Իրավիճակը կարող է կտրուկ սրվել. Ալիևը պարզ ասում է՝ ինչը չստացա խաղաղ ճանապարհով, ստանալու եմ պատերազմով. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝  ՀՀ իշխանությունները տարբեր դրվագներում՝ ըստ քաղաքական նպատակահարմարության, փորձում են սեփական ձևով մեկնաբանել իրադարձությւոնների ընթացքը։

«Ադրբեջանի ասածը հետևյալն է՝ Ադրբեջանի կողմից կա հստակ պահանջ, որ իջեցված է առհասարակ Հայաստան-Ադրբեջան օրակարգում, և Ադրբեջանը շատ պարզ ասում է՝ ինչին կարող եմ հասնել խաղաղ ճանապարհով՝ գնալու եմ խաղաղ ճանապարհով, ինչին հնարավոր չեղավ հասնել այդ ճանապարհով, գնալու եմ պատերազմական ճանապարհով։

Այս սկզբունքը, որն Ադրբեջանը դրել է Հայաստանի հետ բանակցությունների գործընթացում, կարծում եմ՝ որոշակի փոփոխություններով, մի քանի տարի է՝ առկա է։ Այնպես որ, չեմ կարծում, թե Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններով տեղի է ունեցել շատ մեծ փոփոխություն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նրա դիտարկմամբ, ըստ էության Ադրբեջանի ղեկավարը որոշակի գաղտնազերծում է անում բանակցային գործընթացի տարբեր տարրերի հետ կապված։ Գործընթացն այնպիսին է, որը, բնականաբար, ենթադրում է կա՛մ Հայաստանի կողմից նոր՝ շատ ավելի մեծ տարածքային զիջումներ, կա՛մ երկրորդ տարբերակ՝ որևէ ձևով բացառելի չէ, որ Ադրբեջանը գնա արկածախնդրության ճանապարհով։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ ուղղված Ադրբեջանին,  որ խաղաղության պայմանագրում կարող են ամրագրել նաև սպառազինության մասին վերահսկողություն, Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ այս առաջարկը շատ հեղհեղուկ է, և շատ բան կախված է նրանից, թե իրականության մեջ դրա տակ ինչ է հասկանում։

«Օրինակ, կան միջազգային ռեեստրներ՝ ՄԱԿ-ի ռեեստրներ, որոնց ցանկացած պետություն ներկայացնում է իր հնարավոր մատակարարումները։ Իհարկե, տարիները ցույց են տվել, որ կոնկրետ Ադրբեջանը (սա միայն Ադրբեջանին չի վերաբերում) համապատասխան թվերը պատշաճ ձևով չի ներկայացրել։ Այսինքն՝ սա մի առաջարկ է, որով գուցե Հայաստանի իշխանությունը փորձում է ցույց տալ իր կառուցողական կեցվածքը, չնայած Հայաստան-Ադրբեջան բանակցություններում սա ընդգծելու կարիք չկա, որովհետև ակնհայտ է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը»,- ընդգծեց պատգամավորը։

Նա նաև շեշտեց՝ վերջին 10 օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ իրավիճակը կտրուկ կարող է փոփոխվել՝ սրվել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս