30 տարի ասել ենք՝ Ղարաբաղը, Նախիջևանը Հայաստան է, Ալիևը հակակշիռ է ստեղծում այս նարատիվներին. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վստահեցմամբ՝ խաղաղության պայմանագրում եղած բոլոր կետերն ու թեզերը վերաբերում են թե՛ Հայաստանին, և թե՛ Ադրբեջանին։ Պայմանագրում չկա մեկ կետ, որը կարող է վերաբերել միայն մեկ կողմին։
«Երբ խոսվում է զորքերի հետքաշման մասին, խոսքը հայելային հետքաշման մասին է, այսինքն՝ բոլոր թեզերը վերաբերում են երկու կողմերին։ Չկա որևէ կետ, որտեղ գրված է, որ այս պայմանագրով Հայաստանը միակողմանի պարտավորվում է, և այլն»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելուն, որի մասին խոսում են նաև իշխանական պատգամավորները, Ալեն Սիմոնյանն ասաց՝ ՀՀ տարածքային ամբողջականության մասին Ադրբեջանի ղեկավարը բազմիցս հրապարակային հայտարարություն է արել՝ նաև ՌԴ նախագահի ներկայությամբ։
«Եթե խոսքը վերաբերում է 29.800 քկմ տարածքի մասին, այո, բառացի այդ թիվը չի ասվել, և մենք սպասում ու ակնկալում ենք, որ դա նույնպես տեղի կունենա։ Բայց դրա բացատրություններն ու պատճառաբանություններն ադրբեջանական կողմի այն է, որ սահմանազատում ու սահմանագծում պետք է լինի, դրա համար զերծ են մնում կոնկրետ թիվ հայտարարելուց։ Գուցե սա պահում են սակարկման կամ հետագա բանակցությունների համար, իսկ ես կարող եմ ասել, որ կա քննարկվող պայմանագիր, որի կետերով մենք առաջ ենք գնում այս պահին»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Հարցին՝ գուցե ՀՀ տարածքային ամբողջականության մասին Ադրբեջանը չի հայտարարում, քանի որ տարածքային նկրտումներ ունեն, հատկապես, երբ վերջերս Ալիևը հայտարարեց, որ «Երևանն «Էրիվան» է եղել», Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե արդյո՞ք չեն նկատում, որ այն ամենը, ինչ անում է հարևան երկրի ղեկավարը, անում է հայելային՝ կրկնելով այն, ինչ արել է հայկական կողմն այս տարիների ընթացքում։
«Չէ՞ որ մենք միշտ ասում ենք, որ դա մեր պատմական տարածքներն են և այլն։ Տրամաբանությունը մտել է նաև հայելային խոսակցության մեջ։ Այսինքն՝ Ալիևը խոսում է մի բանի մասին, որպեսզի հակակշիռ ստեղծի այն նարատիվներին, որի մասին 30 տարի մենք խոսել ենք։ Մենք ասել ենք, որ Նախիջևանը Հայաստան է, Ղարաբաղը Հայաստան է, ասել ենք, որ գնալու ենք Բաքվում թեյ խմենք, և իրենք ասել են, որ գալու են Սևան։ Մի խոսքով՝ այս բառապաշարի մեջ ենք մտել, բայց կրկնում եմ՝ կա գործընթաց պայմանագրային, որտեղ ամեն ինչ վերաբերում է պայմանագրի երկու կողմերին հավասարաչափ»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում