ՀՀ իշխանությունները մերժո՞ւմ են Իրանին․ նոր արկածախնդրություն՝ իրանական ուղղությամբ

Տարեվերջյան թոհուբոհի մեջ ստվերվեց Իրանի ԱԳ նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի աշխատանքային անակնկալ այցը Հայաստանի Հանրապետություն։ Այց, որը հաջորդեց Փաշինյան-Ռաիսի, այնպես էլ Աբդոլլահիան-Լավրով՝ մինչև անգամ երկու, և Աբդոլլահիան-Բայրամով հեռախոսազրույցներին։

Ինչպես ակնհայտ դարձավ Փաշինյան-Ռաիսի հեռախոսազրույցից և Աբդոլլահիանի ՀՀ այցի նախապես տարածված հաղորդագրությունից, իրանական կողմը դեմ է, որպեսզի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև ռեգիոնալ խաղաղության ու կայունության երաշխավորը լինեն արևմտյան ուժերը։

Աբդոլլահիանը երևանյան այցի մամուլի ասուլիսի ընթացքում մի քանի անգամ շեշտադրեց մի քանի կարևոր միտք՝ Իրանի պատրաստակամությունը՝ ստանձնել ռեգիոնալ կայունության և խաղաղության երաշխավորի դերը, առաջարկեց, որպեսզի տարածաշրջանում երաշխավոր լինեն ռեգիոնալ տերությունները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, համաձայնությունները կնքվեն տարածաշրջանային «3+3» ձևաչափի շրջանակում։

Իրանի ԱԳ նախարարն ասաց, որ Իրանը լիովին աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը ու հյուսիս-հարավ տարանցիկ ուղու գործարկմանը, ինչպես նաև ողջունում է Փաշինյանի կողմից արծարծված այն նախագիծը, որը ներկայացվել է՝ որպես «Խաղաղության խաչմերուկ»։

Կարդացեք նաև

«Պատրաստ ենք հետևողական լինել Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղու զարգացանը։ Իրանը ցանկանում է, որ ՀՀ-ի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովված լինի առանց արտաքին ուժերի միջամտության, միայն տարածաշրջանային երաշխավորների շնորհիվ կկարողանա ապահովվել այդ խաղաղությունն ու անվտանգությունը»,- ասուլիսի ժամանակ ասաց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Իրանցի նախարարը կարծիք հայտնեց, որ գալիք տարվա առաջին ամիսների ընթացքում հնարավոր կլինի երկու երկրների միջև կայուն խաղաղություն ձեռք բերել։ «Երևանի և Բաքվի միջև խաղաղության կարելի է հասնել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ խորհրդատվական-տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակներում»,- ասաց Աբդոլլահիանը։

Եվ ուշագրավն այն է, որ Արարատ Միրզոյանն իր խոսքում որևէ կերպ չանդրադարձավ ոչ ռեգիոնալ «3+3» ձևաչափին, և ոչ էլ Իրանի դերակատարությանն այն կոնտեքստում, ինչը պատկերացնում է իրանական կողմը։ Իրանցի լրագրողի հարցին, թե ինչպես է ՀՀ-ն տեսնում Իրանի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում, Միրզոյանն արձագանքեց ՝ ասելով, թե այդ դերակատարությունն արդեն իսկ դրսևորվել է և շարունակում է դրսևորվել:

«Մենք քանիցս լսել ենք Իրանի հստակ ուղերձները և՛ երկու երկրներին, նկատի ունեմ Հայաստանին և Ադրբեջանին, և՛ թերևս գործընթացով հետաքրքրվող բոլոր պետություններին: Իրանի մոտեցումները խաղաղության մասին, Իրանի հստակ դիրքորոշումը տարածքային ամբողջականության մասին, Իրանի հստակ դիրքորոշումը սահմանների անձեռնմխելիության մասին, և սա, թերևս, լավագույնն է, որ այս պահին կարող է, կարծում եմ, արվել խաղաղության գործընթացի համար: Անշուշտ, կարող են արվել, չգիտեմ, հանդիպումների կազմակերպումներ և այլն, տարբեր կողմերի կողմերից: Միևնույն ժամանակ, շարունակաբար և շատ վճռականորեն, հաստատակամ նշելով և ամրագրելով այն սկզբունքները, այն հիմնասյուները, որոնց վրա պետք է հենված լինի այդ խաղաղությունը, կրկնում եմ, կարծում եմ, որ դա երևի ամենամեծ ներդրումն է կամ ամենամեծ ներդրումներից մեկն է այդ գործընթացում»,- ասաց Միրզոյանը՝ շրջանցելով հարցի բուն էությունը և ըստ էության խուսափելով հարցից:

Միրզոյանն ըստ էության ընդգծեց, որ Իրանից միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանող քայլեր ու հայտարարություններ են ակնկալվում, դա առավելագույնն է, ինչ Իրանը կարող է անել։

Եվ փաստորեն, երբ պահը հասունանում է՝ Իրանին ընձեռելու իր վաստակած ռեգիոնալ դերակատարությունը, հայկական կողմը դա պատրաստ չէ անել, ավելին՝           Իրանին հասկացնում է, որ այդ երկիրը ՀՀ-ին միայն ծառայություններ մատուցելու համար է։ Իսկ Իրանը դա վաստակեց հետպատերազմյան շրջանում ՀՀ տարածքային ամբողջականությունը վճռականորեն պաշտպանելով, դրա շրջանակում քաղաքական ուղերձներ Բաքվին հղելով, Կապանում հյուպատոսության բացելով և այդ ամենի պատճառով Ադրբեջանի հետ հարաբերությունների կտրուկ ու երկարատև վատթարացմամբ։

Հայաստանի համար ծանր այս ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական իրավիճակում, վատթարացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, չունենալով բնականոն, ավելին՝ հակամարտային բնույթի հարաբերություններ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ՀՀ իշխանությունները նոր հակամարտություն են հասունացնում Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ հուսալով, որ ռեգիոնի համար երաշխիքներ են ստանալու Միացյալ Նահանգներից կամ ԵՄ-ից։

Սակայն ՀՀ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, մոռանում են, որ վերջին ամիսներին Ադրբեջանը կոպտորեն մերժել է արևմտյան բոլոր նախաձեռնությունները, որի համար չի ունեցել որևէ խնդիր արևմտյան երկրների հետ։

Ավելին՝ հայկական կողմն է համաձայնել Ադրբեջանի ցանկալի ձևաչափերին՝ հանդիպելով սահմանազատման համար ուղիղ սահմանին, ինչպես նաև՝ Վրաստանում։

Իսկ թե Իրանին այսկերպ մերժումն ինչ գին կարժենա՝ շատ բարդ է ասել։ Այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները պետք է հաշվի առնեն ակնհայտը, որ գուցե չհաջողվի փաստաթուղթ ստորագրել Արևմուտքում, և այդ պարագայում զարգացումները կարող են անկանխատեսելի ընթացք ունենալ։

Իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Իրանի ԱԳ նախարարի երևանյան այցի ուղերձներն իսկապես շատ բաց ու թափանցիկ էին բոլորի համար։

Ըստ նրա, գաղտնիք չէ, որ Իրանը դեմ է, որպեսզի իր հարևանությամբ հարցեր լուծի Արևմուտքը, անվտանգություն ապահովի Արևմուտքը՝ այն դեպքում, երբ դրա կարիքը եղավ՝ Իրանը հստակ ուղերձներ հղեց Ադրբեջանին ու շարունակում է հղել։

«Իրանն ամենածանրակշիռ հայտարարությունն է արել, երբ դրա կարիքը եղել է Հայաստանի համար՝ ՀՀ անվտանգությունն Իրանի անվտանգությունն է, ինչն իրենով պարզապես հայտարարություն չէ, այլ ուղերձ է, որի ներքո կարելի է կարդալ այլ տողեր ու հնարավոր քայլեր։

Հայ-իրանական հարաբերությունները բնականոն են, հուսանք, որ կողմերը միմյանց կհասկանան»,- ասաց Բարզեգարը։

Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, Արևմուտքը՝ ԱՄՆ-ը, փորձել է ինչ-որ բան խոստանալ՝ հետագայում այս ռեգիոնում ազդեցություն հաստատելով, իսկ ռեգիոնալ երկրները գնում են այլ՝ բազմաբևեռ տրամաբանությամբ, որը ենթադրում է, որ Հարավային Կովկասում համաձայնությունների ետևում կարող է կանգնել ոչ թե ԱՄՆ-ը, այլ ռեգիոնալ խոշոր երկրները։

«Իրանի միջնորդությունն էլ կոնսենսուսային է Թուրքիայի և Ռուսաստանի համար, ինչպես նաև չի հակասում ՀՀ շահերին, սակայն չի բացառվում, որ ՀՀ իշխանություններն այլ ճանապարհ են տեսնում։ Կարծում եմ՝ քննարկումները կշարունակվեն, քանի որ ռեգիոնալ երկրների մեծամասնությունը դեմ է Արևմուտքի ներթափանցմանը Հարավային Կովկաս։

ԵՄ-ն եկավ դիտորդներով, Իրանը դեմ էր, սակայն խոսքը ՀՀ տարածքի մասին էր, Իրանն արտահայտվեց, սակայն դրանով էլ պետք է բավարարվեր, իսկ ներկայումս խոսքը ռեգիոնալ կարևոր փոփոխության մասին է, որի նկատմամբ ազդեցության համար պայքարում են բոլորը»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս