ԱՄՆ-ն ժամկետներ չի նշում, թե երբ F-16-ներ կտրամադրի Թուրքիային
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին անդրադարձել է Անկարայի ու Վաշինգտոնի միջև շարունակվող բանակցություններին ամերիկյան F-16 կործանիչների արդիականացման և վաճառքի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Մենք այս հարցում հետևողական դիրքորոշում ենք ունեցել Բայդենի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր: Մենք շարունակում ենք աջակցել F-16-ների արդիականացմանը և F-16-ների (նոր խմբաքանակ – խմբ.) վաճառքին»,-նշել նա։
Թուրքական աղբյուրը հայտնում է, որ Քիրբին հստակ ժամկետ չի նշել, թե երբ կտրամադրվի Թուրքիային F-16 կործանիչների նոր խմբաքանակը։
Հիշեցնենք, որ երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Թուրքիան դուրս թողնվեց ամերիկյան 5-րդ սերնդի նորագույն F-35 կործանիչների համատեղ ծրագրից, որին մասնակցում են մոտ մեկ տասնյակ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ:
Փոխհատուցում ստանալու կամ խնդիրը հարթելու ակնկալիքով ամիսներ առաջ Անկարան դիմել է Վաշինգտոնին 40 միավոր 4-րդ սերնդի F-16 կործանիչներ գնելու, ինչպես նաև իր ունեցած 80 միավոր F-16 ներն արդիականացնելու համար: