ՀՀ-ում գտնվող Հայաստանի քաղաքացուն քաղաքացիությունից զրկելը հանցագործություն է. Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի գնահատմամբ, Հայաստանում այսօր տեղի է ունենում մարդկանց իրենց քաղաքական իրավունքներից, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի լինելու իրավունքից զանգվածաբար զրկելու գործողություն:
«ՀՀ քաղաքացուց՝ փախստական. արցախցիների իրավունքների զանգվածային ոտնահարում» խորագիրը կրող պանելային քննարկման ժամանակ նա տեղի ունեցող գործընթացը որակեց՝ որպես Սահմանադրության ոտնահարում ու հանցագործություն:
«Չկա որևէ իրավական մեխանիզմ, որով ՀՀ տարածքում գտնվող Հայաստանի քաղաքացուն կարող են զրկել ՀՀ քաղաքացիությունից: Ի դեպ, չեն հայտարարում, որ զրկում են ՀՀ քաղաքացիությունից, ասում են՝ պետք է ստանաք ՀՀ քաղաքացիություն կամ այդ փախստականի թուղթը, որը շատ անհասկանալի ինչ-որ բան է»,- ասաց Վրթանեսյանը՝ տեղի ունեցողը համեմատելով դեռևս բոլշևիկյան ժամանակահատվածում՝ ստալինյան բռնաճնշումների մեկնարկային ժամանակահատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
«Ես չգիտեմ՝ Արցախում այդպիսի օրենք կա՞, որ մարդը թղթի վրա գրի, որ հրաժարվում է, ու հրաժարվի: Կարծեմ, դա այդպես չի արվում: Հայաստանի Հանրապետությունում էլ դա այդպես չէ: Սա շատ անհասկանալի թուղթ է, որն այդ մարդկանց ստիպում են ստորագրել, որ իրենք քաղաքացիություն չունեն: Այսինքն, այսպիսով՝ նաև Արցախի պետականությանը հասցվող լրացուցիչ հարված է սա»,- ասաց Կարեն Վրթանեսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նազելի Ստեփանյան