«Եթե երկրի ղեկավարը 6 տարի է՝ չգիտի, որ Դիլիջանում նման թանգարան կա, դա ոլորտը կառավարող մարմնի թերությունն է». Գագիկ Գյուրջյան
Օգոստոսի 2-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Դիլիջան և հայտնաբերել, որ Դիլիջանում կա Երկրագիտական թանգարան։ Նա թանգարանի աշխատակիցների հետ զրույցում ասել էր, թե «շոկի մեջ է», քանի որ վերջին շաբաթվա ընթացքում երևի մի 10 անգամ անցել է այդտեղով, սակայն երբևէ չէր տեսել, որ այնտեղ թանգարան կա։ Իսկ երբ հետաքրքրվել էր, թե տարեկան քանի այցելու ունի թանգարանը, և տեղեկացել էր, որ 2023 թվականին ունեցել է 4000 այցելու, դժգոհել էր։
«Նշանակում է` օրական մոտ 17 մարդ է այցելել թանգարան։ Այդ դեպքում ինչի՞ համար ենք պահում թանգարանները, կարո՞ղ եք բացատրել։ Համայնքը թանգարանի ֆինանսավորման համար հատկացնում է տարեկան 32 մլն դրամ, դիլիջանցին կարո՞ղ է հարցնել՝ ինչի՞ վրա է այն ծախսվում։
Մշտական ցուցադրությունը կահույքի նման բան է դառնում. մարդն ասում է` դե մշտապես կախված են նկարները, վաղը կգնամ, սակայն վաղն անձրև եկավ, ասում է` էն մյուս օրը, բայց այդ օրն էլ ծնունդի Է։ Պետք է ապրեցնել թանգարանը։ Աշխարհի բոլոր թանգարաններում միշտ շարժ կա, մինչդեռ մեր թանգարաններում շարժ չկա։ Եկեք արձանագրենք, որ մեր թանգարանները հիմնականում պահեստ են»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
168.am–ի հետ զրույցում ԻԿՕՄՈՍ-Հայաստանի (Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային կոմիտեի) գործադիր տնօրեն Գագիկ Գյուրջյանը խոսելով Դիլիջանի Երկրագիտական թանգարանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, նկատեց.
«Եթե երկրի ղեկավարը 6 տարի է՝ չգիտի, որ Դիլիջանում նման թանգարան կա, ապա դա այդ թանգարանների ոլորտը սպասարկող կամ ոլորտը կառավարող մարմնի թերությունն է։
Նշանակում է՝ տվյալ մարմինը, ԿԳՄՍ նախարարությունը, որը Կառավարության մաս է, չի կարողացել լիարժեք աշխատել։ Այդ մարմնի միջոցով պետք է մշակութային բոլոր խնդիրները բարձրացվեն ու նրա միջոցով լուծվեն։ Հիմա ԿԳՄՍՆ-ն պետք է պատասխանի այդ հարցին՝ համաձա՞յն են Նիկոլ Փաշինյանի տեսակետի հետ, ուզո՞ւմ են այդ թանգարանները փակվեն, թե՞ չէ»։
Գագիկ Գյուրջյանը նշեց, որ շատ լավ ծանոթ է Դիլիջանի երկրագիտական թանգարանին, այն եղել է մի համակարգում, որը ժամանակին անձամբ է կոորդինացրել։ Նա վստահեցնում է՝ այդ թանգարանը լավագույններից է՝ իր նմուշներով։
«Եթե թանգարանը լավ չի աշխատում, նշանակում է՝ լավ չի կառավարվում։ Ինչպե՞ս կարող է՝ մի թանգարան ունենա լավագույն մշակութային նմուշները և զբոսաշրջային նման քաղաքում լինելով՝ այցելուներ չունենա»,- ընդգծեց Գագիկ Գյուրջյանը։
168.am-ը Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանից հետաքրքրվեց՝ եթե երկրի ղեկավարը դժգոհ է թանգարանի գործունեությունից, սա ո՞ւմ մեղքն է՝ թանգարանի՞, թե՞ երկրի մշակութային քաղաքականության։
Անի Եղիազարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի խոսքը չի լսել, ուստի հարցին կանդրադառնա ընդհանուր դիտարկումներով։
«Հասարակությունն իսկապես պետք է ազնիվ կանգնի այն փաստի առաջ, թե ինքը այդ ժառանգությունը, որը ստեղծել է, որքանով է ի զորու նաև պահելու, պահպանելու և ժառանգներին փոխանցելու։ Թանգարանները ոչ միայն այսօրվա՝ ներկա սերնդի պահանջներ են բավարարում, այլև միտված են կամուրջ լինելու անցյալի ու ապագայի միջև։ Այսինքն՝ թանգարանային ֆոնդերը, որոնք դարեր շարունակ կան, սերունդների միջև երկխոսության լավագույն մշակութային տարածքներն են»,- նշեց Անի Եղիազարյանը։
Ինչ վերաբերում է այցելուների քանակին, մեր զրուցակիցը նկատեց՝ անշուշտ, պետք է լինեն խթանիչ հանգամանքներ և՛ մշակութային քաղաքականության, և՛ բուն թանգարանի գործունեության քաղաքականության առումով։
«Նախ, պետք է հասկանանք, թե որքանով է թանգարանն անկախ գործելու, որովհետև շատ հաճախ ինչ-ինչ պատճառներով պայմանավորված՝ թանգարանների անկախ գործունեության հնարավորություններ միշտ չէ, որ թույլատրվում են, և այդ պարտադրանքի տակ թանգարաններն ուղղակի ստիպված են գոյատևել։
Եթե թանգարաններին տրվի անկախ գործելու հնարավորություն, կարծում եմ՝ լավ կառավարման ու մենեջմենթի դեպքում թանգարանները մեծ թռիչքներ կարող են ապահովել։ Հայաստանում գոնե և՛ մասնավոր, և՛ պետական մոտ 100-ի հասնող թանգարաններ գիտեմ, բոլորի ֆոնդերում կա այն հարուստ ռեսուրսը, որով հնարավոր է ստեղծել հարուստ, գրավիչ տարածքներ, նաև ոչ ֆորմալ կրթական տարածքներ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նա նաև ընդգծեց, որ միջազգային թանգարանային կառույցների կողմից թանգարան ձևակերպման առաջին գործառույթը մնում է թանգարանային առարկայի պահպանության, հետազոտության և հանրայնացման փաստը։ Սա է թանգարանների առաջնահերթությունը։
«Թանգարան բացելը հեշտ գործընթաց չէ, հատկապես, երբ այն պետական բալանսով թանգարան է։ Այսինքն՝ եթե թանգարանի բացումը դիտարկվել է, նշանակում է՝ դրա կարևորությունը եղել է, փակելը միշտ կա ու կա, բայց դա հարցի լուծում չէ։ Հիմա դուք մի քաղաքի մասին եք խոսում՝ Դիլիջանի, որն ամենաակտիվ տարածքներից է, և այնտեղ թանգարան փակելը, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ քայլ է։
Պետք է կարիքների ճիշտ դուրսբերում անել և հասկանալ, թե այցելուների քանակով այդքան հսկայական թանգարանի համար ինչո՞ւ են այցելուները քիչ։ Փակելու թեման ես ուղղակի չէի շոշափի»,- եզրափակեց Անի Եղիազարյանը։