Անվտանգության խորհրդի կայքում ՊՆ Սուրեն Պապիկյանը դեռ ամուսնացած չէ, իսկ ԳՇ պետի զինվորական կոչումը հայտնի չէ. կարևոր մանրուքների մասին

ՀՀ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, մասնավորապես, իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում և վերանայում, հաստատում է ԶՈւ զարգացման, ծավալման, կիրառման և զորահավաքային պլանները, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների և դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը և այլն: Այսինքն, սա կարևոր կառույց է պետական և պաշտպանական կառավարման համակարգում, իսկ կառավարման համակարգում շատ կարևոր է կարգապահությունն ու կանոնակարգումը, ինչի բացակայությունը հանգեցրեց նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմում պարտության:

Ուսումնասիրելով Արմեն Գրիգորյանի ղեկավարած ՀՀ Անվտանգության խորհրդի կայքը և կազմը, հայտնաբերեցինք աստիճանակարգային խախտումներ և բացթողումներ:

Մասնավորապես, ԱԽ անդամների լուսանկարների շարքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ներկայացված է ԱԱԾ տնօրենից, Արտաքին հետախուզության ծառայության ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետից հետո, այն դեպքում, երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, որքան էլ այսօր համարվի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, այն ՀՀ սահմանադրությամբ նախատեսված պաշտոն է:

Կարդացեք նաև

Սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն՝ Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը Գլխավոր շտաբի պետն է: Իսկ ԱԽ կայքում նույնիսկ նշված չէ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի զինվորական կոչումը՝ գեներալ-լեյտենանտ:

Ավելին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կենսագրականում նշված է` ամուսնացած չէ, մինչդեռ նա ամուսնացած է և ունի մեկ դուստր: Նշված է նաև, որ նախարարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, մինչդեռ, ըստ ՊՆ կայքի, նա վարչության անդամ է:

Թվում է՝ մանրուք է, բայց մեծ խախտումները և պարտությունները սկսում են մանրուքներից:

ԱԽ դեպքում, իհարկե, զարմանալի չէ, երբ հիշում ենք ՀՀ անվտանգության խորհրդի արձագանքը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ հունիսի 28-ի հայտարարության՝ 2020-ի օգոստոսին ԱԽ նիստում արած առաջարկներին վերաբերող հատվածին:

«Օնիկ Գասպարյանն իր հունիսի 28-ի հայտարարության մեջ խեղաթյուրել է 2020 թվականի օգոստոսի 14-ի ԱԽ նիստի ընթացքում իր հնչեցրած զեկույցը: Այդ օրվա նիստում Գասպարյանը մասնավորապես ասել է, որ Արևելյան և Հյուսիս-Արևելյան օպերացիոն ուղղություններում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները` չընդգծելով Թուրքիայի գործոնը: Իսկ Նախիջևանյան և Թուրքիայի օպերացիոն ուղղություններով ուժերի հարաբերակցության մասին տեղեկատվություն է տրամադրել և նշել խնդիրները: Նա նաև նշել է, որ խնդիրների լուծման մեծ մասը տեսնում է աշխարհազորի ստեղծման ու կայացման շրջանակներում: Այդ օրվա նիստի ընթացքում Օնիկ Գասպարյանի առաջարկած խնդիրների լուծման բոլոր առաջարկներին ԱԽ-ն հավանություն է տվել:

Հետագայում, 44-օրյա պատերազմի ընթացքում Նախիջևանյան ու Թուրքիայի օպերացիոն ուղղություններում ՀՀ-ն Օնիկ Գասպարյանի նշած ռազմական խնդիրներ չի ունեցել: Չնայած սրան, պարոն Գասպարյանի ղեկավարության ներքո ԶՈւ-ն չի կարողացել ապահովել ԱԽ նիստում ստանձնած «առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հակառակորդի հարձակումը հետ մղելու, ձախողելու և նրա խմբավորումները ջախջախելու» ԱԽ առաջ ստանձնած պարտավորությունը և խոստումը»,- «Արմենպրես»-ին ասել էր ԱԽ մամուլի քարտուղարը:

168.amգրել էր, որ 2021 թվականի ապրիլի 15-ին Անվտանգության խորհուրդն Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթեր էր հրապարակել, որտեղ նշում էր, որ «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հակառակորդին հետ մղելու մասին այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը խոսել է ԱԽ-ի՝ 21.08.2020 թ. նիստին: Այսինքն, ԱԽ խոսնակի պատասխանը ոչ միայն «կոկիկ» չէր, այլև կային ոչ ճշգրիտ պահեր, դեռ չենք խոսում թույլ բովանդակության մասին:

Վերը շարադրվածը խոսում է նաև Զինված ուժերի հանդեպ փաշինյանական իշխանության վերաբերմունքի մասին:

Տեսանյութեր

Լրահոս