Իշխանությունները, ըստ էության, պարտադրում են տեղափոխվել արվարձաններ. տնտեսագետ
Հայաստանի «հպարտ» քաղաքացիները տարեմուտը դիմավորեցին արդեն ավելացված հարկային բեռով. 2024թ․-ին սեփականատերերը կվճարեն հաշվարկված գույքահարկի արդեն 50 տոկոսը:
«2020 թվականին գործող իշխանությունն ընդունեց, այսպես կոչված, հարկային բարեփոխումների փաթեթը, ըստ որի՝ նվազեցրին բարձր աշխատավարձ ստացողների եկամտահարկը՝ մինչև 20 տոկոս, և դրան զուգահեռ՝ ավելացրին գույքահարկը:
Ըստ բարեփոխումների իրենց փիլիսոփայության՝ իրենք տեղափոխում էին հարկումը՝ եկամուտի սպառում, այսինքն՝ եթե շատ գույք ունես, ուրեմն հարկերդ վճարիր: Բայց իրականության մեջ պարտադիր չէ՝ հարուստ լինես, որ անշարժ գույք ունենաս, այս կամ այն ապրանքը սպառես. աղքատ ու միջին խավը նույնպես ունի բնակարան, և ինչպես հարուստները՝ պարտադրված են լինելու լրացուցիչ հարկ վճարել:
Որպեսզի այդ հարկային «բարեփոխումը» հնարավորինս անցնցում լինի, իշխանություններն աստիճանաբար ներդրեցին այդ համակարգը,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ արձանագրելով,- Այս տարի մենք վճարելու ենք 2026 թ.-ին նախատեսված գույքահարկի 45 տոկոսը, ինչի արդյունքում՝ 2022 թվականի համեմատ՝ մոտավորապես 40 տոկոսով ավելի շատ է կազմելու: 2026 թվականին, օրինակ, այդ գույքահարկը պետք է ամբողջությամբ վճարենք, և, օրինակ, 40 միլիոն և ավել կադաստրային արժեք ունեցող բնակարանների դեպքում այդ գույքահարկը կարող է հասնել 150 հազարից ավելի դրամի: Ենթադրենք, Կենտրոնում երկսենյականոց բնակարանի, որն այս պահին արժե 70-80 միլիոն դրամ, գույքահարկը կարող է հասնել 400-500 հազար դրամի»:
Տնտեսագետի կարծիքով՝ այս քաղաքականությունը մի քանի նպատակ է հետապնդում, առաջինը՝ լցնել տեղական բյուջեները, ապա նաև՝ Երևանում վերաբաշխումներ կատարել:
«Դրույքաչափը կիրառում են բոլորի նկատմամբ՝ անկախ եկամտի չափից, հնարավորություններից: Իրենք, ըստ էության, անուղղակի ձևով պարտադրում են մարդկանց, որ իրենց բնակարանները վաճառեն ու տեղափոխվեն արվարձաններ. ասում են՝ եթե չունեք բավարար եկամուտներ գույքահարկը վճարելու համար, եթե, օրինակ, ուսուցիչ եք, որ ստանում է 200 հազար դրամ աշխատավարձ, չեք կարողանում վճարել Ձեր գույքահարկի դիմաց, վաճառեք ձեր բնակարանը, տեղափոխվեք արվարձաններ, որտեղ գույքահարկն ավելի ցածր է:
Մարդիկ կան՝ եկամուտ էլ չունեն. թոշակառու են, և պարզ չէ, թե Կենտրոնում ապրող թոշակառուն ինչպես է վճարելու այդ գումարը: Բազմաթիվ հարցեր նրանք անտեսել են և զուտ ֆիսկալ նպատակ հետապնդող «բարեփոխումը» բերեցին, ինչը հետագայում իր բացասական ազդեցությունը դեռ կթողնի»:
Արդյո՞ք այս «բարեփոխումն» այն «տնտեսական հեղափոխության» դրվագներից է, ինչը խոստանում էին այս իշխանություններն իշխանամուտին. մեր հստակեցնող հարցին ի պատասխան՝ Սուրեն Պարսյանը շեշտեց. «Այո, սա իրենց հերթական ծայրահեղ լիբերալ մոտեցումն էր, թե՝ եկեք հարուստների համար եկամտային հարկն իջեցնենք, տեղափոխենք սպառում, որից, անշուշտ, տուժելու են բոլորը: Բարձր աշխատավարձ ստացողն էլի խնդիր չի ունենա գույքահարկը վճարելիս, խնդիր են ունենալու ցածր աշխատավարձ ստացողն ու թոշակառուն: Իրենք դա լավ գիտեն, բայց անտեսում են՝ կարևորելով բյուջե լցնելու քաղաքականությունը»:
2020 թվականի հուլիսի 25-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի՝ 2021 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև 2026 թվականը գույքահարկը գնալով թանկանում է։
Անշարժ գույքի սեփականատերերը 2021 թվականին վճարել են իրենց գույքահարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 30 տոկոսը, 2023 թվականին՝ 35 տոկոսը, 2024 թվականին կվճարեն 50 տոկոսը, 2025 թվականին՝ 75 տոկոսը, իսկ 2026 թվականից կանցնեն ամբողջական վճարման 100 տոկոսին: