«Եթե Արցախում հայկական ներկայություն չլինի, Ադրբեջանն արժանացնելու է Նախիջևանի ճակատագրին». Լուսինե Ղարախանյան

Ադրբեջանի տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ Ստեփանակերտում բռնի տեղահանված «արցախահայության բնակարանների դռները կնքված են, այնտեղ որևէ մեկը մուտք չունի, հետևաբար՝ արցախցիները կարող են վերադառնալ և ապրել Արցախում՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ»։

Բայց հակառակ այս հայտարարությունների,  ադրբեջանական սոցցանցերում հաճախ են հայտնվում տեսանյութեր, որտեղ ներկայացվում են կադրեր, ինչպես են  ադրբեջանցիները մտնում արցախահայերի տները, քարուքանդ  անում, ջարդում  կահույքը և ցուցադրաբար այդ գործողությունները նկարահանում։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախկին նախագահի խորհրդական, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Լուսինե Ղարախանյանն ասաց, որ ադրբեջանցիներն Արցախում գյուղերի տները մտել են, մասնավորապես, Իվանյան, որովհետև տեսանյութեր են հրապարակել, սակայն Ստեփանակերտի տների վերաբերյալ որևէ տեսանյութ չկա։ Այս նկատառումից ելնելով՝ հնարավոր է, որ Ստեփանակերտի տների դռները կնքված լինեն։

«Ադրբեջանցիներն ինչ անում են, հակված են տեսագրել ու գցել սոցիալական ցանցերում, Ստեփանակերտի տներ հավանաբար դեռևս չեն մտել»,- նշեց Լուսինե Ղարախանյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Արցախ վերադարձին, Լուսինե Ղարախանյանը նկատեց՝ մինչև հստակ մեխանիզմներ չլինեն արցախահայության անվտանգության առումով, վերադարձը հնարավոր չի լինի, որքան էլ Ադրբեջանը խոստանա անվտանգություն՝ Ադրբեջանին չպետք է վստահել։

«Ադրբեջանը մեզ ամենավատ վերաբերմունքն է ցուցաբերել, պատերազմ, բլոկադա, ռմբակոծություն, հավատ չկա։ Նույնիսկ ռուս խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանցիները այգեգործի, ջրագծի վրա աշխատող հայի են սպանել։ Առանց կոնկրետ երաշխիքների՝ արցախահայության վերադարձը մի քիչ դժվար եմ պատկերացնում։

Եթե միջազգային խաղաղապահներ լինեն, հավանաբար կվերադառնան։ Անպայման ուզում եմ վերադառնալ, միայն ես չէ, բոլորս պատրաստ ենք այդ հրահանգին, բայց այնպիսի պայմաններ պետք է լինեն, որոնք կյանքի հետ համատեղելի կլինեն։ Բայց վերադառնալը պարտադիր է, քանի որ, եթե Արցախում հայկական ներկայություն չլինի, Ադրբեջանն Արցախն արժանացնելու է Նախիջևանի ճակատագրին։ Նույնիսկ ինչ-որ բաներ կարելի է զիջել ու վերադառնալ Արցախ, որովհետև չվերադառնալու դեպքում ընդմիշտ կորցնելու ենք մեր հայրենիքի այդ հատվածը։ Հայկական ներկայությունն Արցախում չափազանց կարևոր է, այնտեղ պետք է հայեր լինեն, հայեր ապրեն, հետո ժամանակը ցույց կտա, գուցե աշխարհում որևէ բան փոխվի ու մեզ համար էլ փոխվի։

Եթե լինեն որոշ սկզբունքներ, որոնք կպահպանվեն, վերադառնալը հնարավոր կլինի, օրինակ՝ չստանանք Ադրբեջանի անձնագիր, մեր տղաներն Ադրբեջանի բանակում չծառայեն և այլն։ Մեր եկեղեցիները պետք է գործեն Արցախում, ժամերգություն լինի, հայերը մասնակցեն, ինքնության հետ կապված հարցերը պետք է լուծվեն:

Արցախի հարցը միանշանակ ինձ համար լուծված ու փակ չէ»,- եզրափակեց Լուսինե Ղարախանյանը։

Տեսանյութեր

Լրահոս