Մեր ժամանակների Հերոստրատը

Հասարակության որոշ շրջանակների արդարացիորեն հունից հանել է իշխանության կազմակերպած հերթական քարոզչական շոուն՝ «Մեր ժամանակների հերոսը» անվանումով, որի շրջանակներում այս տարի, օրինակ, Նիկոլ Փաշինյանը «հերոսի կոչում» է հանձնել Սյունիքի մարզի մի ուսուցչի։ Խնդիրը, բնականաբար, այդ մարդու անձը չէ, ոչ էլ անգամ բանականության մեջ չտեղավորվող իրողությունը, թե ինչպես կարող է իշխանության պատճառով ամենավտանգված մարզը դարձած Սյունիքը ներկայացնող մանկավարժն իրեն թույլ տալ ինչ-որ մրցանակ վերցնել նույն իշխանությունից։ Մեծ հաշվով, նա ոչնչով չի տարբերվում մի քանի տասնյակ ուսապարկերից կամ մի քանի հազար ոստիկաններից և չի կարողացել հրաժարվել «իրեն բաժին հասած երջանկությունից»։

Շատ ավելի տգեղ է մի կողմից՝ նման անվանումով միջոցառման անցկացումը Արցախի կորստից ընդամենը երեք ամիս հետո, մյուս կողմից՝ այն, թե ով է որոշում «մեր ժամանակների հերոսին»։

Այդ տգեղ իրականությունը, սակայն, բացահայտում է այս միջոցառման հիմքում ընկած իրական դրդապատճառները, որոնք ուղղակիորեն բխում են Նիկոլ Փաշինյանի անձնական բարդույթներից։

Նախ, երկրում ու հասարակությունում, որը թույլ է տվել հազարամյակներ շարունակ հայկական համարվող իր մի հատվածի հայաթափումն ու կորուստը և շարունակում է հանդուրժել դրան նպաստած իշխանությանը, չի կարող որևէ հերոս լինել ըստ սահմանման։ Ներկայիս Հայաստանն անհերոս երկիր է՝ իր մանր, միջին, մեծ ու գլխավոր հակահերոսներով։ Ընդ որում, այս իրականությունը հնարավոր է դարձել՝ ի թիվս բազմաթիվ գործոնների, նաև այն պատճառով, որ այսօր հերոսի կոչում շնորհողը՝ իշխանության գալուց հետո, հետևողականորեն վարկաբեկել ու ոչնչացրել է բոլոր իրական հերոսներին՝ Հայաստանի անկախությունը կերտած բոլոր պետական գործիչներին, արցախյան պատերազմում հաղթանակ ապահոված զորահրամանատարներին, այդ նույն հաղթանակն ամրագրած նախագահներին, առանց բացառության բոլորին։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի պայքարն իրական հերոսների դեմ ուներ և ունի մի չհայտարարվող նպատակ՝ վերացնել բոլոր հերոսներին՝ այնքան ու այնպես, որ ինքը դառնա Հայաստանի միակ հերոսը։ Ընդ որում, Փաշինյանը դա արել  և անում է այնպիսի մոլեռանդությամբ, որ իրականում նրա համար կարևոր չէ՝ ինքը կդառնա միակ հերո՞սը, թե՞ հակահերոսը, որը դառնալ նրան հաջողվել է, մոտավորապես այնպես, ինչպես անմահանալու համար Արտեմիսի տաճարն այրած Հերոստրատին։

Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն արել է Արցախի հետ, իր նշանակությամբ ու ողբերգականությամբ չի զիջում տաճարի հրկիզմանը։

Մեր ժամանակերի Հայաստանում կա միայն Հերոստրատ, որն իրեն վեր է համարում բոլոր հերոսներից, որովհետև ինքը ոչ թե հերոս է, այլ հերոսի կոչում շնորհող։ Հայ հասարակությունն այս պայմաններում իրականում մի անելիք ունի՝ հերոսի կոչման կլոունադան քննարկելու փոխարեն՝ «մոռանալ Հերոստրատին»՝ ոչ միայն ու ոչ այնքան՝ գեղարվեստական, այլ առաջին հերթին՝ քաղաքական իմաստով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս