Ո՞վ կզբաղեցնի Շառլ Միշելի տեղը

Մոտալուտ հրաժարականի մասին ԵԽ նախագահ Շառլ Միշելի աղմկոտ հայտարարությունը մեծ իրարանցում, զարմանք ու քննադատություն է առաջացրել ԵՄ կառույցներում։ Բելգիացի գործիչ Միշելին լավ են ճանաչում ոչ միայն ԵՄ-ում, Արևելյան գործընկերության տարածաշրջանում, այլև Երևանում, քանի որ Միշելը եղել է վերջին երկու տարիներին Փաշինյան-Ալիև հանդիպումների գլխավոր միջնորդն ու Պրահայի չարաբաստիկ հայտարարության «հովանավորը», որի պատճառով իրադարձությունները հանգեցրին Արցախի հայաթափմանը։

Միշելի միջնորդությամբ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, այդ թվում՝ թվային արձանագրմամբ։ Շառլ Միշելն իր պաշտոնավարման ընթացքում ոչ միայն նախաձեռնություններով է հանդես եկել Հայաստան-Ադրբեջան գործընթացում, այլև Վրաստանում փորձել է ներքաղաքական ճգնաժամեր կարգավորել, ակտիվ է եղել նաև Արևելյան գործընկերության մյուս բոլոր երկրներում։ Եվ Ռուսաստան-Արևմուտք գլոբալ պատերազմի ֆոնին Միշելին վերապահվել է առանցքային դերակատարություն, թեև այս ընթացքում Միշելին քննադատել են անգամ ԵՄ-ում վճռականության, քաղաքական գործչի խարիզմայի պակասի պատճառով։

Օրերս ԵԽ նախագահ Շառլ Միշելը հայտարարեց հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին՝ հույս ունենալով, որ այնտեղ իրեն պատգամավորական մանդատ կապահովեն։ Հոլանդացի ականավոր օրենսդիր Սոֆի ին’տ Վելդը, ով պատկանում է Միշելի հետ նույն կենտրոնամետ-լիբերալ քաղաքական ընտանիքին, սոցցանցերի իր էջերում գրել է, որ նա իրեն պահում է՝ ինչպես նավապետը, որը թողնում է իր նավը փոթորկի ժամանակ:

Հոլանդացի օրենսդիրն այսկերպ է արտահայտվում, քանի որ Միշելի դերակատարությունն այս փուլում չափազանց կարևոր է ԵՄ-ի համար և կարևոր է նաև այն, թե ով կզբաղեցնի Միշելի տեղը։

Եվ ուշագրավն այն է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով չափազանց սերտ անձնական հարաբերություններ ունի Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի ու Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, կարող է բարձրանալ ԵՄ մակարդակ՝ զբաղեցնելով ԵԽ նախագահի պաշտոնը, քանի որ այդ ժամանակաշրջանում Հունգարիան է ստանձնելու ԵԽ նախագահությունը։

Իրադարձությունների նման զարգացումը՝ թյուրքամետ Օրբանի նշանակում ԵԽ նախագահի պաշտոնում, կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ Հայաստանի համար, թեև եվրոպացի որևէ պաշտոնյա աչքի չի ընկել իր հայամետությամբ, սակայն Օրբանի դեպքում իրավիճակն այլ է, քանի որ նա նաև Ալիևի ու Էրդողանի ընկերն է։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ընթացող «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթնաժողովի կուլիսներում մեկ սեղանի շուրջ նստել էին Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի նախագահ Ալիևը, ԱԳ նախարար Բայրամովը, Թուրքիայի նախագահ Էրդողանը, ԱԳ նախարար Չավուշօղլուն, ինչպես նաև Հունգարիայի վարչապետ Օրբանը:

Օրբանը կստանձնի ԵՄ խորհրդի նախագահությունը հուլիսին, եթե Միության առաջնորդները չկարողանան արագ փոխարինող գտնել պաշտոնաթող Շառլ Միշելին:

Այս մասին հաղորդում են եվրոպական աղբյուրները՝ գրելով, որ ամեն կերպ պետք է խուսափել Օրբանի թեկնածությունից։

Միշելի մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ ԵՄ առաջնորդները կփորձեն գտնել նրա իրավահաջորդին հունիսին՝ Եվրախորհրդարանի ընտրություններից անմիջապես հետո։ «Նրանք կարող են նաև պարզապես փոխել նման պաշտոնի փոխանցման կանոնները, որպեսզի միջանկյալ ժամանակաշրջանում Եվրոպական խորհուրդը գլխավորի ոչ թե Օրբանը, ով հայտնի է՝ որպես եվրոսկեպտիկ, Ռուսաստանի նախագահ Պուտինի կողմնակից և Ուկրաինային օգնության հակառակորդ»,- նշում են եվրոպական ԶԼՄ-ները։

Տեսանյութեր

Լրահոս