Ռենեսանս 2024․ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը կրում է «Վերածննդի հրապարակ» անվանումը։
1994 թվականին կառուցված հրապարակն այդպես է անվանակոչվել՝ ի խորհրդանշումն Արցախի ազատագրման և մեր հաղթանակների…
Անցած՝ 2023 թվականը, մեր մեծագույն կորստի, համազգային ամոթի ու խայտառակության տարի էր, որի ողբերգականությունը կրկնապատկվում է մեր՝ որպես հասարակություն, դրա ողջ խորությունը դեռևս չգիտակցելով ու հետևություններ չանելով։
Արցախի կորուստն ու հայաթափումը հնարավոր է դարձել բոլորիս անհատական ու հավաքական մեղավորությամբ, որովհետև որպես հասարակություն՝ հանդուրժել ենք ու շարունակում ենք հանդուրժել Արցախը հայկական չհամարող ու Ադրբեջանին հանձնող իշխանությանը։
Անցած տարվա համազգային ողբերգության չլսվող ձայնն այդ նույն իշխանությունը փորձում է խլացնել այլանդակության հասնող հրավառություններով ու լուսավոր տոնականությամբ։
Խլացնում է՝ վախենալով համազգային կորստի ու ամոթի գիտակցումից, որը երբևէ տեղի է ունենալու, ու դրա ձայնը հնչելու է աշխարհի բոլոր հրավառություններից ավելի բարձր դղրդյունով։
Հենց այդ դղրդյունն է այն միակ աննշմար հնարավորությունը, որը կարող է մեզ ոտքի կանգնեցնել որպես հասարակություն ու որպես պետություն՝ հիմքում ունենալով ցավի գիտակցումն ու կորստի հետ չհամակերպվածությունը։ Որովհետև Արցախի կորուստը ոչ թե հողի կամ ինչքի, այլ ինքնության մի մասի կորուստ է, և համակերպումը դրա հետ՝ կնշանակի համակերպվել կիսակյանքի հետ, որ հավասար է կիսամահվան։
2024 թվականը, ահա մեր՝ որպես հասարակության համար, պետք է դառնա գիտակցումի ու ինքնության վերագտնումի տարի, հակառակ դեպքում իրականանալու են բոլոր ու բոլորի այն հաշվարկները, որոնց իրականացումը հնարավոր է միայն հայկական ինքնության չգոյության պարագայում։
Իսկ այդ ինքնության պահպանման միակ ճանապարհն Արցախի վերադարձն է ու վերադարձը՝ Արցախ։ Նախ՝ մտքում, սրտում, հուզականորեն, ապա՝ որպես ռազմավարություն, ծրագիր, հավատամք։
Այդ վերադարձը պատերազմի կոչ չէ, ինչպես ներկայացնում են Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները, այդ վերադարձն առաջին հերթին անհատական ու հավաքական կամքի արտահայտություն է, որը երբևէ կարող է իրականություն դառնալ, իմաստնության դեպքում՝ նաև առանց պատերազմի։
Բայց դրա համար նախ անհրաժեշտ է հաղթել հայկական ինքնության դեմ դրսից ու ներսից վարվող չհայտարարված պատերազմում, հանրային գիտակցության ու հոգեբանության մեջ ամրագրել Արցախի վերադարձի գաղափարն ու կամքը և այս ու հաջորդող բոլոր տարիներին որպես համազգային ամանորյա բարեմաղթանք՝ սահմանել վերածնունդը, որին սպասելու է այդ անունը կրող հրապարակը Ստեփանակերտում՝ անկախ հիմա այնտեղ ծածանվող դրոշների գույներից։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ…
Լուսանկարը՝ Ստեփանակերտ, 2023թ.



