատման աշխատանքների մասին, որում ներգրավված է Արդարադատության նախարարությունը, անդրադարձել է անվտանգային հարցերին:
«ՀՀ անվտանգությունն ապահովելու անկյունաքարը լեգիտիմությունն է: Սա նշանակում է, որ մենք խնդիր ենք դնում՝ ՀՀ-ն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում կայանա, զարգանա՝ որպես իրավական, ժողովրդավարական պետություն»,- ասել է նա: