Ադրբեջանի կարծր դիրքորոշումները կարող են փակուղի մտցնել Խաղաղության պայմանագրի բանակցության եզրափակիչ փուլը՝ ստեղծելով նոր վտանգներ․ Լուկիանով

 Նախօրեին Իլհամ Ալիևը, ում հետ ՀՀ իշխանությունները պատրաստվում են, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիր կնքել, հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին՝ հերթական անգամ խոսելով ՀՀ տարածքների, իբրև թե, ադրբեջանական պատկանելության և, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի մասին։

Ալիևի հարցազրույցն Ադրբեջանի համար նախագահական ընտրությունների, ըստ էության, նախընտրական ժամանակաշրջանում աչքի ընկավ բացառիկ լկտիությամբ, գավառական համարձակությամբ, վերջնագրային բառապաշարով։

Ալիևը հստակ հայտարարեց, որ եթե իր պահանջած երթուղին առանց որևէ վերահսկողության՝ անխոչընդոտ ռեժիմով, ՀՀ-ն չբացի, ապա Ադրբեջանը ևս որևէ այլ վայրում ՀՀ-ի հետ սահման չի բացի։ Նա հայտարարեց, որ Հայաստանը կմնա հավերժ փակուղային իրավիճակում։

Նա նշեց, որ Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Ադրբեջանին երաշխավորներ պետք չեն, իսկ Հայաստանը ցանկանում է, որ երաշխավորներ լինեն։

Ըստ նրա, անկլավների թեման դելիմիտացիայի հանձնաժողովի օրակարգում է։

«Ինձ խնդրել են մի քանի գործընկերներ, որպեսզի կողմերը զորքերը հայելային հետ քաշեն։ Ես հարցրի՝ ո՞ւր տանել։ Ինձ ասացին այնտեղ, որտեղից եկել ենք։ Ես ասում եմ, որ մենք Բաքվից ենք եկել, Բաքու վերադառնա՞նք, ինչ է…Իմ հարցին այդպես էլ ոչ ոք պատասխան չտվեց։ Այդ պատճառով մենք ոչ մի տեղ չենք գնա, ոչ մի քայլ չենք շարժվի ոչ 2021 թ. մայիսին զբաղեցրած դիրքերից, ոչ էլ 2022 թ. սեպտեմբերին զբաղեցրած դիրքերից»,- ընդգծել է նա։

Նա նաև նշել է․ «Մեզ մեղադրում են Հայաստանի վրա հարձակվելու մտադրության համար. ես այս մասին արդեն խոսել եմ, բայց ևս մեկ անգամ ուզում եմ միանգամայն անկեղծ ասել, որ եթե ցանկանայինք, կմտնեինք ու կգնայինք մինչև վերջ։ Մեր դիմաց Ջերմուկ քաղաքն էր՝ մեր նախկին քաղաքը, որի իսկական անունը Իստիսու է։ Ո՞վ կկանգնեցներ մեզ։ Մենք նման մտադրություն չունեինք»։

Ըստ Ալիևի, Երևանը ևս հնագույն ադրբեջանական քաղաք է, այս մասին խոսելիս նա Երևանը անվանել է Իրեվան։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ գուցե հարցազրույցի մի էական հատվածը վերաբերել է Ղարաբաղյան հակամարտությանը և դրա հետ կապված ռեգիոնալ զարգացումներին, ինչը հասկանալի է, այնուամենայնիվ, այդ հարցազրույցի բուն նպատակը նախընտրական էր։

Ըստ վերլուծաբանի, հարցազրույցում կան հետաքրքրական դրույթներ, որոնցով փորձ էր արվում ապացուցել, թե որքան ճիշտ է եղել Ադրբեջանի քաղաքականությունը ԽՍՀՄ փլուզումից հետո, ինչ կլիներ, եթե նման քաղաքականություն չորդեգրվեր։

«Բնականաբար, ադրբեջանական իշխանությունները փորձում են շատ լավ օգտագործել Ղարաբաղյան հաղթանակի թեման, Ադրբեջանը ներկայացնելով՝ որպես աշխարհի հզորագույն երկիր։ Սա ներքին լսարանի համար նախատեսված ելույթ է, որում, որպես մեխ, որպես Ադրբեջանի ղեկավարի համար դրական նախընտրական խաղաքարտ՝ օգտագործվում են Ղարաբաղյան իրադարձությունները և հատկապես սեպտեմբերյան օպերացիան, որով Ադրբեջանը Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն ստանձնեց»,- ասաց Լուկիանովը։

Հարցազրույցի մյուս հատվածը, նրա խոսքով, վերաբերում է Խաղաղության համաձայնագրին, որով Ադրբեջանի նախագահը ջանում է ամրապնդել վերջին 4 տարվա բոլոր կարևոր իրադարձություններն Ադրբեջանի առավելությամբ՝ դրանով իսկ ձգտելով երկարաձգել իր իշխանությունը։

Լուկիանովը գտնում է, որ շարունակական հավակնությունները պետք է վերագրել միջազգային վերահսկողական և զսպման մեխանիզմների չգոյությանը, այստեղ առաջին պլան են գալիս առանձին երկրների անվտանգության երաշխիքներն ու մեխանիզմները։

Ըստ նրա, Հայաստանի դեպքում, բնականաբար, պատերազմից հետո այդ մեխանիզմները թույլ են, անվտանգությունը վերականգնված չէ, և որպես անվտանգային գործոն են դիտարկվում ԵՄ քաղաքացիական դիտորդները։

«Հայաստանն անվտանգությունը փորձում է լցնել Արևմուտքի հետ նոր հարաբերություններով, հատկապես՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի։ Սա է պատճառը, որ Հայաստանն ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ին տեսնում է Խաղաղության համաձայնագրի երաշխավորի դերում, իսկ Ադրբեջանը դա չի ցանկանում, քանի որ Ադրբեջանի համար այս գործընթացը հստակ ուրվագծեր չունի, հավակնությունները հստակ սահմաններ չունեն, այդ պատճառով էլ երաշխավորներ պետք չեն։ Քննարկվող հիմնական երթուղու վերաբերյալ ևս Ադրբեջանի դիրքորոշումը կարծր է, և եթե Երևանը չհամաձայնի, խաղաղության համաձայնագրի բանակցությունների եզրափակիչ փուլը փակուղի կմտնի՝ սրելով ռեգիոնալ իրավիճակը։

Դատելով Միացյալ Նահանգների քայլերից՝ չկա երկրորդ սցենար այն դեպքում, եթե Ադրբեջանը փորձի դիրքորոշումներ թելադրել և չբանակցել, ի՞նչ անել, եթե կրկին ուժային սցենարներն առաջ գան։

Պատասխանատվության սլաքներն այսօր ուղղվում են Արևմուտքին, քանի որ Ռուսաստանը բանակցային ակտիվ միջնորդ չէ, ՀԱՊԿ-ը և ՌԴ-ն՝ որպես ՀՀ անվտանգության երաշխավոր, անընդհատ քննադատության են արժանանում, և ՀՀ-ն գոհունակություն է հայտնում Արևմուտքի ջանքերից։ Բայց ի՞նչ պետք է անի Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, ճգնաժամային իրավիճակում, որոնք կարող են անխուսափելի լինել, հաշվի առնելով հնչող հռետորաբանությունը և հակամարտության բարդությունը»,- ասաց վերլուծաբանը։

Նա նշեց, որ հակամարտության արդարացի, երկարատև ու կայուն լուծումը հավասարակշռված լուծումն է, միակողմանի լուծումները և հավակնությունները որևէ դրական հանգրվանի չեն հանգեցնելու։

«Աշխարհաքաղաքական այս ոչ ստանդարտ իրավիճակի պարագայում իրավիճակները չունեն ստանդարտ լուծումներ, ու բարդ է ասել, թե միջնորդը որ չափով կարող է կառավարել վտանգները, որ չափով կցանկանա դա անել, քանի որ միջավայրն անընդհատ փոփոխվող է։ Հենց այդ պատճառով եմ նշում, որ այստեղ առանձին սուբյեկտների անվտանգությունն ու քաղաքականությունն է առաջին պլան գալիս, և դա է կարևոր»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս