«Նույնիսկ 7-րդ զգայարանով էլ չէինք զգում, որ կարող ենք Արցախը թողնել, դա երևի մեկ օրվա, ժամերի մեջ եղավ». Լեսմոնյա Օհանջանյան
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ, և նրա թիրախում հայտնվեցին խաղաղ բնակիչները, որոնք ցեղասպանության ու էթնիկ զտման վտանգի ներքո բռնի տեղահանվեցին իրենց բնօրրանից։
68-ամյա Լեսմոնյա Օհանջանյանի համար գաղթի ճանապարհը՝ Ստեփանակերտից Գորիս, տևել է մոտ 40 ժամ. Նա դա համարում է դժոխքի ճանապարհն անցնելու 40 ժամեր։ Մեքենաների շարասյունը՝ հղի կանանցով, ծերերով ու երեխաներով, մինչ օրս նրա աչքի առաջ է։
Տիկին Լեսմոնյան Ստեփանակերտի շուկայում տարիներ ի վեր ժենգյալով հաց է պատրաստել ու վաճառել։ Ասում է՝ կյանքի 68 տարիներից 32-ը ժենգյալով հաց պատրաստելիս է անցել։
Արցախից բռնի տեղահանվելուց հետո Լեսմոնյա Օհանջանյանը նախ բնակարան է վարձակալել Երևանում, սկզբում ժենգյալով հաց տանն է պատրաստել ու վաճառել, քանի որ ընտանիքին պետք էր կերակրել, բնակարանի վարձը տալ, այնուհետև Արաբկիր վարչական շրջանում փոքր տարածք է վարձակալել ու այսօր արդեն այնտեղ է պատրաստում ժենգյալով հաց։ Նա փառք է տալիս Աստծուն, որ իր պատրաստած փախլավան, ժենգյալով հացը վաճառվում է, ավելին՝ պատվերներ էլ է ընդունում։
«Իմ պատրաստած ժենյալով հաց տանողներն ասում են՝ Ղարաբաղի հոտ է գալիս, այսինքն՝ նման է Ղարաբաղում պատրաստած ժենգյալով հացին։ Ամեն մարդ իր մեթոդն ունի, իր ձեռքի գործը, ամեն մարդու ձեռքի սարքածը տարբեր է լինում։ Մարդիկ հավանում են»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Լեսմոնյան։
Նրա խոսքով՝ Արցախում ժենգյալ պատրաստելիս օգտագործում էին նաև «պառավի պորտ» կոչվող կանաչու տեսակը, որն այժմ չկա։ Չկա նաև եղինջ, որևէ տեղից չեն կարողանում գտնել։
««Պառավի պորտը» հիմա Ղարաբաղում արդեն դուրս եկած կլինի։ Մի քանի կանաչիներ կան, որ այստեղ չենք կարողանում ճարել։ Սրանով էլ ենք շնորհակալ, որ կարողանում ենք սարքել, ու մարդիկ գոհ են, ամենից կարևորը սա է։ Նախկինում Ստեփանակերտից Երևան ժենգյալ էի ուղարկում մարդատար գազելներով, շատ հաճախորդներ ունեի այստեղից։ Իմ այս հաճախորդները հիմա այստեղից են գնում։ Նրանք մեր բռնի տեղահանվելուց հետո եկան, ինձ տեսան, դե, ցավակցեցին, որ այսպես եղավ…
Ոչ ոք իր հոժար կամքով չի թողել Արցախը, այնպիսի պայմաններ ստեղծեցին, որ պետք է դուրս գայինք, որ կարողանայինք մեր ընտանիքը, կյանքը պահպանել։ Թուրքի հետ ապրել հնարավոր չէ, մարդիկ ասում են՝ բա ժամանակին թուրքի հետ չէի՞ք ապրում, ապրում էինք, բայց այսօրվա թուրքն այն ժամանակվա թուրքի նման չէ, որ կարողանանք հետն ապրել»,- նշեց Լեսմոնյա Օհանջանյան։
Ժենգյալ պատրաստելու ընթացքում տիկին Լեսմոնյան մտքերով գնում է Արցախ՝ իր բնօրրանը, իսկ իրականություն վերադառնալուց հետո մտածում է՝ ժենգյալով հացը լավ պատրաստի, որ հաճախորդները շատանան, որպեսզի կարողանա իր աշխատանքով ընտանիքը պահել։
«Եթե մեր անվտանգությունն ապահովեն, բայց ոչ այնպես, ինչպես 2020 թվականից հետո, կվերադառնանք Արցախ։ Նորմալ անվտանգություն ապահովեն՝ վազելով կգնանք։ Եթե ինքնավարություն տան մեզ, մենք կարողանանք մերն ունենալ, մեր ղեկավարությունը, մշակույթն ունենանք, կգնանք, ոչ մեկ էլ չի ուզում դրսում մնալ։ Ամեն մարդ էլ ուզում է վերադառնալ իր բնօրրան։
Շատերն են մտածում վերադարձի մասին, որովհետև այստեղ ապրելը դժվար է, եթե տուն, աշխատանք չունենք, դժվար է։ Արցախն ուրիշ էր, աշխարհում չեմ պտտվել, բայց ինձ թվում է՝ մի այլ տեղ երկրորդ Արցախ չեմ գտնի։
Նույնիսկ յոթերորդ զգայարանով էլ չէինք զգում, որ կարող ենք Արցախը թողնել, դա երևի մեկ օրվա, ժամերի մեջ եղավ»,- ընդգծեց Լեսմոնյա Օհանջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում