Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ մեկնելը եղել է վերջին րոպեին, որոշողն ինքը չի եղել. Նաիրա Կարապետյան

«Հայաստանը տարածաշրջանում դադարել է  քաղաքական սուբյեկտ լինելուց և վերածվել է քաղաքական օբյեկտի: Մենք ոչ թե որոշում կայացնող ենք, այլ խաղաքարտ մեծ պետությունների ձեռքում: Թե՛ մեր արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք թեքելու, թե՛ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան մեկնելը նույն քաղաքական առևտրի արտահայտություններ են: Սա դասական քաղաքագիտական, դասագրքային առևտուր է»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ մեկնելուն և ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելուն:

Նրա խոսքով՝ այդ առևտրի սեղանին դրված է ուժերի վերադասավորումը:

«Պետությունը կշիռ է ունենում այն ժամանակ, երբ ունենում է կշիռ, երբ իրենից ներկայացնում է հակակշիռ ու կարողանում է թելադրել իր կարմիր գծերը: Ես այսօր չեմ տեսնում, որ մեր պետությունը կարողանում է սահմանել իր կարմիր գծերը: Դրոշի պես «խաղաղությունը» գրկած՝ վազում ենք առաջ, և սա՝ այն դեպքում, երբ այդ խաղաղությունը չի նշանակում կայունություն»,- ասաց Նաիրա Կարապետյանը:

Կարդացեք նաև

ԱԺ նախկին պատգամավորը նշեց՝ մեր պետության կործանումը տեսանելիորեն, դիվանագիտական ազդակներով սկսվեց պատերազմից հետո, սակայն մեր պետության կործանման սկիզբը հանդիսացան երկու ամսաթվեր՝ 23.04.218թ. և 08.05.2018թ.՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի ու Նիկոլ Փաշինյանի ընտրության օրերը:

«Անձնական շփումներով պահպանած մեր դիվանագիտական խողովակներով մենք բազմիցս ենք մեսիջներ ստացել, որ դրսում Փաշինյանին լիարժեք իրենց շրջանակ չեն ընդունում միայն նրա համար, որ իր հետ տանում է հեռախոսը: Նա ամեն տեղ հեռախոսով է գնում: Երեկվա Սանկտ Պետերբուրգի հանդիպմանն էլ տեսանք դիվանագիտական էթիկայի կոպիտ խախտում: Այդ սեղանի շուրջը հավաքված մարդկանց աչքերում այդ հեռախոսը կարող է լինել ամեն ինչ»,- ասաց Նաիրա Կարապետյանը:

Ըստ նրա՝ շարունակ երկու մեծ բևեռներից հանձնարարություն ստանալով, երկու լարի վրա խաղալով՝ Փաշինյանը երկար չի կարող մնալ այդ լարերի վրա, ուշ թե շուտ ընկնելու է:

«Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ մեկնելը եղել է վերջին րոպեին կայացված որոշում, եղել է ինչ-ինչ դրդապատճառներից և հաշվարկներից կայացված որոշում, բայց հաշվարկողը արդյո՞ք եղել է Փաշինյանը: Ես դրա պատասխանը չունեմ: Վերջին ամիսներին Փաշինյանի ու նրա թիմի հակառուսական հռետորաբանությունը խիստ կոշտացել էր, և Սանկտ Պետերբուրգ մեկնելով՝ նա հենց իր թիմին է դնում վատ վիճակի մեջ: Ակնհայտ է, որ եղել է շատ ավելի ծանրակշիռ փաստարկ, որի համար նա գնացել է, և կրկնում եմ, ցավոք, ես վստահ չեմ, որ որոշում կայացնողը եղել է ինքը: Միգուցե նրան սմս ուղարկողն է եղել»,- ասաց ԱԺ նախկին պատգամավորը:

Նաիրա Կարապետյանի խոսքով՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանը վարում էր կոմպլեմենտար քաղաքականություն, և դա օրինակ էր բերվում թե՛ Արևմուտքի, և թե՛ Ռուսաստանի կողմից, որ մենք կարողանում ենք «և՛-և՛»-ի քաղաքականությունը կյանքի կոչել:

«Հիմա այդ «և՛-և՛»-ը լրիվ այլ իմաստ է ձեռք բերել: Մենք այդ «և՛-և՛»-ի ծառան ենք»,- ասաց նախկին պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս