«Այս պաշտոնն ապաքաղաքական է. իմ առջև դրվել է՝ տարածել Թումանյան». Լուսինե Ղարախանյանը՝ տնօրենի ԺՊ նշանակվելու մասին

Արցախի կրթության նախարար Լուսինե Ղարախանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ այսօր նշանակվել է Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնում (ԺՊ)։

«Գրականություն, իմաստասիրություն, արվեստագիտություն, մարդաբանություն կրող և փոխանցող Թումանյան։ Մանկության և պատանեկության տարիներին նա ինձ համար բարու ուղենիշ ու խորհրդանիշ էր։ Երիտասարդության տարիներին «կտրվեցի» նրանից։ Մտերմացել էի արևմտյան գրողներին ու ստեղծագործություններին։

Այսօր Թումանյանին մոտ գտնվելու, Թումանյան քարոզելու, Թումանյան կրելու, Թումանյանին նմանվելու և Թումանյանից դասեր քաղելու արժանապատիվ պայմաններ են ստեղծվել»,- գրել էր Լուսինե Ղարախանյանը։

168.am-ը Լուսինե Ղարախանյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ընդունել ՀՀ ԿԳՄՍ նախարարի առաջարկը, ինչպե՞ս է պատրաստվում աշխատել այս իշխանության հետ, որը թշնամուն է հանձնել Արցախը։

Կարդացեք նաև

«Ես զբաղվելու եմ Թումանյան քարոզելով, Թումանյանի արժեքային համակարգը տարածելով, նրա դասերը լսելով ու նրա թելադրանքով աշխատելով»,- նշեց Լուսինե Ղարախանյանը։

Ինչ վերաբերում է հարցին, որ թանգարանի նախորդ տնօրեն Անի Եղիազարյանը պաշտոնից հեռացվեց, քանի որ Թումանյան էր քարոզել, նման պայմաններում ինչպե՞ս է պատկերացնում Թումանյանի խոսքի քարոզումը, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Այդքան էլ խորը պատկերացում չունեմ այդ ամենից։ Ինքս խորը հարգանքով եմ վերաբերվում թանգարանի նախորդ 6 տնօրեններին, նրանք բոլորն էլ հրաշալի աշխատանք են իրականացրել, դա ակնհայտ է։ Ինքս խնդրի էության բովանդակության մեջ խորամուխ չեմ եղել։ Իմ առջև դրվել է՝ տարածել Թումանյան, ես էլ դրանով կզբաղվեմ, ես շնորհակալ եմ, որ ինձ ԿԳՄՍ նախարարը վստահել է, պետք է արդարացնել այդ վստահությունը»։

Նրա խոսքով՝ առաջարկը ստացել է անձամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից։

Հարցին՝ հաշվի առնելով նախորդ տնօրենին հեռացնելու պատճառները, եթե որևէ փուլում իր դեմ դրվեն առաջարկներ, որոնք դեմ են իր սկզբունքներին, կհրաժարվի՞ պաշտոնից, Լուսինե Ղարախանյանը պատասխանեց.

«Սա անառողջ հարց է, ինչո՞ւ պետք է այնպիսի բան լինի, որ դեմ լինի իմ սկզբունքներին։ Կարծում եմ՝ մշակութային գործունեություն ծավալող անձն ապաքաղաքական է և զբաղված է արժեքներ քարոզելով։ Չնայած Արցախում քաղաքական պաշտոն եմ զբաղեցրել, իսկ այս պաշտոնն ապաքաղաքական է, իմ դավանանքը հոգևոր մշակույթ տարածելն է, ինտելեկտ և մշակույթ»։

168.am-ի հետ զրույցում թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանը բարի աշխատանքային ընթացք մաղթեց Լուսինե Ղարախանյանին։

«Ես ձեզանից տեղեկացա, չգիտեի, որ նման նշանակում է տեղի ունեցել։ Այս ընթացքում աշխատակիցներն ինձ դիմել են տարբեր խնդրանքներով, որպեսզի աջակցեմ, և ինձ համար շատ ցավոտ էր, որ թանգարանը կարող է այդքան երկար ժամանակավոր պաշտոնակատար չունենալ։ Ինքս փորձել եմ ընկերական աջակցել։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին բարի ընթացք եմ մաղթում, որովհետև թանգարանը լուրջ անցումային փուլում է գտնվում, հուսամ՝ արդյունավետ կլինի աշխատանքը»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նրա բնորոշմամբ՝ ցանկացած հայի պատկերացնում է թանգարանի տնօրենի պաշտոնում, իսկ մնացածն արդեն ԿԳՄՍ նախարարության որոշումն է։

Ինչ վերաբերում է իրեն հեռացնելուն և հարցին՝ որևէ իրավական գործընթաց սկսելո՞ւ է, Անի Եղիազարյանը պատասխանեց, որ ի սկզբանե ասել է, որ իրեն հեռացնելու հրամանի հետ համաձայն չէ, քանի որ անօրինական հրաման է։

«Ըստ ՀՀ օրենքների՝ կան ընթացակարգեր՝ իմ անհամաձայնությունը ներկայացնելու։ Ես հիմա որոշակի գործընթաց վարում եմ այդ ուղղությամբ։

Ես որևէ անգամ իշխանությունների հետ աշխատելու մոտեցում չեմ ունեցել, ունեցել եմ երկրում որևէ տեղ իմ մասնագիտական ծառայությամբ նպաստ բերելու, այդպես էլ շարունակվում է։ Իմ կրթությունը ի նպաստ եմ դրել ՀՀ-ին և շարունակում եմ այդպես»,- եզրափակեց Անի Եղիազարյանը։

Հիշեցնենք, որ Լուսինե Ղարախանյանը աշխատել է ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության արտադպրոցական և երիտասարդության հարցերի վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ։

2012-2020 թվականներին եղել է Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչի պաշտոնին։ Իսկ 2020 թվականին Արցախի նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար։ Իսկ 2020 թվականից հետո Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդականն էր։

Տեսանյութեր

Լրահոս