Ազատումներով հարց չի լուծվում, պետք է հասկանալ՝ ինչո՞ւ է զինծառայողը դիրքում քնում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին բանակում տեղի ունեցած մահվան դեպքերին, ասաց, որ անկախ մահվան պատճառներից, դրանք մեծ ողբերգություն են թե՛ այդ տղաների ընտանիքների, թե՛ Հայաստանի համար։
«Այս դեպքում հարցը կարելի է դիտարկել երկու մակարդակում։ Առաջինը՝ բուն քրեական գործերն են և իրավական այն գործընթացը, որոնք պետք է տեղի ունենան և հստակ լինի իրավիճակի ողջ տրամաբանությունը, նաև հանգամանքները, որպեսզի հստակ հասկանանք, թե որտեղ են խնդիրները։ Բնականաբար, պետք է հասկանալ յուրաքանչյուրի պատասխանատվության չափաբաժինը, լինի գումարտակ, զորամաս, զորամիավորում և այլն»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։
Ըստ պատգամավորի, բանակում նման դեպքերը շարունակվում են, քանի որ բուն պատճառները դուրս չեն բերվում, ուստի լուծումներ չեն լինում։
«Այս դեպքերից մեկի համատեքստում շատ է խոսվում, որ իրադարձությունները տեղի են ունենում, օրինակ, մարտական դիրքերում քնելու և դրանից բխող կոնֆլիկտների հետևանքով։ Այս ամենից հետո իշխանությունը որը տարբեր փուլերում արել է՝ այն է, որ հրամանատարական տարբեր պաշտոններից մարդկանց ազատել է և այլն։ Մարդկանց ազատումները չեն բերում այդ խնդիրների լուծմանը, պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է զինծառայողը մարտական դիրքում կամ հենակետում քնում, հոգնածության խնդի՞րն է, գուցե այն, որ նա երկար ժամանակ մարտական դիրքերո՞ւմ է»,- հավելեց պատգամավորը։
Հիշեցնենք՝ հունվարի 9-ին ՊՆ N զորամասում տարբեր ժամերի գրանցվել էր երկու զինծառայողների մահվան դեպք։ Ինչպես տեղեկացրել էր Պաշտպանության նախարարությունը՝ հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել էր ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Նույն օրը N մարտական դիրքում ժամը 06:20-ի սահմաններում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Իսկ հունվարի 13-ին ՊՆ-ն հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները ձյան տակից դուրս էին բերել Սիսիանի զորամասում ծառայող զինվորի անշնչացած մարմինը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում