Պապիկյանը չպետք է հրաժարական տա, եթե այդպես գնանք, այսօր ոչ մի պաշտոնյա իր տեղում չպետք է լինի. Անդրանիկ Քոչարյան
Այսօր խորհրդարանում լրագրողները Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցին՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չպե՞տք է հրաժարականի դիմում ներկայացնի՝ հաշվի առնելով բանակում զինծառայողների սպանության վերջին դեպքերը։
Անդրանիկ Քոչարյանը կարճ պատասխանեց՝ ոչ։
Հարցին՝ ինչո՞ւ չպետք է հրաժարական ներկայացնի, նա պատասխանեց.
«Հենց այդպես։ Դուք հարցրեցիք՝ պե՞տք է պաշտոնանկ արվի, պատասխանեցի՝ ոչ։ Պաշտոնանկ պետք է արվի այն մարդը, որը կրում է պատասխանատվություն, որի պատճառով տեղի են ունեցել ինչ-որ դեպքեր»։
Հարցին՝ ո՞ւմ է համարում տվյալ միջադեպերի պատասխանատուն, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ նախաքննության ընթացքում պարզ կլինի։
«Նախ պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է եղել ինքնասպանություն, եթե դա ինքնասպանություն է, և ինչո՞ւ է տեղի ունեցել սպանություն, եթե դա սպանություն է։ Այսինքն՝ դա պետք է քննվի, միայն քննելուց հետո պարզ կդառնան մեղավորներն ու դրանց շրջանակը, և ըստ լրագրողի՝ մինչև ուր կարող է հասնել դա։ Դուք միանգամից ուզում եք սենսացիոն պաշտոնանկություններ, այդպես չէ, եթե այդպես գնանք՝ այսօր ոչ մի պաշտոնյա իր տեղում չպետք է լինի։ Դրա համար էլ ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում»,- հավելեց իշխանական պատգամավորը։
Լրագրողը Քոչարյանին հիշեցրեց, որ Ազատի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի դեպքից հետո կորպուսի հրամանատարն առանց քննության ազատվեց պաշտոնից, ինչին նա այսպես արձագանքեց.
«Իսկ դուք գիտե՞ք, որ քրեական գործեր կան հարուցված և հիմա դատարանում գործ կա, ինչի՞ց եք տեղյակ»։
Լրագրողի մեկ այլ հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին գրառում էր արել և ասել, որ բանակում մահվան դեպքերը չպետք է լրատվամիջոցներում լինեն վերնագրեր ու անցնեն, պետք է ունենան կոնկրետ պատասխանատուներ, ինչո՞ւ այս դեպքում չեն տեսնում պատասխանատուների, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ «լավ էլ տեսնում են»։
«Երբ ուզում՝ տեսնում եք, երբ չեք ուզում՝ չեք տեսնում, նայած՝ այդ օրն ինչպես եք արթնացել»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ Հունվարի 9-ին, ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել էր ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնել էին ՀՀ ՊՆ-ից։ Նույն օրը՝ հունվարի 9-ին, ժամը 06:20-ի սահմաններում հայտնաբերվել էր պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: