«Եթե ուզենային Արցախը պահել, կպահեին՝ դժվար չէր պահելը». Արմեն Հարությունյան

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, չնայած բոլոր դժվարություններին, գործունեությունը շարունակում է Երևանում։ Չկա հիմնական շենք, փորձերի համար հիմնական վայր, սակայն սա չի խանգարել թատրոնին՝ Երևանում հանդես գալ «Անմահների դիրքը» առաջնախաղով։ Թատրոնի անձնակազմը հաստատակամ է՝ պահել ու պահպանել 92-ամյա թատրոնի գործունեությունը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ստեփանակերտի թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանը և թատրոնի գլխավոր ռեժիսոր Վահան Խաչատրյանը ներկայացրեցին Հայաստան բռնի տեղահանված իրենց խմբի ընդհանուր իրավիճակը, ընդգծելով, որ ընկերների շնորհիվ կարողացել են փորձեր անել և հանդիսատեսի դատին հանձնել «Անմահների դիրքը» ներկայացումը, նախ՝ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրնում, ապա՝ Հայաստանի Գրողների միության շենքում տեղակայված «Բոհեմ» թատրոնում։ Այս պահին էլ բանակցում են Երևանի Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի հետ, որպեսզի հաջորդ բեմադրության համար դահլիճ տրամադրեն։

«Կփորձենք վերականգնել մեր խաղացանկի արդեն եղած ներկայացումները։ Իսկ մոտ ապագայում նոր բեմադրություններ ենք սկսելու։ Ֆինանսավորման խնդիրն է դժվար, քանի որ այս պահին որևէ տեղից ֆինասավորում չկա, այդ թվում՝ պետական: Ինձ չի թվում, որ լինելու է։ Մեզ ուղղակի կամ անուղղակի դրա մասին արդեն տեղեկացրել են։ Բայց թատրոնն աշխատում է, մենք շրջափակումից հետո հյուրախաղերով մեկնեցինք ԱՄՆ, յոթ ներկայացում խաղացինք այնտեղ։ Այդ ընթացքում մեզ օգնել են մեր ընկերները։ Հետագայում մեր գործունեությունն ուղղված է լինելու մեկ նպատակի հետապնդմանը՝ Արցախի դրամատիկական թատրոնը պահելու»,- նշեց Արմեն Հարությունյանը։

Կարդացեք նաև

Թեպետ այս պահին դժվար են պատկերացնում, թե առանց պետական աջակցության ինչպես են պահելու թատրոնը, բայց կարծում են՝ հովանավորների միջոցով կկարողանան պահել։

Փափազյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսորի կարծիքով՝ կա բանաձև, որով այսօր պետք է առաջնորդվեն՝ ցավը դարձնեն զենք և վերցնեն իրենց ձեռքը։

«Ինձ համար դա մեծ նվաճում էր, երբ ցավի միջով մարդիկ կարողացան բեմ բարձրանալ։

Հիմա, երբ խոսում ենք պետական աջակցության բացակայությունից, ես ինչ հիշում եմ՝ 2020 թվականից սկսած մենք զրո դրամ աջակցություն ենք ստացել։ Մենք, բացի կենացասածությունից՝ սկսած պետական օղակներից, վերջացրած հարուստ անհատներով, առաջ չենք գնում։ Մենք այս ամենով հանդերձ՝ աշխատել ենք: 2020 թվականի պատերազմից հետո մենք 9 պրեմիերա ենք ունեցել։ Ունենալով զրո դրամ աջակցություն, մենք այդ ամենն արել ենք։ Շատերը մեր փոխարեն կարող էին հիասթափվել, արտասովոր է արդեն դարձել, երբ մարդիկ փորձում են ինչ-որ բանով աջակցել։ Դե, մշակույթին էլ այսպես են վերաբերվում, իրենց համար վարունգի վաճառքն ավելի կարևոր է, քան մեր գլխավոր ասելիքը, որ մշակույթի միջոցով փորձում ենք ասել։ Մշակույթը ինտելեկտուալ կրթություն է կոչվում, երբ դա պետականորեն չի խրախուսվում՝ ինձ համար տարօրինակ է»,- շեշտեց Վահան Խաչատրյանը։

Թատրոնի տնօրենի համար անհայտ է, թե ով է այսօր որոշում Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի ճակատագիրը, թատրոն, որի պահանջարկը կա, սակայն հնարավորություններ չկան։ Որպես թատրոն՝ այն արդեն փակել են, քանի որ, երբ թատրոնը հյուրախաղերով մեկնել էր Միացյալ Նահանգներ, զանգահարել ու ասել են, որ հոկտեմբերի 1-ից թատրոնն այլևս չի գործում։

«Մենք առաջնագծային թատրոն ենք, առաջնագծային մտածելակերպով, դա ո՛չ շենքն է, ո՛չ դերասանները, դա մտածելակերպն է, որը կա։ Կրկնվեմ՝ ուղղակի պետք է ունենալ բարոյականություն՝ պահպանել Փափազյանի անվան թատրոնը։

Ոչ մեկն այս աշխարհում չի կարող ինձ հետ փաստաթղթերով խոսել ու արգելել, որ Մասիս սարն իմ սրտի մեջ սրբազան լեռ է։ Ոչ մեկն ինձ չի կարող արգելել պահել հույս ու նպատակ՝ վերադառնալ հին հայրենիք ու այն դարձնել ամբողջական։

Սա մեր փորձությունն է, որը, կարծում եմ՝ ազգովի պետք է անցնենք, բայց չգիտեմ՝ կանցնե՞նք, թե՞ ոչ: Յուրաքանչյուրն իր փոքր լուման պետք է բերի, որպեսզի կարողանանք անցնել»,- շեշտեց Վահան Խաչատրյանը։

Արցախի ամբողջական օկուպացիայի առնչությամբ էլ Արմեն Հարությունյանը վստահ ասաց, եթե ցանկություն լիներ՝ կպահեին։

«Եթե ուզենային պահել՝ կպահեին, շատ հեշտ, իրականում դժվար չէր պահել։ Պետք է ցանկություն լիներ այն մարդկանց մոտ, ովքեր ի պաշտոնե նման պարտավորություն ունեին։ Մենք դիրք էինք պահում, բա թիկո՞ւնքը, մեր թիկունքը Հայաստանն էր»,- շեշտեց Ստեփանակերտի թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս