«Առաջարկում էին թողնել պաշտոնը՝ սպառնալով քրեական գործեր հարուցել». Ալավերդու նախկին համայնքապետ

Դեկտեմբերի 5-ի վաղ առավոտյան Ալավերդի համայնքում հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին համայնքապետարանի շենքը, որպեսզի ապահովեին համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթացը։

Այդ գործընթացին միացել էր նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Կարմիր բերետավորները թույլ չէին տալիս, որպեսզի «Ապրելու երկիր» և ՀԱԿ կուսակցության ավագանու անդամները մտնեն համայնքապետարանի շենք, և այդ պայմաններում էլ ՔՊ-ական ավագանու անդամներն անվստահություն հայտնեցին համայնքապետ Արկադի Թամազյանին։ Այդ ընթացքում հասցրել էին նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Ղումաշյանին «ընտրել» համայնքապետ։

Երեկոյան արդեն Ալավերդի համայնքում կրքերը հանդարտվել էին, Արկադի Թամազյանը հեռացվել էր, ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը՝ զբաղեցրել համայնքապետի պաշտոնը։

Ավագանու ՔՊ-ական անդամները դեռ նոյեմբերի վերջին էին սկսել խոսել Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու մասին, սակայն դրա հիմքերի մասին ոչինչ չէին ասել։

Կարդացեք նաև

168.am հետ զրույցում Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանն ասաց, որ դեկտեմբերի 5-ից հետո դիմել էր Դատախազություն՝ իշխանական պատգամավորի կողմից հնչեցրած վիրավորական խոսքերի, ոստիկանության գործողությունների և առհասարակ տեղի ունեցած ապօրինությունների վերաբերյալ, սակայն Դատախազությունից պատասխանել են, որ ոչ իրավաչափ որևէ գործողություն տեղի չի ունեցել։ Նույն հարցերի վերաբերյալ նա դիմել է նաև ՄԻՊ-ին. պատասխան դեռևս չկա։

«Այսինքն՝ իրենց պատասխանով՝ ամեն ինչ տեղի է ունեցել «իրավական» դաշտում։  Իսկ ինձ հեռացնելու առնչությամբ դիմել եմ դատարան, դատարանը վարույթ է ընդունել։ Իսկ վարույթ ընդունելու դեպքում օրենքն ասում է, որ հենց օրենքի ուժով կասեցվում է տվյալ իրավական ակտը, այսինքն՝ մինչև դատարանի վճիռը պետք է ես լինեի համայնքապետ, սակայն մինչ օրս համայնքը բռնազավթած անձը չի հեռանում համայնքի ղեկավարի պաշտոնից։

Այդ պատճառով դիմել ենք Տարածքային կառավարման նախարարին, Լոռու մարզպետի պաշտոնակատարին, դիմել ենք հենց իրեն՝ համայնքը բռնազավթած անձին, մեր ավագանուն, ինչպես նաև Գլխավոր դատախազին։ Սակայն որևէ տեղից դեռևս որևէ պատասխան չենք ստացել»,- նշեց Արկադի Թամազյանը։

Նա հիշեցրեց, որ մինչ Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար լինելը, ղեկավարում էր Ախթալա համայնքը, և այդ ղեկավարման 5 տարիների ընթացքում ՔՊ-ական Արեն Մկրտչյանը, նաև պետական մարմինների ներկայացուցիչները, որպես օրինակելի համայնք՝ հիշատակում էին հենց իր ղեկավարած Ախթալա համայնքը։

«Երբ Ախթալա խոշորացված համայնքը միացվեց Ալավերդի համայնքին, ես հանդես եկա որպես համայնքի ղեկավարի թեկնածու՝ իմ թիմով։ ՔՊ-ն առաջադրեց Արեն Մկրտչյանի թեկնածությունը՝ առաջին համարով, որն ԱԺ-ում էր, ու ինձ համար անհասկանալի էր՝ ինչու է նա ԱԺ-ից գալիս ու ցանկանում դառնալ համայնքի ղեկավար։ Ընտրություններից հետո ես հաղթեցի, ՔՊ-ի համար խնդիր էր, որ ինքը չի ղեկավարելու Ալավերդի համայնքը։ Դրանից հետո սկսեցին գործընթացներ, չէին մարսում պարտությունը, 40 օրից ավելի կոլապսի ենթարկեցին համայնքը, ստուգումներ էին կատարում։ Առաջարկում էին թողնել իմ պաշտոնը, հակառակ դեպքում սպառնում էին քրեական գործեր հարուցել։ Այդ ստուգումների արդյունքում փորձեցին քրեական գործեր հարուցել, բայց չկարողացան, որովհետև որևէ բան չգտան»,- շեշտեց նա։

Նրա բնորոշմամբ՝ իրեն անվստահություն հայտնելու գործընթացը տեղի է ունեցել ապօրինի, քանի որ իշխանությունը ոստիկանական մեծաթիվ ուժեր էր բերել Ալավերդի՝ մոտ 1200 հոգի, և բռնի ուժի գործադրմամբ իրենց գործն արեցին։ Ապօրինությունն այնքան ակնհայտ էր, որ բոլորին էր հասկանալի ու տեսանելի։

«Վանաձորում տեղի ունեցածի սցենարով փորձում էին նաև Ալավերդիում անել, բայց չկարողանալով քրեական տարրեր գտնել, ստիպված գնացին այս ճանապարհով։ Իշխանությունը փորձում է ամբողջ հանրապետությունում զավթել ՏԻՄ ոլորտը, որպեսզի կարողանան բռնի ուժով կառավարել երկիրը։ Եթե նույն ոգով մենք մեր ծառայությունը մատուցեինք գործող իշխանություններին, ապա կմնայինք մեր պաշտոններին։ Բայց մենք այդպես չենք կարող անել, քանի որ պետության մեջ ՏԻՄ ոլորտն առանձին է լինում, նրան ժողովուրդն է ընտրում։ Ի՞նչ է նշանակում, ժողովրդի ընտրելուց հետո մենք ինչ կուզենք՝ կանենք»,- նկատեց մեր զրուցակիցը։

Նա նաև փոխանցեց, որ մինչև իրեն հեռացնելն իշխանությունների հետ որևէ ցցուն կոնֆլիկտ չի ունեցել, խնդիրը միայն այն է եղել, որ իշխանություններին խանգարելով՝ մեկ տարվա մեջ զարգացրել են համայնքը։

«Ամբողջ խնդիրն այն է, որ համայնքի ղեկավարը պետք է լինի ՔՊ-ական, այլ խնդիր չկա։ Հիմա մեր այս երկրում ամեն ինչ հավատալու է։ Եթե կրկին ընտրություններ լինեն, ես մասնակցելու եմ, եթե ըստ իշխանությունների՝ մենք ժողովրդավար պետությունում ենք ապրում, պետք է դնեին նոր ընտրություններ։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ Ալավերդիում՝ բռնապետության, ոստիկանապետության քայլ էր։ Ալավերդիում ժողովուրդը երբեք այդքան ոստիկան չէր տեսել, ժողովուրդը սա չի ընկալում, չի ընդունում։ ՀՀ-ում առաջին անգամ նման բան տեսա»,- եզրափակեց Արկադի Թամազյանը։

Հիշեցնենք, որ 2022-ի սեպտեմբերի 25-ին Ալավերդիում տեղի ունեցած  ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել էին 13-ական մանդատ։ Ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած «Հայ ազգային կոնգրեսը» 1 մանդատ էր ստացել. օրենքի համաձայն՝ համայնքի կառավարումը պետք է կազմված լիներ 3 ուժից։ Ուստի,
«Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները հուշագիր էին ստորագրել՝ միասնական թեկնածու առաջադրել Արկադի Թամազյանին։

Հոկտեմբերի 12-ին Ալավերդիի նորընտիր ավագանու առաջին նիստում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը համայնքապետ էր ընտրվել՝ իրականացնելով համատեղ կառավարում:

Տեսանյութեր

Լրահոս