Պետությունը շատ խոշոր ու դժվար կատեգորիա է, որի ղեկավարումը չի ենթադրում այսօր բեմի վրա թագավորություն անել, վաղը ստրուկ լինել. Արթուր Աթանեսյան
«Դերասանն այն երևույթն է, երբ դու ապրում ես մի կյանքով, բայց խաղում ես բազում-բազում կերպարներ, և այդ կերպարը ոչինչ չի ասում քո մասին՝ որպես մարդու: Դու կարող ես լինել աղքատ, համեստ ապրես մի սենյականոց բնակարանում, կեղտոտ խոհանոցով, միայնակ, ճանճերով ափսեների վրա՝ լվացարանում, սակայն բեմի վրա թագավոր խաղաս և շատ համոզիչ լինես… Կամ շատ երջանիկ մարդու դեր խաղաս, երբ դու սգի մեջ ես: Եվ հակառակը. լավ դերասանը դա է: Փաշինյանը շատ լավ դերասան է: Ես փորձում եմ իր անունը չտալ, որ իրեն PR չանեմ, որովհետև ինքն այսօր շատ PR արված մարդ է, երևի հետսովետական լիդերների մեջ Սահակաշվիլին էր միայն այդքան պոպուլյար»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը:
Նրա խոսքով՝ Զելենսկու վրա շատ միջոց էր ներդրված, որ ինքը պոպուլյար լինի:
«Փաշինյանը խաղում է վարչապետ, նախկինում խաղում էր ընդդիմություն, հիմա խաղում է վարչապետ, տարբեր դերեր՝ լավ հայր, անգամ գրքի գրող… Նա խաղում է, բայց միգուցե իր տանը, իր մտածողության, հոգու մեջ, իր տանը փնթի, կեղտոտ ապրող մարդ է, ով չի կարող անգամ իր նասկիները հագնել ինքնուրույն: Կամ հակառակը, միգուցե նա շատ հայրենասեր է, որ հիմա խաղում է սրիկա սուտասանի դեր: Մենք դա չենք կարող ասել: Բայց մենք շատ հստակ կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը շատ մեծ պրոբլեմների առաջ է կանգնած: Սա մեր պետությունն է»,- ասաց սոցիոլոգը:
Մինչդեռ, ըստ նրա, պետությունը դեր չի, թատրոն չի, և պետության ղեկավարը չպետք է դերասանություն անի, որպեսզի ներկայանա՝ որպես ղեկավար:
«Պետությունը շատ խոշոր ու դժվար կատեգորիա է, որը չի ենթադրում այսօր բեմի վրա թագավորություն անել, վաղը ստրուկ լինել: Այն պիտի սկզբունքներ ենթադրի և արժեքներ հետապնդի: Նա պիտի նպատակ դնի և հասնի դրան: Եվ եթե դու անկեղծ ու ազնիվ չես քո միակ դաշնակցի հետ, քո հասարակության հետ, որովհետև քաղաքական գործիչն այլ դաշնակից չունի, բացի սեփական ժողովրդից, և եթե դու նրան չես ասում՝ ինչ է տեղի ունենում, երբ մեր ղեկավարների անգրագիտության պատճառով հաճախ տեսնում ենք, որ գաղտնիքներ են հրապարակվում բացահայտ, եթե դու քո միակ դաշնակցին՝ հասարակությանը, այսօր մի բան ես ասում, վաղն՝ այլ բան, դու մոռանում ես, որ դու այսօր բեմի վրա չես, պետության ղեկավարն ես: Նաև չպիտի ստանձնել այնպիսի դերեր, որոնք խաղ չեն ենթադրում: Օրինակ՝ պատերազմը: Այն խաղ չէ: Այն իրական է»,- նշեց Արթուր Աթանեսյանը՝ հավելելով՝ խաղի մոդելավորմամբ է իրականացվում, խաղի պես է, բայց մարդու կյանքն է դրվում զոհասեղանին:
«Մարդիկ են զոհվում քո դերի, քո խաղի արդյունքում… Մահը խաղ չէ, որ ծափահարություններից հետո գնաս ու ծաղիկ ստանաս: Կինոն ավարտվեց… Եվ եթե դու մտածում ես, որ կարող ես գնալ ու Գլխավոր գերագույն խաղալ, չե՛ս կարող. դա մահ է բերում»,- եզրափակեց ԵՊՀ դասախոսը:
Մանրամասները՝ տեսանյութում: