ՆԳՆ-ի պարզաբանումը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի. ՆԳՆ-«Սիլ ինշուրանս» ԱՓԲԸ-ի գործարքի «հակառակ կողմը»
Օրերս 168.am–ը, օգտվելով բացառապես բաց պաշտոնական աղբյուր պետգնումների armeps համակարգից, արձանագրել էր՝ դեկտեմբերի 13-ին Ներքին գործերի նախարարությունը հերթական ոչ մրցակցային՝ հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով 13 միլիոն 886.775 դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Սիլ ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության հետ: Նշել էինք՝ պայմանագրով «Սիլ»-ն իրականացնելու է «ԿԱՍԿՈ» և «ԱՊՊԱ» ապահովագրական ծառայություններ:
Հիշեցրել էինք նաև, որ այս ընկերությունը պատկանում է ԱԺ իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին, և, որ այն Նիկոլ Փաշինյանի կառավարության ֆավորիտ մատակարարներից է՝ նկատի ունենալով ընկերության հետ կնքված պայմանագրերի առատությունը:
Հրապարակումից հետո ՆԳՆ ոստիկանությունը հարկ է համարել պարզաբանում տարածել՝ մասնավորապես նշելով, որ ՆԳՆ կարիքների համար 2023 թ. նոյեմբերի 13-ին գնանշման հարցման միջոցով 21 միավոր «Միցուբիշի L200» մակնիշի տրանսպոտային միջոցների ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ծառայությունների ձեռքբերման գնման ընթացակարգ է հայտարարվել, ընթացակարգին հայտ է ներկայացրել միայն «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն. «Նրա կողմից ներկայացված գնային առաջարկը գերազանցել է նախահաշվային գինը, ինչի հետևանքով ընթացակարգը համարվել է չկայացած։
Ջրային պարեկային ծառայության մեկնարկի հանգամանքով պայմանավորված, հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետը, այն է՝ արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է՝ պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել:
2023 թ. նոյեմբերի 28-ին կրկին ընթացակարգ է հայտարարվել հրատապ մեկ անձ գնման ձևով մրցութային ընթացակարգով (խոսքը վերաբերում է բաց մրցութային ընթացակարգին), որի հայտերի բացման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թ. դեկտեմբերի 1-ը։ Ընթացակարգին հայտ է ներկայացրել դարձյալ միայն «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն, որի հետ էլ 2023 թ. դեկտեմբերի 13-ին կնքվել է պայմանագիր»:
Այս ամենից հետո գերատեսչությունը հավելել էր, թե ՀՀ ներքին գործերի նախարարությունն իր կարիքների համար ապահովագրական ծառայությունների ձեռքբերման ընթացակարգերը հայտարարում է բացառապես մրցութային ընթացակարգով, ապա հորդորել լրատվամիջոցներին ներկայացնել ճշգրտված և ամբողջական տեղեկատվություն:
Պարզաբանումը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի, քանի որ նախ՝ հասկանալի չէ, թե ինչո՞ւ է ՆԳՆ-ն պետգնումների էլեկտրոնային համակարգում տեղ գտած տեղեկության փոխանցումն ընթերցողին համարում չճգրտված տեղեկատվություն:
Ապա նաև՝ ինչո՞ւ են ՆԳՆ-ից վստահեցնում, թե ապահովագրական ծառայությունների ձեռքբերման ընթացակարգերը հայտարարվում են բացառապես մրցութային ընթացակարգերով, երբ ընդամենն ամիսներ առաջ էին մամուլում հայտնվել հրապարակումներ դարձյալ նույն ընկերության հետ կնքված դարձյալ մեկ անձ ընթացակարգով մեկ այլ պայմանագրի վերաբերյալ, որին կառավարության նիստում անդրադարձել էին հենց Նիկոլ Փաշինյանն ու ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ լրացուցիչ հիմնավորումներով:
Ի դեպ, այդ հիմնավորումները շատերի համար դեռևս հիմնավորման կարիք ունեն:
«Մեկ անձից գնումների մասնաբաժինն ամբողջ պետական գնումներում մոտ 50 տոկոսն է կազմում: Սա վատ է, որովհետև պետական ամբողջ համակարգում գնումները չեն կատարվում գնումների մասին օրենքով սահմանված կարգով»,- 168.am-ի հետ զրույցում պետգնումներում առկա վիճակին անդրադարձավ Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը՝ հիշեցնելով Հաշվեքննիչ պալատի վերջին՝ նախորդ տարեվերջի զեկույցը:
Աուդիտորների պալատի նախագահը ևս մեկ անգամ անդրադարձավ ՄԱ ընթացակարգով գնումների՝ օրենքով թույլատրելի դեպքերին:
«Օրենքի 23 հոդվածում մի քանի կետեր են նշվում:
Օրինակ, եթե գնման ենթակա ապրանքը կամ ծառայությունն իր սպեցիֆիկ բնույթով պայմանավորված՝ միայն մեկ անձից է հնարավոր ձեռք բերել: Հաջորդը՝ արտակարգ կամ չնախատեսված իրավիճակներով պայմանավորված՝ անհետաձգելի գնման պահանջն է:
«Անհետաձգելի», կամ «չնախատեսվածը»՝ Աստված մի արասցե, տարերային աղետներն են, պատերազմները, համաճարակները, որոնք օբյեկտիվորն հնարավոր չէր կանխատեսել:
Մեկ այլ օրինակ է, երբ գլխավոր պայմանագիրը կնքված է եղել, բայց տեղի է ունեցել ինչ-որ հանգամանք. պայմանականորեն շինարարության ոլորտում քանդման աշխատանքներով պայմանավորված՝ ի հայտ են եկել նոր ծախսեր, իսկ ընդհանուր աշխատանքների համար արդեն իսկ եղել է հաղթող կազմակերպություն, և անիմաստ է այդ փոքր ծառայության կամ ապրանքի համար այլ կազմակերպությունների շրջանակում մրցույթ հայտարարել:
Մնացյալ բոլոր դեպքերում մեկ անձից գնումներ կատարելն անթույլատրելի է և պարունակում է կոռուպցիոն ռիսկեր»,- մանրամասնեց մասնագետը:
Անդրադառնալով 168.am-ի հրապարակումից հետո հանրայնացված ՆԳՆ պարզաբանմանը և պատասխանելով հարցադրմանը, թե որքանով է օբյեկտիվ ՆԳՆ կողմից «անհետաձգելիության» պահանջով պայմանավորված՝ մեկ անձ ընթացակարգով գնման ձևին հանգելու որոշումը, և նաև՝ մեկ ընկերության առաջադրումը մրցույթին, Նաիրի Սարգսյանը նկատեց, որ ապահովագրական ծառայությունների ձեռքբերումը չի կարող լինել օբյեկտիվ պայմաններով պայմանավորված՝ անհետաձգելի, անկանխատեսելի:
«Տարեսկզբին բյուջեն հաստատվում է, և բոլոր գերատեսչություններն իրենց գնման կարիքները ներառում են այդ բյուջետային ծախսերի մեջ: Հետևաբար, նույն ոստիկանությունը, կամ այլ գերատեսչություն, արդեն տեղյակ պետք է լինեին, որ պետք է X քանակի տրանսպորտային միջոց ձեռք բերել ու այդ տրանսպորտային միջոցները շահագործելու համար անհրաժեշտ է նաև ապահովագրական ծառայություն ձեռք բերել:
Իրենք անհետաձգելի տերմինից են կախվել, բայց սա իրականում լուրջ քննարկման առարկա է, որովհետև այն անհետաձգելի չէր կարող համարվել. նախապես պետք է իմանային, որ այդ ծառայությունն անհրաժեշտ է լինելու,- արձանագրեց մասնագետը, ապա անդրադառնալով միայն մեկ ընկերության կողմից մրցույթի մասնակցության հայտ ներկայացնելու հանգամանքին՝ հավելեց,- Պետգնումների համակարգում դեպքեր են եղել, երբ գնման առարկայի բնութագիրը ներկայացրել են, մրցույթը հայտարարել են, անհրաժեշտ երեք ընկերությունների հայտը չի լրացել, բայց իրենք են զանգել դաշտում գործող կազմակերպություններին՝ առաջարկել, որ՝ նման պետական մրցույթ կա, ինչո՞ւ չեք մասնակցում: Օբյեկտիվ և սուբկետիվ պատճառներով շատ ընկերություններ տեղյակ չեն եղել, բայց տեղեկացվելուց հետո մասնակցել են»:
Նաիրի Սարգսյանն անտրամաբանական է համարում ոլորտի կազմակերպությունների կողմից պետական մրցույթներին չմասնակցելը. «Ի՞նչ է նշանակում՝ ծառայություն մատուցող ընկերությունն ունի աշխատելու դաշտ, բայց մրցույթին չի մասնակցում»:
Հիշեցնենք, որ ՆԳՆ ոստիկանությունը դեռ 2022 թվականի հոկտեմբերի 19-ին տեղեկացրել էր. «Հաջորդ տարի Սևանա լճում կգործի ջրային պարեկային ծառայություն։ Նորաստեղծ ստորաբաժանումը կգործի պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ենթակայությամբ, և Սևանա լճում ջրային ժամանակակից տեխնիկայով ու հանդերձանքով պարեկություն կիրականացնեն համապատասխան որակավորմամբ պարեկները։ Այդ ուղղությամբ ՀՀ ոստիկանությունն ու արդարադատության նախարարությունն արդեն սկսել են համապատասխան աշխատանքներ իրականացնել»: