Թքած, թե մեքենաների շարժիչները չեն դիմանա. մրցույթի պայման էլ կփոխեն, ամեն ինչ կանեն, միայն թե՝ մի քանի միլիոնանոց տենդերն իրենց ցանկալի անձը շահի
Նախորդ տարվա մոտավորապես այս ժամանակահատվածում Արդարադատության նախարարությունը հայտարարեց նոր պարեկային ծառայության ստեղծման մասին: Ըստ հեղինակների հայտարարության՝ այն լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` նոր կրթությամբ ու հմտություններով, նոր վարվելակերպով ու պրոֆեսիոնալիզմով, բարձր աշխատավարձով, նոր սարքավորումներով ու միջոցներով հագեցած:
Ըստ այդմ՝ 2021թ.առաջին եռամսյակից՝ Երևան քաղաքում, իսկ 2022թ. առաջին եռամսյակից՝ ողջ հանրապետությունում կգործի նոր պարեկային ծառայություն:
Այս նպատակին հասնելու առաջին քայլը Ոստիկանության կրթահամալիրում 5 ամիս տևողությամբ ուսուցման ծրագիրն էր:
Նոր ծառայության գրավչությունը, անշուշտ աշխատավարձն էր, որը ուսուցման ողջ ժամանակահատվածում նվազագույն ամսական աշխատավարձի՝ 68.000 դրամի չափով էր տրվելու՝ որպես վարձատրություն, իսկ ոստիկանության ծառայողների դեպքում աշխատավարձը պահպանվելու էր:
Արդեն ծառայության ընթացքում՝ նվազագույն աշխատավարձը կազմելու է 320.000 ՀՀ դ. (հարկված՝ 237.400 դրամ):
Ծառայության արտաքին տեսքը ենթադրելու է միջազգային ստանդարտներին համապատասխան պարեկային ծառայության նոր տեսակի համազգեստ, նոր տեխնիկական ու հատուկ միջոցներով հագեցվածություն, նոր ավտոմեքենաներ։
Ազգային ժողովում նախագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի տեղեկացմամբ՝ նոր պարեկային ծառայությունը սկզբնական փուլում ունենալու է 700 աշխատակից, որոնց աշխատավարձերի համար տարեկան 4.3 միլիարդ դրամ է հատկացվելու: Այս նպատակով նախատեսվում է առանձին հիմնադրամ ստեղծել: Պետբյուջեից 3.3 միլիարդ դրամ կհատկացվի ավտոմեքենաների, զենքի և հատուկ միջոցների ձեռքբերմանը: Փոխնախարարը հավելեց, որ 3 տարվա ընթացքում նախատեսվում է ծախսել 16 միլիարդ դրամ:
Ինչպես տեսնում ենք, բավականին պատկառելի գումար է դրված այս ծառայությունը կյանքի կոչելու համար, և կարելի էր ենթադրել, որ որևէ բացթողում, կիքս, չհաշվարկված քայլ այս գումարների պարագայում չի լինելու:
Սակայն, ինչպես վերջին 3 տարում Հայաստանում ցանկացած ոլորտում, այնպես էլ այստեղ «միջոցառման կազմակերպիչների» փնթիությունը և անպատասխանատվությունն իրենց կատարած աշխատանքի նկատմամբ իրեն սպասեցնել չտվեց:
168.am-ի ձեռքի տակ հայտնված լուսանկարները փաստում են, որ նոր պարեկային ծառայության մեքենաների և տարբերանշանների վրայի գրառումները տառասխալով են. «Պարեկային ծառայություն» երկու բառից բաղկացած բառակապակցության մեջ «ծառայություն» բառի «յ» տառը բացակայում է, հասկանալի չէ՝ չիմացությա՞ն, թե՞ անուշադրության պատճառով:
Այսինքն՝ աշխատանքային խմբում մի ուշադիր մարդ չի գտնվել, որ երկու բառ ճիշտ թողարկվի:
Մեզ ասացին, որ արդեն 10 մեքենա սխալ գրառմամբ պատրաստ է ծառայության, իսկ սխալն ուղղելը խնդիր է. տեղը մնում է:
Ի դեպ, շևրոնների վրայի գրառման պատասխանատու դիզայներական ընկերությունը կապվում է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանի հետ. մեզ հասած տեղեկություններով՝ վերջինիս ընկերոջ ընկերությունն է զբաղվել նոր պարեկային ծառայության ոստիկանների համազգեստի շևրոնների դիզայնով:
Բայց սա միակ թերությունը չէ:
168.am-ին փոխանցեցին, որ մեքենաների վրայի փարոսիկները (միգալկաները) նույնպես վատ որակի են, մեքենաների համակարգիչները՝ մեծ, և դրանք տեղադրելու դեպքում՝ մտավախություն կա, որ վարորդն իր դիմացը չի տեսնի: Բացի դրանից, ծառայություն իրականացնող մեքենաների ներսի հատվածը, բնականաբար, լրացուցիչ միջոցների կարիք ունի, օրինակ, ճաղավանդակների, և ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դրանց տեղադրումը ևս խնդրահարույց է, որովհետև մեքենաների շարժիչներն այդ պարագայում կարող են խնդիրների առաջ կանգնեցնել:
Ի դեպ, պարեկային նոր ծառայության համար անհրաժեշտ մեքենաների մրցույթին մասնակցել է միայն մեկ ընկերություն՝ «Շկոդան», ում անունը ուղղակիորեն կապվում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին տնօրեն Արտյոմ Մովսիսյանի հետ: Ի դեպ, նախկին իշխանությունների կառավարման տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած Արտյոմ Մովսիսյանը լավագույնս «համագործակցում է» «հեղափոխական» իշխանությունների հետ: Առաջիկայում այլ դրվագների ևս կանդրադառնանք:
168.am-ին հասած տեղեկություններով՝ նախապես մրցույթին մասնակցելու ցանկություն են հայտնել նաև «Տոյոտա Երևան» և «Ռենո» ընկերությունները, որոնք էլ, ծանոթանալով մրցույթի պայմաններին, հրաժարվել են մասնակցությունից՝ համարելով առաջարկված պայմաններն անիրատեսական:
Այսպես՝ մեզ հասած տեղեկություններով՝ մրցույթի պայմաններից մեկը եղել է այն, որ հաղթող մակնիշի մեքենան պետք է կարողանա 10-12 վայրկյանում զարգացնել 100 կմժ արագություն, պիտի 100 կիլոմետրի համար ծախսի 5-10 լիտր բենզին:
Բացի դրանից, տենդերը հաղթողը մեքենայի վրա պետք է տեղադրեր մի շարք սարքավորումներ, որոնց մասին վերը նշել էինք: Իսկ դա հոսանքային տեսակետից բավականին ծախսատար է: Ենթադրենք, մեքենայի հոսանքային հզորության հնարավորությունը 60 ամպեր է, սակայն մրցութային հանձնաժողովը, բացի այդ 60-ից, ցանկացել է ևս 100-ից ավելի ամպեր հզորություն: Եղանակն էլ են նշել. մեքենայի վրա տեղադրել փոխարկիչ, որը կապահովի 1500 վտ հզորության և 220 վոլտ լարման հոսանք:
Ինչպես արդեն նշեցինք վերևում, պահանջել են նաև X քանակի փարոսիկներ ու ճաղավանդակներ տեղադրել: Այդ պայմաններում մեքենայի շարժիչը չի կարող դիմանալ:
Մեր տեղեկություններով՝ «Տոյոտա Երևան» և «Ռենո» ընկերությունները գրավոր դիմում են հղել մրցութային հանձնաժողովին՝ նշելով, որ անհնար է այդ պայմաններին բավարարելը, և «Տոյոտա Քեմրի» և «Ռենո» մակնիշի ընկերությունները չեն մասնակցի մրցույթին:
168.am-ի ձեռքի տակ է հայտնվել «Ռենո» ընկերության հղած ռուսերեն նամակը մրցութային հանձնաժողովին, որում ընկերությունը հստակ հիմնավորել է, թե ինչո՞ւ մրցութային պայմանները բավարարվել չեն կարող ապրիորի:
Ի դեպ, տենդերը հայտարարել է ոստիկանության գնումների պատասխանատուն՝ Արսեն անունով, որի վերահսկողությունն իրականացնում է Պետական վերահսկողական ծառայության աշխատակից սևանցի իր քավորը:
168.am-ին հասած տեղեկություններով՝ մրցութային հանձնաժողովին որևէ կերպ չեն անհանգստացրել մասնակիցների՝ «Տոյոտա Երևան» և «Ռենո» ընկերությունների ներկայացրած օբյեկտիվ փաստարկները. պատասխանը եղել է մոտավորապես «կանենք՝ կտեսնեք» ոճի մեջ:
Դրանից հետո, սակայն, երբ երկու ընկերությունները վերջնականապես հրաժարվել են մասնակցել տենդերին, և մնացել է միայն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին տնօրեն Արտյոմ Մովսիսյանի «Շկոդան», փոխվում են մրցույթի պայմանները, գումար է ավելացվում, որպեսզի «Շկոդան» խնդիրներ չունենա: Նպատակը, ինչպես ասում են, իրագործվում է. թքած, թե տեխնիկական պահանջներն անիրատեսական են, թքած, թե հետագայում այդ մեքենաները խնդիրներ կունենան, կարևորը՝ «Շկոդայի» հետ գործարքը կկնքվի:
Մասնավորապես, սկզբում պարտադիր պահանջ է եղել, որ մեքենաների մոնիտորները պարտադիր պետք է մուտքեր ունենան, սակայն հետո խմբագրվել է, և արդեն իսկ կնքված պայմանագրում մոնիտորի մուտքերի վերաբերյալ պահանջը բավարարում է:
Մեզ ասացին, որ սա հանգեցնելու է նրան, որ սարքավորումները չեն կարողանալու միացնեն էկրանին, քանի որ ներկառուցված մոնիտորը, ըստ պայմանագրի, չունի մուտքեր, որոնցով դիսփլեյի վրա ցույց կտա թե ծրագրային, թե տեսախցիկի առջևի, և թե հետևի պատկերները:
Սա արդեն, ըստ էության, «Պետական գնումների մասին» օրենքի մի շարք հոդվածների խախտում է, պաշտոնական դիրքի չարաշահում, որովհետև երբ պայման է փոխվում, պետք է նոր տենդեր հայտարարվի և այդ մասին պետք է պարտադիր իրազեկվեն բոլոր մասնակիցները:
Ինչևէ, մրցույթում հաղթել է 1.4 շարժիչով «Շկոդան»: Այսինքն՝ հայտարարվում է մրցույթ անհնարին պայմաններով, մասնակցության հայտ են ներկայացնում մի քանի ընկերություններ, որոնցից երկուսը հիմնավորում են հայտարարված պայմաններին չբավարարելու իրենց փաստարկները, ապա հրաժարվում այդ պայմաններով մասնակցել մրցույթին, ինչից հետո փոխում են մրցույթի պայմանները, որ մասնակից միակ ընկերությունը հաղթի:
Ու այս իշխանությունը դեռ բարոյականություն ունի խոսել կոռուպցիայի բացակայությունից: Սա այն օրինակներից մեկն է, թե ինչպես են տենդերներ անցկացնում, բյուջեի միջոցները օգտագործում՝ ամեն ինչ անելով, որպեսզի իրենց հետ տարբեր գործարքներում ընդգրկված անձինք դառնան «հաղթող»:
Ի դեպ, մեզ ասացին, որ ոստիկանության ավտոպարկում, որտեղ տեղակայված են պարեկային նոր ծառայության սպասարկող մեքենաները, հաճախակի կարելի է հանդիպել իմքայլական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանին և Արմեն Խաչատրյանին: Թե ինչ հետաքրքրություններ նրանք ունեն այս թեմայի մեջ, կփորձենք պարզել առաջիկայում: